Երբ Եվրոպայով "քայլում է" ներգաղթի ճգնաժամը

Եվրոպան ապրում է իր ոչ լավ օրերը նա դեռ ուշքի չի եկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածներից, դեռ հաշվարկում է իր կորուստները ռուս-ուկրաինական հակամարտությունից ու ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական բումերանգ-պատժամիջոցներից։ Այս ամենը քիչ էր, հիմա էլ՝ ներգաղթյալների հիմնախնդիրը՝ կապված սկզբում՝ Սիրիայի իշխանական և հակաասադական ուժերի միջև բախումների, այսօր էլ՝ "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպության գործողությունների, ինչպես նաև դրա դեմ ռազմական գործողությունների արդյունքում հազարավոր սիրիացիների՝ Եվրոպա արտագաղթելու հետ։

Ներգաղթի հարցը Եվրոպայում շատ վաղուց է քաղաքական սուր բանավեճի առարկա դարձել մի կողմից, այդ դիսկուրսը վերաբերում է բազմամշակութայնությանը, երբ, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները խոստովանեցին, որ իրենց երկրներում այդ քաղաքականությունը ձախողվել է։ Մյուս կողմից, խնդիրն ունի առավելապես սոցիալ-տնտեսական բնույթ՝ լարվածություն աշխատաշուկայում, պետբյուջերի լրացուցիչ ծանրաբեռնում սոցիալական աջակցության ծրագրերով և այլն։ Եվ բնական է, որ ներգաղթը հատկապես այսօր դարձել է քաղաքական մրցապայքարի առանցքային թեման։ Որոշ կուսակցություններ էլ, օգտագործելով հանրության մեջ հականերգաղթային տրամադրությունների աճը, իրենց համար տեղեր են ապահովում խորհրդարաններում։

Իսկ ինչպե՞ս են ներգաղթյալներն ընկալվում հանրության կողմից։ 

Հայտնի է, որ 2014 թ Եվրոպական միությանը բաժին է ընկել ներգաղթյալների ամենամեծ թիվը (51%՝ այլ տարածաշրջանների համեմատ)։ Ոչ եվրոպացի ներգաղթյալներն այսօր գերազանցապես կենտրոնացած են Գերմանիայում (6 մլն), Ֆրանսիայում (5.5 մլն), Մեծ Բրիտանիայում (5.2 մլն), Իսպանիայում և Իտալիայում (յուրաքանչյուրում՝ 3.9 մլն), Հունաստանում (0.9 մլն) և Լեհաստանում (0.4 մլն)։

Pew Research Center-ի հարցախույզի համաձայն, Եվրոպայում միասնականություն չկա այն հարցում, թե ներգաղթյալներն ավելի շատ օգո՞ւտ, թե՞ վնաս են հասցնում իրենց երկրներին․ թիրախավորված 8 երկրներից միայն 3-ում (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) է բնակչության բացարձակ մեծամասնությունը և ևս 1-ում (Իսպանիա)՝ հարաբերական մեծամասնությունը դրական գնահատում ներգաղթյալների դերն իրենց երկրի զարգացման գործում։

Մյուս 4-ում (Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա և Լեհաստան), հակառակը, ներգաղթյալները համարվում են երկրի համար անցանկալի, ավելորդ բեռ։

Ուշագրավ է նաև, որ, մյուս եվրոպացիների համեմատ, գերմանացիներն ավելի շատ են (48%) մեղադրում ներգաղթյալներին հանցագործությունների աճի մեջ։ Նրանց 59%-ը նաև կարծում է, որ ներգաղթյալները չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակության մեջ։

Դրան հակառակ, բրիտանացիների միայն 20%-ն է ներգաղթյալներին մեղադրում հանցավորության աճի մեջ։ Բայց հարցվածների 47%-ն այստեղ ևս համոզված է, որ նրանք չեն ինտեգրվում բրիտանական հանրության մեջ։

Ներգաղթյալների նկատմամբ ամենից բացասականը տրամադրված են Իտալիայում և Հունաստանում։ Հույների 51%-ը և իտալացիների 45%-ը նրանց նաև մեղադրում է հանցավորության աճի մեջ։ Եվ եթե իտալացիների ճնշող մասն է (77%) համոզված, որ ներգաղթյալները չեն ինտեգրվում իրենց հասարակության մեջ, ապա այդպիսի կարծիք ունի հույների 48%-ը։

Այսպիսով, վստահաբար կարող ենք ասել, որ Եվրոպայում հասունացել է ներքին սուր տարաձայնությունների նոր թեմա, որն աճող ազդեցություն կունենա եվրոպական քաղաքական զարգացումների վրա։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 06, 2015

Ամենաընթերցված նյութեր