Երևանցիների մեծամասնությունը դեմ է հայկական դրամը եվրասիական արժույթով փոխարինելուն

Մեզ հայտնի ինտեգրացիոն խմբավորումների բարձագույն ձևը տնտեսական և արժութային միությունն է, որի ժամանակ մասնակից-երկրները հրաժարվում են սեփական ազգային արժույթից և ներմուծում նոր՝ միասնական դրամական արժույթ։

Առայժմ ինտեգրման այդ բարձր մակարդակին հասել է միայն Եվրոպական միությունը, որտեղ 1999 թ․ շրջանառության մեջ դրվեց միասնական նոր արժույթ՝ եվրոն։ Այն այսօր ԵՄ-ի 28 անդամ-պետություններից 19-ի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող ևս 9 պետությունների դրամական արժույթն է։

Բայց եվրոն ԵՄ-ի ոչ բոլոր անդամների արժույթն է․ եվրոյի գոտուն միանալուց պաշտոնապես հրաժարվել են Մեծ Բրիտանիան և Դանիան, Շվեդիան այդ հարցով հանրաքվե պետք է անցկացնի, բայց արդեն տևական ժամանակ հապաղում է, ԵՄ-ի ևս 6 անդամ-պետություններ էլ կկարողանան միանալ՝ դրա համար անհրաժեշտ պայմաններին բավարարելուց հետո։

Այսինքն, միասնական արժույթային գոտուն կարելի է միանալ և չմիանալ կամ՝ միանալ ավելի ուշ։

Նախատեսվում է, որ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությունն էլ պետք է հասնի արժութային միության՝ միասնական արժութային միավորով, որը կարող է կոչվել եվրազ կամ ալթին։ Դրա համար նշվում են տարբեր ժամկետներ՝ 2016 կամ 2025 թթ․։ Որոշ փորձագետներ էլ, հիմք ընդունելով ընթացող Արևմուտք-ՌԴ տնտեսական դիմակայությունը, թերահավատ են, որ ԵԱՏՄՆ-ն կզարգանա մինչև այդ փուլը։

Ի հակադրություն միջազգային պրակտիկային, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տեղի ունեցավ առանց հանրաքվեի, և կա հավանականություն, որ ԵԱՏՄ արժութային միությանն անդամակցությունը ևս կլինի առանց հանրաքվեի, սակայն ժողովրդի կարծիքը միշտ էլ կարևոր է իմանալ։ Ուստի, ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց հետաքրքրվել երևանցիներից՝ կուզենա՞ն արդյոք նրանք, որ հայկական դրամը փոխարինվի նոր՝ եվրասիական միասնական արժույթով։ 

Ինչպես տեսնում ենք, այդ հիպոթեթիկ արժույթով մեր ազգային արժույթը փոխարինելուն կողմ է երևանցիների հանրագումարային մոտ 39%-ը (ընդունեք, որ բավական տպավորիչ ցուցանիշ է), իսկ դեմ է՝ մոտ 53%-ը, իսկ այդ հարցում կողմնորոշված չէ մոտ 8%-ը։

Եվրասիական արժույթին կողմնակից են հիմնականում 45-ից բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչները, իսկ դրա ընդդիմախոսները համեմատաբար շատ են կրկին 45-60 տարեկանների և 30-44 տարեկանների մեջ։

Կանանց կարծիքն այս հարցում երկփեղկված է․ նրանց մի կեսը կողմ է եվրազ/ալթինով մեր ազգային արժույթը փոխարինելուն, իսկ մյուս կեսը՝ դեմ։ Փոխարենը առավել համեստ ցուցանիշներ ունեցող տղամարդկանց մեջ մի փոքր ավելին են եվրասիական արժույթին ընդդիմախոսողները։

Անշուշտ դեռ շատ վաղ է այս հարցով հնարավոր հանրաքվեի արդյունքները կանխորոշելը․ մինչ դա կարող է արժութային միության ծրագիրը հետաձգվել, էական ազդեցություն կունենա նաև հանրային գիտակցության հետ քարոզչական աշխատանքը և այլն։

Այդուհանդերձ, պետք է հուսանք, որ, նախ, եթե արժութային միության ծրագիրը մնա, ապա դրան ՀՀ-ի միացումը կախված կլինի միայն հանրաքվեի արդյունքներից, և, երկրորդ, մինչ հանրաքվեն հանրությանը կներկայացվեն ազգային արժույթը եվրասիականով փոխարինելու բոլոր կարճաժամկետ ու երկարաժամկետ դրական ու բացասական կողմերը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:46 Սեպտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր