Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ազդեցությունը քաղաքականության վրա

Մեր իրականության մեջ բիզնեսի և քաղաքականության սերտաճման մասին տարբեր հարթություններում խոսվել և քննարկվել է տասնյակ տարիներ: Ցավոք, այս առումով իրերի կարգը հիմնականում պահպանվել է նաև ներկայում: Խոշոր բիզնեսն ոչ միայն անմիջականորեն ներգրավված է քաղաքականության մեջ, այլ նաև որոշակի ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա: Իսկ այն ազդեցիկ դերակատարները, ովքեր "իրենցով" չեն ներկայացված, ապա ունեն իրենց կողմից ԱԺ "գործուղված" պատգամավորներին, ինչպես նաև յուր լոբբինգի արդյունքում նշանակված նախարարներ և այլ պաշտոնյաներ: Հատկանշական է, որ այս տարբերակն ավելի ընդունելի է և լայն կիրառում ունի բազմաթիվ երկրներում: Տվյալ դեպքում գործում է բիզնեսի և քաղաքականության փոխառնչությունների առավել քաղաքակիրթ մոդելը, որի էությունը հետևյալում է. բիզնեսը ֆինանսավորում է քաղաքական ուժերին/գործիչներ, որոնք որոշումների կայացման ներկայացուցչական մարմիններում պաշտպանում են նրա շահերը:

Տեսական դատողություններից անցում կատարելով առավել կիրառական և առարկայական հարթություն ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: Այս առումով ընտրվեց փորձագիտական գնահատումը` որպես առավել արդյունավետ մեթոդ: 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը` փոքր ազդեցություն, իսկ 5-ը` մեծ, փորձագետները պետք է գնահատեին խոշոր բիզնեսի ներակացուցիչների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: Ըստ այդ գնահատականներից ստացված միջինացված ինդեքսի` քաղաքական գործընթացների վրա առավել մեծ ազդեցություն ունի Մուլտի գրուպ կոնցերնի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է, նա ակտիվ քաղաքականությունից հեռանալով (սա նշելով ԲԱՐՈՄԵՏՐԸ հղում է անում ԲՀԿ նախկին նախագահի պաշտոնը թողնելու վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությանը) կորցրել է ազդեցության կարևորագույն լծակներից մեկը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության մեծ մասն այս կամ այն կերպ կապվում է իր հետ` նաև այսօր, ապա կարելի է ասել, որ սկզբունքորեն պահպանվել է նրա դոմինանտ ներկայությունը քաղաքականության մեջ, հետևաբար նաև` որոշումների ընդունման գործընթացում: Իսկ եթե սրան ավելացնենք նաև մի քանի ամիս առաջ նրա փեսայի` Կարապետ Գուլոյանի Կոտայքի մարզպետ նշանակվելու փաստը, ապա խիստ առարկայական է դառնում վերոբերյալը:

Թեպետ, Սամվել Ալեքսյանյանն ամեն կերպ փորձում է իրենից վանել խոշոր գործարարի արդեն վաղուց վաստակած համբավը` միևնույն է մեր երկրում չես կարող գտնել մեկին, ով նրան առավելապես կընդունի որպես քաղաքական գործիչ: Քաղաքական գործընթացների վրա ազդեցության նրա միջինից բարձր ինդեքսը հիմնականում պայմանավորված է մեծ հարստություն տիրապետելու հանգամանքով, որը կարևորագույն ռեսուրս է լուրջ քաղաքական "տորգերին" մասնակից լինելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի համեմատ բավականին համեստ են նրա զուտ քաղաքական ռեսուրսները: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ նրա մասնակցությունն առաջին ատյանի որոշումների կայացման գործընթացում բավականաչափ շոշափելի չէ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի համեմատ` ներկայում որևէ քաղաքական կարգավիճակ չունի: Սակայն այս հանգամանքն այնքան էլ չի թուլացնում նրա դիրքերը: Հատկապես մեծ է նրա ազդեցությունն իշխող` Հանրապետական կուսակցության ներսում: Ըստ տարբեր աղբյուրների` Ռուբեն Հայրապետյանն իր մարդիկ ունի պետական կառավարման մի շարք կարևորագույն օղակներում:

Ճիշտ է նավթամթերք ներկրող հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը, ակտիվ հրապարակային գործունեություն չի ծավալել, սակայն նրան չի կարելի է դասել քաղաքականության նկատմամբ անտարբերների շարքին: Հատկանշական է, որ մամուլը խիստ հետևողականորեն հենց Բարսեղ Բեգլարյանին էր համարում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակման հիմնական շահագրգիռ "լոբբիստը": ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում հայտնվելը նույնպես կապվում է նրա անվան հետ: Ինչ խոսք, կառավարության և վարչապետի փոփոխություններից հետո որոշակիորեն նվազել է քաղաքական գործընթացների վրա նրա ազդեցությունը, սակայն "особа приблеженная к императору" կարգավիճակը լիարժեք կոմպենսացնում է այդ "բացը":

Հայտնի գործարար, Սիլ կոնցերն ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա, այլևս առաջվա նման շատ շոշափելի չէ: Սակայն մյուս կողմից նրա անունը շատ ինտենսիվ կապում է նորաստեղծ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ: Հարցն այն է, որ Սուքիասյանի համախոհներ` Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը այդ քաղաքական միավորի առանցքային դեմքերն են, որոնց միջոցով նա կարող է ապահովել իր քաղաքական միջնորդավորված ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանին, ապա նրա ազդեցությունը հիմնականում կրում է էտապային բնույթ: 2003թ. ՄԱԿ-ի "բիզնես պրոյեկտի" շռնդալից հաջողությունից հետո, որոշակի ձախողում 2007-ին և նորից ԱԺ պատգամավորի կարգավիճակ` 2012թ. ԱԺ ընտրություններում, սակայն այս անգամ ԲՀԿ խմբակցությունում: Վերջին հանգամանքով պայմանավորված` կարելի է փաստել, որ ներկայում նրա ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա բավականաչափ մեծ չէ:

ԲԱՐՈՄԵՏՐԸ հաջորդ անգամ կանդրադառնա հիմնականում ՀՀ-ից դուրս գործունեություն ծավալող հայ գործարարների` քաղաքական գործընթացների վրա ազդեցության գնահատականներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:38 Սեպտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր