Հանրային դեմքերի կյանքի "հանրայնացում"․ Հասարակական կարծիք

Մեր օրերի հանրային կյանքի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած ոք, առավել ևս եթե նա հանրային դեմք է, պարզապես չի կարող ունենալ իր անձնական կյանքը և այն ապահովագրել տարաբնույթ միջամտություններից: Այս արատավոր երևույթը ծաղկում է հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը և աուդիո-վիզուալ համակարգերի կատարելագործմանը զուգընթաց: Արդյունքում` շատ կարճ ժամանակահատվածում հանրային սեփականություն են դառնում հայտնի դեմքերի կյանքի առավել "հետաքրքիր" մանրամասները, տնտեսական գործարքները, տարատեսակակ պայմանավորվածությունները, նրանց հետ անմիջականորեն և միջնորդավորված կապված իրավիճակները և այլն: Հատկանշական է, որ վերոբերյալ տեխնոլոգիաները և դրանց տիրապետող "վայ մասնագետներն" այնքան են հմտացել իրենց "մութ գործերում", որ կարող են վայրկյանական հեղինակազրկել անգամ նրանց, ովքեր առնչություն չունեն իրենց վերագրվող ինչ-ինչ գործողությունների և իրավիճակների հետ:

Հնարավոր է այս նախաբանն որևէ նոր բան չավելացրեց մեր ունեցած ինֆորմացիային, բայց արժանահիշատակ է, թեկուզ, այն առումով, որ այդ տեխնոլոգիաները սկսել են լայնորեն կիրառվել նաև մեր իրականության մեջ: Եվ դրանց հիմնական "զոհեր" դառնում են առավելապես քաղաքական գործիչները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները և գործարարները: Զորօրինակ, ընդամենը մեկ ամիս առաջ ամբողջ տեղեկատվական տարածքը պայթեցրեց ԱԺ պատգամավորներից մեկի` սլավոնական ծագում ունեցող աղջկա հետ հեռախոսազրույցը, որն ըստ կանխավարկածի արվել էր դրամաշորթության նպատակով: Հատկանշական է, որ այդ գործի շրջանակներում, ըստ որոշ տեղեկությունների արդեն ձերբակալվել է ընդդիմության երբեմնի ակտիվիստներից մեկը: Մամուլում ինտենսիվորեն շրջանառվում է նաև այլ քաղաքական գործիչների վերաբերյալ աուդիո-վիզուալ նյութերի գոյության մասին լուրեր: "Ձեզ միշտ և ամենուր հետևում են" տրիվիալ "հետապնդման մանիայով" տառապողի կարգախոսը, մեր օրերում աստիճանաբար վերածվում է իրական սպառնալիքի` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ ինչպես են այս հարցի առնչությամբ մտածում մեր համաքաղաքացիները: ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած զանգվածային հարցման տվյալները վկայում են, որ ընդգծված մեծամասնությունը այս կամ այն կերպ դեմ են քաղաքական գործիչների կյանքի մանրամասների հանրայնացմանը: Նրանց 38.5%-ը միանշանակ դեմ, իսկ 20.3%-ը` ավելի շուտ դեմ է (տես. գրաֆիկ): Այս պատկերը վկայում է այն մասին, որ երևանցիների մեծ մասի համար, ըստ էության, գոյություն չունի քիչ թե շատ մեղմացուցիչ հանգամանք, որի պարագայում բնական կընկալվի հանրային դեմքերի, և մասնավորապես, քաղաքական գործիչների կյանքի մանրամասների հանրայնացումը:

Միաժամանակ քիչ չեն նաև այն հարցվողները, որոնք վերոբերյալ միջամտության մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում: Հատկանշական է, որ միանշանակ դիրքորոշում են հայտնել հարցվողների
մեկ/քառորդը: Այս դեպքում սակայն հարկ է նկատել, որ այդ "միանշանակը" իրականում կարող է այնքան էլ "միանշանակ չլինել": Հարցն այն է, որ կոնկրետ դեպքեր մատնանշելու պարագայում` այդ մեկ/քառորդի մի ստվար հատված հնարավոր է այլ դիրքորոշում ունենա: Օրինակ եթե խոսքը գնում է այդ նյութերը հետագայում դրամաշորթության նպատակով օգտագործելուն և այլն: Իսկ ոչ կատեգորիկ մոտեցում ունեն հարցվողների մոտ 13%-ը:

Սակայն անկախ արդյունքներից պարզ է, որ մարդկանց խորթ չէ մյուսների "կյանքով ապրելու" ձգտումը: Հատկապես, որ սենսացիոն տեղեկություն, անախորժություն, սկանդալ պարունակող նյութերը շատ արագ տարածվում է հաղորդակցության ոչ ֆորմալ աղբուրների միջոցով: Իսկ մեդիան` սոցիալական ցանցերը, տարաբնույթ տեղեկատվական կայքերը և տպագիր մամուլը ուղղակի իրենց այցելուների, ընթերցողների համապատասխան քանակն ապահովում են հենց այդ նյութերի միջոցով: Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է….

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր