Երևանցիները սահմանադրական փոփոխությունների մասին


Սահմանադրական փոփոխությունների գործընթացը թևակոխում է որոշիչ փուլերի շրջան, որտեղ այս կամ այն կերպ դիրքավորված քաղաքական ուժերը պետք է հստակ ներկայացնեն իրենց մոտեցումները և ամենակարևորը` պաշտպանեն դրանք: Իսկ մինչ այդ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը փորձեց հասկանալ, թե երևանցիներն առհասարակ ի՞նչ կարծիք ունեն այդ փոփոխությունների իրականացման պատճառների և պատեհության վերաբերյալ: Սեպտեմբերին անցկացրած զանգվածային հարցման տվյալները վկայում են, որ հարցվողների մոտ 28%-ը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը համարում է իշխանությունների վերարտադրմանն ուղղված քայլ: Ասել, որ նման դիրքորոշմանը հարցվողների մեծամասնությունը հանգել է սեփական դիտարկումների, առավել ևս սահմանադրական փոփոխությունների նախագծին ծանոթանալուց հետո, կնշանակի մոլորության մեջ գցել ընթերցողին: Ակնհայտ է, որ մինչ բուն քարոզչական փուլի մեկնարկն այս ոչ բովանդակային` որոշ քաղաքական ուժերի ձեռամբ հրապարակ նետված վարկածը որոշակիորեն տիրապետող է դարձել նաև հասարակության շրջանում: Բնական է, եթե չկա սկզբունքային բանավեճ, կարծիքների բախում և, թեկուզ, պարզ քարոզչական գործողություններ չեն իրացվում, ապա վերը նշված ոչ բովանդակային դատողությունը կարող է իրական պատկերի մաս կազմել: Սակայն երկարաժամկետ հեռանկարում հազիվ թե այն տիրապետող լինի, նույնիսկ եթե սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերն իրենց քարոզչական մարտավարություննները կառուցեն բացառապես վերոբերյալ վարկածի, իսկ իրենց կարծիքով` համոզմունքի վրա: Հարցվողների 23%-ի կարծիքով այդ փոփոխությունների նախաձեռնությունը մեր երկրի զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլ է: Միանշանակ է, որ այս տեսակետի կողմնակիցները "այո" են քվեարկելու, իսկ մի մասն էլ ակտիվ ներգարավվելու է քարոզչական աշխատանքներին:

Հատկանշական է, որ հարցվողների մոտ 13%-ը փոփոխությունների իրականացումը համարում է չհիմնավորված և վտանգներ պարունակող նախաձեռնություն: Այս խմբի ներկայացուցիչները հենց նրանք են, ովքեր տարբեր պատճառներով այլևս դիրքավորված են և նրանց կարելի է համարել արմատական "ոչ"-ի հետևորդներ: Չպետք է բացառել, որ այդ տրամաբանության մեջ կլինեն նաև առաջին մեծ խմբին հարողները: Իսկ պայմանականորեն "ամեն ինչ դրսի հետ կապող" հարցվողները կազմել են տվյալ ընտրանքի մոտ 12%-ը: Վերջին խումբն առհասարակ ցանկացած փոփոխության կամ զանգվածային նախաձեռնության հետևում է տեսնում "դրսի ականջները": Եվ այս դեպքում էլ հենց "նրանք" են թելադրել սահամանադրական փոփոխությունների անցկացումը և մեզ էլ այլ բան չի մնացել, քան "լուռ համաձայնելը": Թերևս, միայն օդում կախված է մնում` ինչո՞ւ պետք է "դրսի" ուժերը մեզանից ավելի շահագրգիռ լինեն տվյալ հարցում: Հարկ է նշել, որ այս խմբի ներկայացուցիչները, որպես կանոն, խիստ պասիվ մասնակցություն են ունենում ընտրական գործընթացներին և համալրում են, այսպես կոչված, աբսենտեիստների հոծ շարքերը:

Սահմանադրական փոփոխությունները "Ժամանակի պահանջ" են համարել հարցվողների ավելի քան 10%-ը: Այս բավականին համեստ ցուցանիշն այն իրավիճակի վկայությունն է, որ դեռևս իրական քարոզչական գործողությունները չեն մեկնարկել և մարդկանց բոլորովին հասկանալի չէ, թե ինչո՞ւ է այդ հանրաքվեն նախաձեռնվում և ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծվելու դրա ընդունման պարագայում:

Այսպիսով ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ներկայացման նախաքարոզչական փուլում հասարակության մեջ տվյալ նախաձեռնության նկատմամբ առկա է որոշակի անվստահություն, որն արտահայտվել է հարցվողների սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը "իշխանության վերատադրմանն ուղղված քայլ է" և "չհիմնավորված և վտանգներ պարունակող նախաձեռնություն է" պատասխաններում: Հատկանշական է, որ տվյալ միտումն արձանագրող հանրագումարային ցուցանիշը ընդհուպ մոտենում է 41%-ին, ինչը բնորոշ է նախաքարոզչական փուլին: Սակայն մյուս կողմից` հանրագումարային մոտ 33%-ն է, որ այս կամ այն կերպ կարևորում է սահմանադրական բարեփոխումները:

Հարցվողների ընդամենը 13%-ն է դժվարացել կոնկրետ պատասխան տալ վերոնշյալ հարցին: Սա նշանակում է, որ Երևանում տվյալ գործընթացի նկատմամբ առկա է հասարակության ընդգծված հետաքրքրությունը: Բոլորովին այլ խնդիր է, թե այդ կարևոր գործոնը ինչպես կօգտագործեն հիմնական քաղաքական ուժերը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հոկտեմբեր 07, 2015

Ամենաընթերցված նյութեր