ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ.անհրաժեշտությո՞ւն, թե՞ նպատակային քողարկված մեխանիզմ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի առավել խնդրահարույց հարցերից է Ազգային Ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որը նախատեսվում է այն դեպքերի համար, երբ որևէ քաղաքական միավոր չի ստացել մեծամասնություն կամ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիոն կառավարումը տարբեր պատճառներով անհնարին է դառնում: Այս մեխանիզմի դեմ արտահայտվողների հիմնական փաստարկն այն է, որ կայուն մեծամասնության ձևավորման նպատակով երկրոդ փուլի անցկացումը, ըստ էության, կարող է հանգեցնել միակուսակցական կառավարման` դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով: Ինչ խոսք, նման հնարավորությունը տեսականորեն չպետք է բացառել, սակայն գործնականում քաղաքական կոալիցիաներ ձևավորելու առումով էական խնդիրներ մեր երկրում չեն առաջացել, քաղաքական կոնսենսուսն այս առումով գրեթե միշտ կայացել է, և երկրորդ փուլի հավանականությունը, սկզբունքորեն, շատ փոքր է: Իսկ նախագծում նման դրույթի ամրագրումն ավելի շատ պերմանենտ քաղաքական ճգնաժամերից երկիրն ապահովագրելու նպատակ ունի: Այսուամենայնիվ, քաղաքական ուժերի (հիմնականում նախագծին դեմ արտահայտվող քաղաքական միավորներ) շրջանում հիմնականում տվյալ մեխանիզմի ամրագրումն է դարձել առավել շատ "թմբկահարվող" խնդիրներից մեկը:

Իսկ ի՞նչ են այս առնչությամբ մտածում մեր համաքաղաքացիները: ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում անցկացրած զանգվածային հարցման շրջանակներում տնային տնտեսությունների ներկայացուցիչներին տրվել էր նաև "ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի` նախատեսվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ այն դեպքում, եթե կոալիցիա չի կազմվում. որքանով է այս տարբերակը Ձեզ համար ընդունելի" հարցը: "Միանշանակ ընդունելի է" և "ավելի շուտ ընդունելի է" պատասխանները հանրագումարում ստացվել է մոտ 34%: Այս ցուցանիշը մոտ 7%-ով գերազանցում է "միանշանակ անընդունելի է" և "ավելի շուտ անընդունելի է" պատասախանների հանրագումարային արդյունքին (տես. գրաֆիկ): Ինչ խոսք, նման պատկերը դեռևս չի խոսում դոմինանտ հասարակական կարծիքի մասին: Դեռ շատ մեծ հարց է, թե այս կամ այն կերպ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի տարբերակն ընդունելի համարող հարցվողների ո՞ր մասն է քիչ թե շատ ընկալել ու կարևորել այդ մեխանիզմի առկայությունը նախագծում: Բնականաբար, նույնը կարելի է ասել "անընդունելիի" կողմնակիցների պարագայում:

Խնդրո առարկա հարցի շրջանակներում, թերևս առավել ուշագրավ է "ինձ համար միևնույնն է" տարբերակի հետևորդների բավականին պատկառելի թիվը: Փաստորեն, հարցվողների մոտ մեկ/երրորդի համար որևէ նշանակություն չունի, թե առհասարակ ինչպես է ձևավորվելու քաղաքական իշխանությունը: Սա այն դեպքն է, երբ մարդկանց համար ոչ այնքան էական է իշխանությունների ձևավորման կարգը/մեխանիզմ, այլ նրա/նրանց բնույթն, առհասարակ:

Բոլոր դեպքերում, դատելով ներկա քննարկումների տրամաբանությունից ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրը լինելու է հիմնական քարոզչական "մեխերից" մեկը: Եվ կախված նրանից, թե ինչպես այն կփաթեթավորեն այս կամ այն կերպ դիրքավորված քաղաքական ուժերը, հնարավոր կլինի պնդել, թե մեծ հաշվով "երկրորդ փուլը" որքանով կդանա ընտրողների համար առանցքային հիմնախնդիր, առավել ևս նրանց քաղաքական վարքագծի վրա ազդող գործոն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Հոկտեմբեր 20, 2015

Ամենաընթերցված նյութեր