Երևանցիները չեն պատրաստվում "հրաժարվել" նախագահից

Թեպետ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սահմանում է երկրի կառավարման ձևի արմատական փոփոխություն` կիսանախագահականից անցում խորհրդարանականին, սակայն մի շարք քաղաքական գործիչներ, երևի, հաշվի առնելով նախագահից վարչապետին փոխանցվող կարևորագույն գործառույթները, "վարչապետական" են անվանում այն: Անշուշտ, սա որևէ առնչություն չունի դասական քաղաքագիտական որակումների հետ և ավելի շատ կարելի է դիտարկել` որպես առերևույթ քարոզչական հնար: Ինչ խոսք, պառլամենտական կառավարում ունեցող երկրներում վարչապետը, կանցլերը առանցքային դերակատարում ունեն իշխանական հիերարխիայում, սակայն իրական իշխանությունը խորհրդարանական մեծամասնության ձեռքում է, որը նշանակում/ընտրում է վարչապետին, ճիշտ այնպես, ինչպես կիսանախագահական/նախագահական կառավարման պայմաններում նախագահին է վերապահված այդ գործառույթը:

Ինչևէ, քաղաքագիտական իրողությունները թողնենք մի կողմ և անցնենք վերոբերյալի առումով հանրային ընկալումներին: Այս տեսակետից շարքային քաղաքացիների համար էական խնդիրը մնում է այն, թե ո՞վ է երկիրը փաստացի ղեկավարելու: Այդ դերում թե նախկինում և, թե ներկայում ընդունվել է նախագահը, որը թեպետ նոր նախագծով պետության գլուխն է, սակայն զգալիորեն թուլացած գործառույթներով և քաղաքական ազդեցությամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմն որոշեց Երևանում սեպտեմբերին անցկացրած սոցիոլոգիական հետազոտության մեծ հարցաթերթում ընդգրկել` "Ըստ սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի՝ իրական իշխանություն ունենալու է ոչ թե երկրի նախագահը, այլ վարչապետը: Որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար այս տարբերակը" հարցը: Միանշանակ ընդունելի և ավելի շուտ ընդունելի են համարել հարցվողների հանրագումարային 28%-ը (տես. գրաֆիկ), իսկ միանշանակ անընդունելի և ավելի շուտ անընդունելի հանրագումարային`  41%-ը: Այս պատկերը վկայում է այն մասին, որ երևանցիների համար դեռևս խորթ է իրերի նման կարգը, ինչը, միանգամայն, բնական է: Մարդիկ ավելի քան 24 տարի ապրել են այն իրողության ներքո, որ կա վերջին ատյանի քաղաքական որոշումներ կայացնող անձ/ինստիտուտ և նրան է/էր լիազորել երկրի կառավարումը: Իսկ նոր նախագծով նրանց համար այնքան էլ ընդունելի չէ, թե ինչո՞ւ պետք է վարչապետին վերապահվի այդ մանդատը: Այս տարըմռնումն իրականում կարող է դառնալ ընտրողների "ոչ"-ին հակվածության հիմնական գործոններից մեկը:

Հարցվողների մոտ մեկ/քառորդի համար սկզբունքային նշանակություն չունի, թե իրականում ո՞վ է կառավարելու երկիրը: Անշուշտ, այս խմբի մեջ չի կարելի դասել միայն անարխիստներին (օրենք, կարգուկանոն մերժողներ), նիհիլիստներին (ժխտողական տրամադրվածներ) և աբսենտեիստներին (ցանկացած ընտրական գործընթաց բոյկոտողներ): Հարցվողների նման կեցվածքի հիմքում կարող է ընկած լինել հետևյալ մոտեցումը. "ինձ համար միևնույն է, թե ով կկառավարի, միայն թե ինձ/իմ երկրին լավ լինի": Գուցե, սա ապոլիտիկ մոտեցում է, սակայն բոլորովին անտեղին և հիմնազուրկ չէ: Եթե երկրում գործերը կարգին են` շարքային քաղաքացիներին այնքան էլ չպետք է հետաքրքրի, թե իրականում իշխանության ո՞ր օղակում են կայացվում առանցքային որոշումները:
Այսպիսով, "նախագա՞հ, թե՞ վարչապետ" երկընտրանքի հարցում երևանցիների ընտրությունն ավելի շատ առաջինի կողմն է, ինչը ներկայիս իրողություններին շրջանակներում, միանգամայն կանխատեսելի էր: Եվ դժվար է ակնկալել, որ էական փոփոխություններ կարձանագրվեն անգամ հանրաքվեի դրական ելքից անմիջապես հետո: Տվյալ դեպքում մարդիկ պետք է վարչապետին "թիվ մեկ" որոշում կայացնողի կարգավիճակում տեսնեն, նոր միայն կոնկրետ հետևություններ անեն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:43 Հոկտեմբեր 13, 2015

Ամենաընթերցված նյութեր