Քրդստան․ Հայաստանին օգո՞ւտ է, թե՞ վնաս

"Քրդստան" (կամ "Քուրդիստան") տերմինն ունի գերազանցապես ազգագրական-աշխարհագրական նշանակություն, որով բնորոշում են ոչ թե ինչ-որ պետական կազմավորում կամ պատմական տարածք, այլ պարզապես քրդերով բնակեցված տարածքները Միջին Արևելքում։

Ընդարձակ այդ տարածքը ներառում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի պետական տարածքներ։ Այդ պատճառով էլ Քուրդիստանի կոնկրետ հատվածների համար օգտագործվում են համապատասխան անվանումներ՝ Հյուսիսային (կամ Թուրքական), Հարավային (կամ Իրաքյան), Արևմտյան (կամ Սիրիական) և Արևելյան (կամ Իրանական) Քուրդիստան։ Բայց դրանցից միայն իրաքյանն ունի պետական-վարչական կարգավիճակ՝ բավական լայն ինքնավարություն ունեցող Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, որը կազմավորվել է համեմատաբար վերջերս՝ 2005 թ, Ս․ Հուսեյնի իշխանության տապալումից հետո։

1920 թ․Սևրի  պայմանագրով և Վ․Վիլսոնի իրավարար վճռով, նախատեսվում էր, որ Օսմանյան կայսրությունից տարածքային բաժին էին ունենալու ոչ միայն Անտանտի պետությունները, Հայաստանը և Հունաստանը, այլև ձևավորվելու էր քրդական պետություն։ Բայց ցայսօր իրավական ուժը պահպանած Վիլսոնի այդ վճիռը, աշխարհաքաղաքական պատճառներով, իրականություն չի դարձել։

Այսօր հաճախ են խոսում Իրաքյան Քրդստանի հիմքի վրա քրդական անկախ պետություն ստեղծելու, ավելին՝ քրդաբնակ մյուս տարածքները դրա շուրջ միավորելու մասին։ Համացանցում անգամ շրջանառվում է այդ մեծ պետության հնարավոր քարտեզը։

Ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիներն այդ նախագծի մասին, օգո՞ւտ է դա մեզ, թե՞ վնաս։

Հարցվածների ավելի քան 43%-ը միանշանակ կամ հիմնականում համոզված է, որ այդ ծրագիրը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։ Այդ կարծիքն առավելապես տարածված է 18-44 տարեկանների շրջանում։ Ըստ որում, նրանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք։

Եվ, հակառակը, այդ ծրագրի վտանգավորության մեջ համոզվածները (որոնք, ընդունեք, քիչ թիվ չեն կազմում) առավելապես տղամարդիկ են, և այս կարծիքն էլ հիմնականում տարածված է 45 տարեկանից բարձրերի մեջ։

Այսինքն, այս ծրագրում վտանգավորություն չեն տեսնում հիմնականում երիտասարդները և կանայք, մինչդեռ միջին և բարձր տարիքի մարդիկ ու առավելապես տղամարդիկ հակված են ծրագրում Հայաստանի համար վտանգ տեսնելուն։

Հարցվողների բավականին մեծ զանգված` 17%, դժվարացել են պատասխանել այս հարցին:

Համադրելով այս և նախորդ հարցման արդյունքները՝ ստացվում է, որ մեր համաքաղաքացիների մեծամասնությունը վտանգ չի տեսնում քրդական անկախ պետության ձևավորման մեջ, բայց և չի կարծում, որ ՀՀ-ն պետք է աջակցի քրդերի պայքարին, թեկուզև այն ուղղված է Թուրքիայի դեմ։

Բայց պատկերն էլ ավելի ուշագրավ է դառնում, երբ համադրում ենք նաև Թուրքիայից ակնկալվող փոխհատուցման մասին հարցման տվյալները․ փաստորեն, մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ ա Թուրքիային պետք է ներկայացնել բոլոր տեսակի, այդ թվում՝ տարածքային պահանջներ, բայց, միաժամանակ, համոզված է, որ բ Քրդստան պետությունը, որն, ի դեպ, հնարավոր է՝ ընդգրկի հենց Արևմտյան Հայաստանի մի մասը, Հայաստանի Հանրապետության համար վտանգ չի ներկայացնում։ Տարօրինակ չէ՞։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:25 Հոկտեմբեր 01, 2015

Ամենաընթերցված նյութեր