Ոչ մի կասկած՝ ՀՀ-ն ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորն է

Ինչ-ինչ պատճառներով, 1994 թ․-ից սկսած, Արցախյան ազատագրական պայքարի "Միացում"՝ ԼՂՀ-ի վերամիավորումը Հայաստանի հետ, կարգախոսը փոխարինվեց ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականությամբ։ Արտաքին աշխարհին այսօր մենք պաշտոնապես փորձում ենք ԼՂՀ-ն ներկայացնել՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Դա, իհարկե, ներպետական իրավական որոշ վիճահարույց խնդիրներ ու անգամ մտավախություններ է առաջ բերել, որոնց մասին մենք մի առիթով արդեն խոսել ենք։ Վերջերս էլ այդ թեման կրկին շրջանառվեց՝ կապված ՀՀ նախագահ Ս․ Սարգսյանի մի հայտարարության հետ, թե "Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է"։

Բայց այդ իրավական խնդիրն ինչպե՞ս է ազդում մեր համաքաղաքացիների դիրքորոշման վրա վճռորոշ մի հարցում՝ եթե Ադրբեջանը հարձակվի ԼՂՀ վրա, ապա պե՞տք է արդյոք ՀՀ-ն համապատասխան օգնություն տրամադրի։

Պաշտոնական դիրքորոշումն այս հարցում հստակ է ու միանշանակ․ թե՛ ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններում, թե՛ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ու Ռազմական դոկտրինում հստակ նշվում է, որ ՀՀ-ն ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորն է և Ադրբեջանի կողմից ոտնձգության դեպքում ՀՀ-ն անհապաղ կիրականացնի համապատասխան գործողություններ։

ԲԱՐՈՄԵՏՐԸ պարզեց նաև մեր համաքաղաքացիների դիրքորոշումն այս հարցում։

Արդյունքները մեզ բոլորովին չեն զարմացրել․ երևանցիների մոտ 99%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է օգնություն տրամադրի ԼՂՀ-ին, եթե Ադրբեջանը հարձակվի նրա վրա։ Բնականաբար, այս համոզմունքը տարածված է տարիքային բոլոր խմբերում, իսկ առավելապես՝ 18-29 և 60-ից բարձր տարեկանների մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ թեև այդ օգնությանը միանշանակ կողմնակիցների մեջ սեռային երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ճնշող մեծամասնություն են կազմում, սակայն այդ համոզմունքը տղամարդկանց շրջանում առավել տարածված է, քան կանանց։

Եվ քանի որ այսպիսի գրեթե միանշանակ տվյալները վերլուծելու կարիք այլևս չկա, որոշեցինք գեթ պարզել, թե ովքե՞ր են որոշ վերապահումներով (6.4%) մոտենում այս հարցին։ Պարզվում է՝ նրանց մեծամասնությունը կանայք են, իսկ ըստ տարիքային կազմի՝ առավելապես 30-44 տարեկանների խմբի ներկայացուցիչներ։

Ամեն դեպքում, սա, փաստորեն, այն բացառիկ հարցերից է, որտեղ հանրային և պետական դիրքորոշումները միմյանցից չեն տարբերվում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:42 Հոկտեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր