Ռոբերտ Քոչարյանի սկզբունքային "ոչ"-ը և ԲՀԿ-ի անբեկանելի որոշումը

Եվ այսպես հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն հավանության արժանացրեց սահամանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ ՀՀ նախագահը իր համապատասխան հրամանագրով նշանակեց Հանրաքվեի օրը: Փաստորեն, դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի կունենա սահմանադրական` թվով չորրորդ հանրաքվեն: Եթե նախորդները, ըստ էության, արմատական փոփոխություններ չէին սահմանում, ապա այս առումով նոր նախագիծը սկզբունքորեն առանձնանում է: Խոսքը նախևառաջ վերաբերում է պետության կառավարման ձևի փոփոխությանը` կիսանախագահականից կամ խառը մոդելից խորհրդարանականին անցմանը: Բնականաբար, արդեն ԱԺ-ում քվեարկությունից պարզ դարձավ, թե սահմանադրական փոփոխությունների հարցում ինչպես են դիրքավորված հիմնական քաղաքական ուժերը: Նախորդ շաբաթ նախագծի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. "Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում…. Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ:

Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար": Բնականաբար, ՀՀԿ-ականնեը անպատասխան չթողեցին Ռոբերտ Քոչարյանի բավականաչափ սուր կարծիք-մեկնաբանությունը: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ առնչությամբ նշել է. "Հարցազրույցում դրված էր անկյունաքարը, որ այս Սահմանադրությունը պետք չի փոխել, որովհետև նոր Սահմանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրման գործիք, խնդրում եմ` ուշադրություն դարձնեք այդ արտահայտությանը, եթե արատավոր բարքերի վերարտադրման գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, էսօր է առաջացե՞լ, թե՞ տարիներ առաջ, ո՞րոնք են դրա ծնող պայմանները: Երկրորդը, եթե համակարգն իրոք արատավոր է և այդ համակարգը պետք է վերարտադրվի, ապա ոչինչ չփոխելով` ինչպե՞ս պետք է պայքարենք այդ արատավոր համակարգի դեմ, բայց մյուս կողմից ինձ համար հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետև լիովին մարդկային է ու հասկանալի, երբ մարդ դժվար է, շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել": Եթե ընդունենք, որ Շարմազանովն որպես ՀՀԿ խոսնակ արտահայտում է նաև կուսակցության դիրքորոշումը, ապա նման պատասխանը, ըստ էության, նշանակում է սկզբունքային բախում, որը, ճիշտ է, ներկայում թափանցիկ ակնարկների ձևով է դրսևորվում, սակայն ակտիվ քարոզչության փուլում կարող է վերածվել ծանր առճակատման` դրանից բխող բոլոր հետևանքներով:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները նախորդ շաբաթ սկիզբ առած այս բախումը, նպատակահարմար գտան առանց գնահատականի թողնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շարունակություն, ըստ ամենայնի ունենալու է, և կողմերն ավելի հստակ և հասցեական դիրքորոշումներով են ներկայանալու ընտրողներին:

Փորձագետների կողմից առանձնացրած մյուս բախումը ներկուսակցական էր և նորից առնչվում էր սահմանադրական փոփոխություններին: Ինչպես գիտենք ԲՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին: ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ, ըստ էության, չէին ենթարկվել խմբակցության որոշմանը: Նրանց մեջ էր նաև ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: ԲՀԿ-ի արձագանքն այս առումով չէր ուշացել. կուսակցությունում ոչ միայն դատապարտեցին նրա քայլը, այլև ավելի հեռուն գնացող, բավականին խիստ որոշում կայացրեցին` հեռացնել "ըմբոստ" պատգամավորին կուսակցության շարքերից:

Այս պատմության մեջ ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները կանգ առան երկու սկզբունքային մոտեցումների վրա` կուսակցական կարգապահություն և ընդունված որոշումների անշեղորեն կատարում (1) և ԱԺ պատգամավորի սկզբունքային դիրքորոշում, որը տրամագծորեն տարբերվում է կուսակցության ընդունած որոշումից (2): Ընդհանրապես այս սկզբունքային մոտեցումները, որպես կանոն, իրարամերժ են, և խնդրահարույց: Մի կողմից կուսակցության/խմբակցության որոշումները, որոնք արդեն ընդունվել և հրապարակվել են (տվյալ դեպքում` ԱԺ-ում խմբակցության հայտարարության մասին է խոսքը) չպետք է քննարկման ենթակա լինեն, իսկ մյուս կողմից պատգամավորը որևէ կերպ պետք է իր սկզբունքային դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն ունենա: Իսկ կոնկրետ Էլինար Վարդանյանի մոտ այդ դիրքորշումը չի ձևավորվել ոչ երեկ և, ոչ էլ մեկ ամիս առաջ, տառացիորեն 6-7 ամիս առաջ ԲՀԿ-ն խստագույն ձևով և սուր շեշտադրումներով քննադատում էր այդ նախագիծը` համարելով այն իշխանության վերարտադրմանն ուղղված նախաձեռնություն: Այսինքն` եթե կուսակցությունը կայացրել է իրավիճակային և ոչ այնքան սկզբունքային որոշում, հետևաբար Էլինար Վարդանյանը կարող էր պահել իր սկզբունքային և ոչ իրավիճակային դիրքորոշումը: Սակայն այս հարցում փորձագետների կարծիքները բաժանվեցին և տվյալ բախումը նրանց կողմից գնահատվեց հետևյալ կերպ. 1-ին փորձագետ` + ԲՀԿ, երկրորդ փորձագետ` + ԱԺ պատգամավոր, և 3-րդ փորձագետ` ոչ-ոքի: Հանրագումարում նույնպես ստացվեց "ոչ-ոքի", ինչը, թերևս նշանակում է, որ վերոբերյալ մոտեցումները, ինքնին, դոմինանտ չեն և, գոնե, կոնկրետ այս դեպքում հնարավոր չէ միանշանակ հիմնավոր համարել բախման կողմերից որևէ մեկի մոտեցումը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:17 Հոկտեմբեր 12, 2015

Ամենաընթերցված նյութեր