Օրինաց երկիր կուսակցություն. Ռեբրենդինգ, "ռեստարտ", թե՞ երկուսը միասին

Եթե սահմանադրական փոփոխություններն աջակցություն ստանան մեր հանրության կողմից և արդյունքում կյանքի կոչվի կառավարման խորհրդարանական ձևը, ապա 2017թ. ԱԺ ընտրությունները խիստ ճակատագրական են դառնալու քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Թերևս, սա է պատճառը, որ քաղաքական կուսակցությունները բավականին վաղ են սկսել պատրաստվել, գուցե, վերջին 6-7 տարիների կտրվածքով թիվ մեկ քաղաքական իրադարձությանը: Ստեղծվում են նոր քաղաքական միավորներ, որոնք փորձում են դիրքավորվել քաղաքական "արևի" տակ, մի շարք կուսակցություններ շատ ինտենսիվ զբաղված են կուսակցական "ինվենտարիզացիայի" աշխատանքներով, իսկ որոշներն էլ փորձում են նոր քաղաքական իմիջով և բրենդով ներկայանալ ընտրողներին: Վերջին գործունեությամբ առավելապես աչքի է ընկնում ՕԵԿ-ը: Այս քաղաքական միավորի, որը 1999թ. սկսած մասնակցել է ԱԺ բոլոր ընտրություններին և հաղթահարել է 5%-ի արգելաշեմը, ներկայացուցիչների հաշվարկը, կարծես թե, պարզ և հիմնավոր է: Վերջին 16-17 տարիների ընթացքում ներքաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունենալով, ժամանակ առ ժամանակ հանդես գալով որպես ընդդիմություն և հայտնվելով իշխանական տարբեր կոալիցիաներում, ՕԵԿ-ը հսկայական բացասական "բեռ" է կուտակել, որից "օր առաջ" պետք է ազատվել: Այս առումով "Հայկական վերածնունդ" ունիկալ քաղաքական առաջարկով ընտրողին ներկայանալը, միանգամայն տեղին քայլ պետք է ընկալել: Նախ` ակնհայտ է, որ այս կերպ, ըստ էության, լուծվում է ռե-բրենդինգի խնդիրը` միաժամանակ ՕԵԿ-ն էլ դուրս չի մղվում քաղաքական թատերաբեմից: Պակաս կարևոր չէ նաև  այն, որ "Հայկական վերածնունդը" ավելի ընդգրկուն քաղաքական ֆորմատ է, որը թույլ է տալիս ստեղծել հասարակական, քաղաքական լայն կոնսոլիդացիա` ներառելով տարբեր քաղաքացիական շարժումների, կազմակերպությունների և քաղաքական կառույցների: Այս ամենով հանդերձ, բնականաբար չի կարելի ասել, որ "Արթուր Բաղդասարայան&Co"-ի համար հաջորդ խորհրդարանում պատկառելի ներկայությունն այլևս ապահովված է: Խնդիրն այն է, որ մյուս քաղաքական ուժերը հասկանալով այս քայլի հեռանկարային էֆեկտները, ամեն ինչ անելու են ՕԵԿ-ի "տոնը" փչացնելու համար: Բայց սա բոլորովին այլ ուսումնասիրության և վերլուծության թեմա է:

Իսկ ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը` հասկանալու համար, թե հանրային ընկալման մեջ տվյալ պահին որ քաղաքական բրենդն է "գերիշխում"` Օրինաց երկի՞րը, թե՞ Հայկական վերածնունդը, հարցվողներին ներկայացրեց նույնաբովանդակ բաթլ: Այսպիսով "ՕԵ՞Կ, թե՞ "Հայկական վերածնունդ" երկընտանքին հացվողները պատասխանեցին` մոտ 19% առաջինը և մոտ 14% երկրորդը (տես. գրաֆիկ): Այս տվյալները մի կողմից վկայում են այն մասին, որ դեռևս "Հայկական վերածնունդը" չի ընկալվում ՕԵԿ-ին փոխարինող քաղաքական բրենդ, իսկ մյուս կողմից, գոնե, այս փուլում ՕԵԿ-ը պահպանում է իր դոմինանտությունը վերոբերյալ երկընտրանքում: Բայց սա դեռ ռե-բրենդինգի գործընթացի սիկզբն է, և դրա իրական արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել առնվազն մեկ տարի հետո:

"Ոչ մեկը" տարբերակը ընտրել են հարցվողների մոտ 61%-ը, ինչը գրեթե նույնական է առհասարակ քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահության ցուցանիշին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Հոկտեմբեր 05, 2015

Ամենաընթերցված նյութեր