Ծանո՞թ են արդյոք երևանցիները Սահմանադրության փոփոխված տարբերակին

Վերջին շրջանում ներհայաստանյան քաղաքական կյանքի օրակարգում առանձնահատուկ կարևորության թեման դարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցը: Ինչպես և սպասվում էր, վերջինս թեժ քննարկումների առիթ հանդիսացավ: Քննարկումներ, որոնցում կարելի է արձանագրել որոշակի շեղում ռացիոնալությունից և տուրք զգացմունքայնությանը, պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարություններ կատարելու հակվածությանը:
Բանն այն է, որ ներհայաստանյան "քաղաքական դիսկուրսում" Սահմանադրության փոփոխությունների դեմ արտահայտվողներն իրենց փաստարկները հիմնականում կառուցում են "այս իշխանություններից ոչ մի լավ նախաձեռնություն սպասելի չէ" տրամաբանությամբ և հիմնավոր ու համոզիչ կերպով ցույց չեն տալիս Սահմանադրության փոփոխված տարբերակի անընդունելի լինելը, իսկ իշխանություններն էլ, իրենց հերթին, հիմնավոր ու համոզիչ կերպով ցույց չեն տալիս Սահմանդրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հրատապությունը կամ անայլընտրանք լինելը:

Արդյունքում ստացվում է այնպես, որ շարքային քաղաքացին կամ ընտրողն այդ հանրաքվեին մասնակցելու դեպքում հիմնականում դատապարտված է լինելու կատարելու ոչ գիտակցված ընտրություն կամ սեփական ուժերով վերհանելու "նոր սահմանադրության" դրական կամ բացասական կողմերը: Իսկ դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ Սահմանդրության փոփոխությունների տարբերակին:

Վերոգրյալի համատեքստում ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե ծանո՞թ եք արդյոք երևանցիները սահմանադրական հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության փոփոխված տարբերակին: Հարցման արդյունքները փաստում են (տես գրաֆիկ), որ քաղաքական տեսանկյունից քիչ թե շատ ակտիվ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները հիմնականում ծանոթ չեն այդ փոփոխությունների տարբերակին:

Ինչպես երևում է գրաֆիկից, հարցվածների սոսկ 2.7%-ն է լիովին ծանոթ եղել Սահմանադրության փոփոխությունների տարբերակին, մինչդեռ 31.5%-ը փաստել էր դրան մասամբ ծանոթ լինելը, իսկ 65.8%-ը նշել էր, որ ընդհանրապես ծանոթ չէ այդ տարբերակին: Մինչև դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն դեռ բավական ժամանակ կա և շատերը կարող են լրացնել այս հարցում առկա տեղեկատվական "վակուումը": Հանգամանք, որը պետք է շատ լավ գիտակցեն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ այդ փոփոխությունների կողմնակիցները, քանզի իրենք կարող են հանդես գալ որպես այդ վակուումը որոշակիորեն լրացնելու գործի առաջամարտիկներ:

Ավելին, Սահմանադրության փոփոխված տարբերակին անծանոթների մեջ (իսկ դրանք, համաձայն հարցումների, երևանցիների մեծ մասն էին կազմում) կլինեն այնպիսիք, ովքեր հանրաքվեին մասնակցելու դեպքում պատրաստ են կատարելու գիտակից ընտրություն: Իսկ դա նշանակում է, որ պատասխանատու քաղաքական ուժերը Սահմանադրության փոփոխված տարբերակի առնչությամբ իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեն ոչ թե պաթետիկ հայտարարություններով, իշխանահաճո կամ էլ ժողովրդահաճո ձևակերպումներով, այլ փաստարկված խոսքով կամ փաստարկների ուժով: Թերևս այդ կերպ նրանք կկարողանան որոշակի ներդրում ունենալ գիտակից ընտրող և գիտակցված ընտրությունների մշակույթ ձևավորելու գործում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:30 Հոկտեմբեր 20, 2015

Ամենաընթերցված նյութեր