Ո՞վ է կառավարելու Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո

Նախորդ ակնարկներից մեկում նշեցինք, որ երևանցիների բացարձակ մեծամասնությունը լավ կամ մասամբ տեղեկացված է, թե ինչ է խորհրդարանական կառավարման ձևը, սակայն մի նշանակալի մասն էլ՝ 46%-ը, ընդհանրապես տեղյակ չէ կառավարման այդ ձևից։ Թվարկեցինք նաև կառավարման այդ ձևի հիմնական հատկանիշները՝ նշելով, թե դրանցից որոնք են կիրառվելու Հայաստանում՝ սահմանադրական փոփոխություններից հետո։

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց նաև պարզել, թե կառավարման այս ձևի մասին լավատեղյակ կամ գոնե մասամբ տեղեկացվածները գիտե՞ն արդյոք, թե ով է լինելու երկրի փաստացի ղեկավարը։

Համեմատելով նախորդ և այս հարցի վերաբերյալ ստացված տվյալները՝ տեսնում ենք, որ իրենց տեղեկացված համարողների մոտ 57%-ն է կարողացել ճիշտ պատասխանել, թե ով է փաստացի ղեկավարում խորհրդարանական կառավարման ձևի ժամանակ։

Այն, որ մեր համաքաղաքացիների նշանակալի մասը հայտարարում է, որ այս կամ այն հարցից տեղյակ է, բայց գործնականում պարզվում է, որ կա՛մ սխալ, կա՛մ էլ թերի է տեղեկացված, մեզ համար նորություն չէ։ Ուստի չպետք է զարմանալ, որ այս հարցում ևս իրենց տեղեկացված համարողների 40%-ից ավելին սխալ պատասխան է տվել։

Ովքե՞ր են ճիշտ պատասխանել հարցին։ Նրանց ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, որոնք ներկայացնում են տարիքային բոլոր խմբերը։ Այսինքն, տարիքը որևէ առանձնահատուկ դեր չի խաղում այս հացին ճիշտ պատասխանելու համար, մինչդեռ սեռային առումով տղամարդի՛կ են հիմնականում ճիշտ պատասխան տվել։

Իսկ ինչո՞ւմ են սխալվել մյուսները՝ պատասխանելով, որ երկրի փաստացի ղեկավարը նախագահն է կամ խորհրդարանը։ Խորհրդարանը (23.9%) կառավարման ցանկացած ձևում երկրի փաստացի ղեկավարը չէ ու չի էլ կարող լինել․ այն օրենսդիր բարձրագույն մարմինն է, որի լիազորությունները կառավարման ձևից կախված կարող են լինել բավական մեծ, անգամ ներառել այդ փաստացի ղեկավարի ընտրության իրավունքը, սակայն ոչ մի դեպքում խորհրդարանը երկրի փաստացի ղեկավարումը չի իրականացնում։

Խորհրդարանական կառավարման ձևի դեպքում նախագահը (17.6%) երկրի կառավարմանն ուղղակի մասնակցություն չունի․ նա ընդամենը ձևականորեն է (դե յուրե) համարվում երկրի կամ անգամ կառավարության ղեկավար, մինչդեռ երկրի և կառավարության փաստացի (դե ֆակտո) ղեկավարը վարչապետն է: Հենց վերջինս է նշանակումներ կատարում կամ խորհրդարանի հաստատմանը ներկայացնում պաշտոնյաների թեկնածությունը, նա՛ է երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, նա՛ է կառավարության միանձնյա ղեկավարը։

ՀՀ գործող սահմանադրությամբ, նախագահը որոշիչ դեր ունի երկրի կառավարման համակարգում․ նա, սեփական նախաձեռնությամբ, նշանակում է պաշտոնյաներ (օրինակ՝ Սահմանադրական դատարանի 4 անդամների, ՀՀ դեսպաններին) կամ խորհրդարանի հաստատմանը ներկայացնում նրանց (օրինակ՝ գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի) թեկնածությունը, Անվտանգության խորհրդի նախագահն է, նա է հայտարարում ռազմական դրություն, ընդհանուր կամ մասնակի զորահավաք, նա է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը և այլն։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահը կորցնում է վերոնշյալ լիազորությունների ծավալը՝ ձևականորեն պահպանելով երկրի դե յուրե ղեկավարի կարգավիճակը, իսկ նրա լիազորությունները վերաբաշխվում են վարչապետի և խորհրդարանի միջև։

Ինչպես Մեծ Բրիտանիայի միապետական խորհրդարանական կառավարման ձևի մասին է ընդունված ասել, "թագուհին կառավարում է, բայց չի ղեկավարում"։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:38 Հոկտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր