Երվանդ Զախարյան, թե՞ Ռոբերտ Նազարյան."Բաղրամյանի հակահերոսնե՞ր", թե՞…

Թեպետ "էլեկտրիկ Երևան" համաերիտասարդական, համաուսանողական, ինչու չէ նաև համաժողովրդական շարժումը, կարծես, ավարտում է իր առաքելությունը, սակայն ակնհայտ է, որ այն նոր որակ և բովանդակություն տվեց քաղաքացիական պայքար կոչվող երևույթին: Այս շարժման ուժեղ կողմերն առաջին հերթին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված պարզ սոցիալական պահանջներ էին և դրանք ներկայացնող` որևէ կուսակցական, քաղաքական  նկրտումներից դուրս երիտասարդները: Նրանք էլ հենց այս շարժման "հերոսներն" էին: Իսկ այնտեղ, որտեղ կային հերոսներ, պետք լինեին նաև` "հակահերոսներ", որոնց դեմ պետք է թիրախավորված պայքարեին առաջինները: ՀԷՑ գլխավոր տնօրեն Բիբինն այդ կարգավիճակում, կարծես, գտած "թեկնածու" էր, որին ուղղվեցին առաջին ծանր հարվածները: Սակայն "հերոսները" հետագայում հասկացան, որ միայն այլազգի Բիբինին "թիրախ" դարձնելն ընդհանուր իրավիճակը տաք պահելու համար բավարար չէ: Պետք էին նոր "հակահերոսներ"(գուցե, "քավության նոխազնե՞ր"), որոնք նույնպես շատ արագ գտնվեցին: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր ՀՀ էներգիտիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որոնց գործառույթների շրջանակում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումը և նոր գնային քաղաքականության հաստատումը: Որպես, պետական պաշտոնյաներ նրանք բնական է, որ իրենց գործն էին անում, իսկ Բաղրամյանում, ցավոք, չխնայեցին նրանց… 

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը սեպտեմբերին անցկացրած սոցիոլոգիական հարցման շրջանակներում անդրադարձավ նաև "էլեկտրիկ Երևանի" "հակահերոսներին": "Երվանդ Զախարյան, թե՞ Ռոբերտ Նազարյան" բաթլը ներկայացնելով երևանցիներին, խումբը փորձեց պարզել, թե նրանցից ո՞վ էր, հանրային ընկալման մեջ, այնուամենայնիվ, "չարիքի փոքրագույնը": Ստացված տվյալներն իրականում այնքան էլ հուսադրող չեն ոչ առաջինի և ոչ էլ երկրորդի համար: Մի փոքր "բարվոք" վիճակում նախարարն է: Այս պատկերն առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Երվանդ Զախարյանը նոր սակագների հաստատման փուլում հրապարակային դաշտում բավականաչափ ակտիվ չէր:

"Ոչ մեկը" պատասխանը ընտրել են հարցվողների մոտ 58%-ը, ինչը պարզ արտացոլում է հանրության ընդհանուր վերաբերմունքը:

Ինչ խոսք, այս հարցման տվյալները ներկայացնելով ԲԱՐՈՄԵՏՐՆ ամենևին խնդիր չուներ ինչ-ինչ հեռու գնացող հետևություններ անել, առավել ևս տվյալ պաշտոնյաներին թիրախ դարձնել: Առավել ևս, նրանք ոչ միայն ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուները, այլ նաև տվյալ չարաբաստիկ նախաձեռնության հեղինակները չէին: Բայց դե հանրությանը, ինչպես ասում են, կոնկրետ "մեղավորներ" են պետք, նրա համար միայն այլազգի Բիբինն այդ կարգավիճակում քիչ էր…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Հոկտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր