Ստուգելով հայ-ռուսական ռազմական դաշինքի ամրությունը․ Ադրբեջանը հարձակվում է ՀՀ վրա

ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածն ամրագրում է անդամ-երկրների իրավունքը՝ անհատապես կամ կոլեկտիվ դիմակայել արտաքին ագրեսիային։ Այդ և հաջորդ՝ 52-րդ հոդվածի հիման վրա են կնքվել միջպետական երկկողմ և բազմակողմ ռազմական փոխօգնության պայմանագրերն ու ստեղծվել ռազմական դաշինքներ։

1991 թ․ կնքվեց ՀՀ և ՌԴ միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին, իսկ 1997 թ․՝ ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը, որի հոդված 3-ը սահմանում է նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորություններ արտաքին հարձակման դեպքում։

1992 թ․ կնքված Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 4-ն էլ ռազմական փոխօգնության պարտավորություններ է սահմանում պայմանագրին միացած երկրների՝ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև։

Փաստորեն, արտաքին հարձակման դեպքում Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ և բազմակողմ պայմանագրերով փոխադարձաբար պարտավորված են օգնելու միմյանց։

Ադրբեջանը բազմիցս խախտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ իրականացնելով ոչ միայն դիվերսիոն գործողություններ, այլև մեծ տրամաչափի զինատեսակներով գնդակոծելով սահմանամերձ գյուղերը։ Վերջերս ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անգամ հայտարարեց, որ այսուհետ Հայաստանը կիրականացնի "անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը"։

Հետաքրքիր է՝ ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիները, եթե սկսվեն ռազմական լայնամասշտաբ գործողություններ և ՀՀ-ն պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝ ակտիվացնելու վերոնշյալ պայմանագրերի համապատասխան դրույթները, կիրականացնի՞ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները։

Ինչպես տեսնում ենք գրաֆիկում, երևանցիների 70%-ից քիչ ավելին միանշանակ կամ որոշ վերապահումներով վստահ է, որ ՌԴ-ն կցուցաբերի այդպիսի օգնություն։ Օգնություն տրամադրելու մեջ միանշանակ վստահ են ավելի շատ տղամարդիկ, իսկ որոշ վերապահումներով դրանում ավելի համոզված են կանայք։

ՌԴ-ից օգնության մեջ միանշանակ համոզվածների մեջ մեծամասնությունը 61 և ավելի տարեկաններն են, իսկ դրանում որոշ վերապահումներով համոզվածների մեջ՝ 18-29 տարեկանները։

Հարցվածների մոտ 22%-ն էլ վստահ է, որ այդպիսի օգնություն ՌԴ-ն չի տրամադրի, կամ էլ դա համարում է քիչ հավանական։ Կասկածողների շարքում կանայք համեմատաբար ավելի շատ են, բայց սեռային հարաբերակցությունը նույնն է նրանց մեջ, ովքեր համոզված են, որ այդպիսի օգնություն ՌԴ-ից չենք ստանա։

ՌԴ-ից օգնությանը միանշանակ չհավատացողների մեջ էլ համեմատաբար շատ են 45-60 տարեկանները, իսկ չհավատացողների մեջ՝ 30-44 տարեկանները։

Ուշագրավ է նաև, որ հարցվածների 7%-ից ավելին դժվարացել է պատասխանել հարցին։

Ամեն դեպքում, թեև, անշուշտ, չենք էլ ուզում գործնականում պարզել, թե որ տեսակետն է ճիշտ, այդուհանդերձ, մտահոգիչ է, որ հանրության մեջ 20%-ից քիչ ավելին կասկածում է, որ իրավականորեն պարտավորված մեր դաշնակիցը, անհրաժեշտության դեպքում, չի կատարի իր դաշնակցային պարտավորությունները։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:20 Հոկտեմբեր 07, 2015

Ամենաընթերցված նյութեր