Ստուգելով հայ-ռուսական ռազմական դաշինքի ամրությունը․ Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա

Մեր նախորդ ակնարկներում խոսեցինք այն մասին, թե որքանով են մեր համաքաղաքացիները վստահ, որ Ռուսաստանը կօգնի մեզ, եթե Ադրբեջանի հարձակվի ՀՀ և ԼՂՀ վրա։ Երկու դեպքում էլ, ինչպես տեսանք, երևանցիների մեծամասնությունը համոզված է, որ Ռուսաստանը կաջակցի մեզ։

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել նաև մեր համաքաղաքացիների կարծիքը հայ-ռուսական ռազմական դաշինքի ամրության մասին՝ Հայաստանի վրա ևս մի հիպոթետիկ հարձակման դեպքում, այս անգամ՝ Թուրքիայի կողմից։

Ինչպես գիտենք, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ գործողությունները (փակ սահմաններ, տարածաշրջանային ծրագրերից մեկուսացում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարում և այլն) ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ բնորոշվում են՝ որպես թշնամական քաղաքականություն։ Հայտնի է նաև, որ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։

Մեր ուշադրությունն անմիջապես գրավեց այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից հիպոթետիկ հարձակման դեպքում երևանցիներն ավելի վստահ են, որ Ռուսաստանն օգնություն կտրամադրի, քան Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։ Այսպես, եթե ռուսական օգնության հարցում ՀՀ վրա Ադրբեջանիհարձակման դեպքում վստահ է մեր համաքաղաքացիների շուրջ 71%-ը, իսկ ԼՂՀ վրա հարձակման դեպքում՝ 66%-ը, ապա ՀՀ վրա Թուրքիայի հարձակման դեպքում՝ 77%-ից ավելին։

Ուշագրավ է նաև, որ Թուրքիայի կողմից հարձակման դեպքում ռուսական օգնությանը միանշանակ հավատացողների թիվը 10-20%-ով ավել է, քան ՀՀ և ԼՂՀ վրա Ադրբեջանի հարձակման դեպքում էր։ Այս դեպքում այդ օգնությանը վերապահումներով հավատացողների թիվն էլ 5-10%-ով քիչ է նախորդ հարցման համապատասխան տվյալներից։

Հատկանշական է նաև, որ թուրքական հարձակման դեպքում ռուսական օգնությանը միանշանակ հավատացողներիմեջ տղամարդիկ ավելի շատ են, իսկ վերապահումներով հավատացողների մեջ, հակառակը, կանայք։

Ըստ տարիքային կազմի, այդ օգնությանը միանշանակ հավատացողներըբոլոր տարիքային խմբերում բացարձակ մեծամասնություն են կազմում, սակայն դա առավել տարածված է 60-ից բարձր տարեկանների մեջ։ Իսկ ռուսական օգնությանը վերապահումներով հավատացողները համեմատաբար ավելի շատ են 45-60 տարեկանների մեջ։

Այդ օգնությանը կասկածողների մեջ համեմատաբար շատ են կանայք, իսկ ընդհանրապես չհավատացողների մեջ սեռային հարաբերակցությունը նույնն է։ Ըստ տարիքային կազմի, ռուսական օգնությանը կասկածվողները համեմատաբար շատ են 18-29, իսկ ընդհանրապես չհավատացողները՝ 60 և ավելի տարեկանների մեջ։

Ամփոփելով և համադրելով հայ-ռուսական ռազմական ռազմավարական դաշինքի նկատմամբ երևանցիների վստահության մասին մեր ակնարկները՝ նկատում ենք, որ

ա․ բոլոր երեք հիպոթետիկ հարձակումների դեպքում էլ մեր համաքաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ Ռուսաստանը կօգնի մեզ,

բ․ այդ վստահությունն Ադրբեջանի՝ ՀՀ վրա հարձակման դեպքում ավելի մեծ է, քան ԼՂՀ վրա հարձակման դեպքում, բայց շատ ավելի մեծ է ՀՀ վրա Թուրքիայի հարձակման դեպքում։

գ․ բոլոր երեք դեպքերում էլ տղամարդիկ առավել հակված են կատեգորիկ դիրքորոշումների։

դ․ տարիքային խմբերի առումով, Ադրբեջանի հիպոթետիկ հարձակման դեպքում, 18-29 և 61-ից բարձր անձինք առավել հակված են ռուսական օգնությանը վստահելուն, իսկ 30-60 տարեկանները, հակառակը, քիչ կամ ընդհանրապես չեն հավատում, որ ՌԴ-ն այդպիսի օգնություն կտրամադրի։ Սակայն թուրքական հնարավոր հարձակման դեպքում տարիքային տվյալներն ըստ պատասխանների տարբերվում է․ ռուսական օգնությանը միանշանակ հավատում է բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը, վերապահումներով՝ առավելապես 45-60 տարեկանները։ Կասկածողներն ավելի շատ են 18-29, իսկ չհավատացողները՝ 60-ից բարձր տարեկանների մեջ։

ՀԳ Ամեն դեպքում, ինչ էլ լինի, ինչպիսի զարգացումներ էլ լինեն, միևնույնն է, մեր պետության ու նրա բնակչության անվտանգության, խաղաղության իրական ու առաջնային ապահովողը եղել և մնում է հայկական բանակը։ Իսկ միջազգային գործիքները, որոնք, ի դեպ, երբևէ չեն էլ փորձարկվել, եղել են, մնում են ու կմնան որպես լրացուցիչ միջոց։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 14, 2015

Ամենաընթերցված նյութեր