Ստուգելով հայ-ռուսական ռազմական դաշինքի ամրությունը․ Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ վրա

Նախորդիվ պարզեցինք, որ մեր համաքաղաքացիների 70%-ից քիչ ավելին միանշանակ կամ որոշ վերապահումներով վստահ է, որ ՀՀ վրա Ադրբեջանի ռազմական հարձակման դեպքում Ռուսաստանը կկատարի ռազմական դաշնակցի իր պարտավորությունները և համապատասխան օգնություն կցուցաբերի իր դաշնակցին։

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել նաև մեր համաքաղաքացիների կարծիքը, թե ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հարձակվի ոչ թե ՀՀ, այլ ՌԴ կողմից չճանաչված ԼՂՀ վրա։

Բանն այն է, որ ՀՀ դեպքում գոնե կարող ենք հուսալ, որ ՌԴ-ն կկատարի երկկողմ ու բազմակողմ պայմանագրերով ամրագրված իր դաշնակցային պարտավորությունները։ Մինչդեռ ԼՂՀ դեպքում իրավիճակը լրիվ այլ է․ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչված չէ որևէ պետության (այդ թվում՝ անգամ ՀՀ-ի) կողմից։

Եվ, բնականաբար, ՌԴ-ն չունի իրավականորեն ամրագրված ռազմական փոխօգնության պարտավորություններ ԼՂՀ նկատմամբ։ Հետևաբար, իրավական տեսանկյունից, ՌԴ-ի գործողությունները ԼՂՀ տարածքում կարող են որակվել որպես, առնվազը, այլ պետության ներքին գործերին միջամտություն, իսկ առավելագույնը, ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ։

Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք գրաֆիկում, երևանցիների 66%-ը համոզված է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի մեզ՝ անգամ եթե Ադրբեջանը հարձակվի ոչ թե միջազգայնորեն ճանաչված ՀՀ, այլ այդպիսի ճանաչում չունեցող ԼՂՀ վրա։ Այդ կարծիքը միանշանակորեն կիսում են առավելապես տղամարդիկ, իսկ վերապահումներով՝ առավելապես կանայք։

Եվ եթե դրանում կասկածողների մեջ համեմատաբար շատ են կանայք, ապա ռուսական օգնությանն ընդհանրապես չեն հավատում առավելապես տղամարդիկ։ Այսինքն, թերևս մեր տղամարդիկ առավել կատեգորիկ են՝ կա՛մ միանշանակ կտրամադրի, կա՛մ, հակառակը, միանշանակ չի տրամադրի։

Ուշագրավ են նաև հարցման տարիքային տվյալները․ ռուսական օգնությանը միանշանակ կամ որոշ վերապահումներով հավատում են առավելապես 18-29 և 61-ից բարձր տարիք ունեցողները։ Դրանում կասկածվողները համեմատաբար շատ են 30-44 տարեկանների, իսկ այդ օգնությանն ընդհանրապես չհավատացողները՝ 45-60 տարեկանների մեջ։

Համեմատելով երկու հարցման արդյունքները՝ կարող ենք փաստել, որ երևանցիների մեծամասնությունը, երկու դեպքում էլ, վստահ է, որ ՌԴ-ն կօգնի մեզ, եթե Ադրբեջանը հարձակվի թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂՀ-ի վրա։ Բայց նկատելի է նաև, որ վստահողների թիվը ՀՀ-ի վրա հարձակման դեպքում ավելի մեծ է, քան ԼՂՀ-ի վրա հարձակման դեպքում։

Տղամարդիկ երկու դեպքում էլ առավել հակված են կատեգորիկ դիրքորոշումների։ Տարիքային խմբերի առումով ևս, 18-29 և 61-ից բարձր անձինք առավել հակված են ռուսական օգնությանը վստահելուն, իսկ 30-60 տարեկանները, հակառակը, քիչ կամ ընդհանրապես չեն հավատում, որ ՌԴ-ն այդպիսի օգնություն կտրամադրի։

Նկատելի է, սակայն, որ ԼՂՀ դեպքում ՌԴ-ի կողմից օգնություն տրամադրել-չտրամադրելու հարցում չկողմնորոշվածները մի փոքր ավելին են, քան ՀՀ դեպքում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 13, 2015

Ամենաընթերցված նյութեր