Ծանոթություն Եվրոպայի խորհրդի հետ

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է ընթերցողներին ծանոթացնել միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ սերտորեն գործակցում է Հայաստանը։ Եվ մեր հաջորդ "թիրախը" Եվրոպայի խորհուրդն է (ԵԽ)։

Մեր լրատվամիջոցները և հասարակ քաղաքացիները հաճախ են շփոթում ԵԽ-ն ու դրա կառույցները եվրոպական մեկ այլ կազմակերպության՝ Եվրոպական միության ու դրա կառույցների հետ։ Շփոթմունքի պատճառը անվանումների նմանություն է։ Օրինակ, Եվրոպական միությունն ունի երկու "խորհուրդներ"՝ ԵՄ խորհուրդը և Եվրոպական խորհուրդը, ԵՄ-ի մեկ այլ մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի հետ հաճախ շփոթում են ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, ԵՄ-ի Արդարադատության դատարանի (կամ պարզապես Եվրոպական դատարանի) հետ են շփոթում ԵԽ-ի դատարանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։ Շփոթության ևս մի պատճառ է այն, որ այդ երկու կազմակերպություններն օգտագործում են միևնույն դրոշը և միևնույն հիմնը, որոնք իրականում առաջինն ընդունվել են հենց ԵԽ-ի կողմից։

ԵԽ-ն եվրոպական ամենահին միջպետական կազմակերպությունն է (հիմնադրվել է 1949 թ․), որին անդամակցում են 47 պետություն (համեմատության համար հիշեցնենք, որ ԵՄ-ին անդամակցում են այդ 47-ից 28-ը)։ ԵԽ-ն ավելի նեղ մասնագիտացված է, քան ԵՄ-ն․ ԵԽ-ի շրջանակներում համագործակցությունն ընդգրկում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, միջմշակութային երկխոսությունը, կրթությունը։

ԵԽ-ի ղեկավար մարմինները երեքն են՝ Նախարարների կոմիտեն, որը կազմված է անդամ-երկրների ԱԳ նախարարներից, Խորհրդարանական վեհաժողովից, որը կազմված է անդամ-երկրների խորհրդարանների պատգամավորներից կազմված պատվիրակներից, և ՄԻԵԴ-ը, որը կազմված է Կոնվենցիային միացած երկրների թվով դատավորներից։

Ի տարբերություն ԵՄ-ի, ԵԽ-ի մարմինների ընդունած որոշումներն իրավականորեն պարտադիր չեն անդամ-երկրների համար, ունեն խորհրդատվական բնույթ։ Այդուհանդերձ, ընդունված որոշում-երաշխավորությունները կամ համաձայնագրերը խախտելը կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման տվյալ պետության դեմ՝ ձայնի, քվեարկությանը մասնակցելու իրավունքից ժամանակավոր զրկելը, անդամակցության կասեցումը կամ ընդհանրապես դադարեցումը։

ԵԽ-ի առանցքային փաստաթուղթը, որին պարտադիր պետք է միանան անդամակցել ցանկացող բոլոր պետությունները, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան է։

Մեր համաքաղաքացիների մոտ 60%-ը համարում է, որ տեղեկացված է այս ամենի մասին։ Այդպիսի համոզմունք ունի տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը, բայց առավելապես՝ 18-29 տարեկանները։

Կանանց բացարձակ մեծամասնությունը ևս համոզված է, որ բավարար չափով տեղեկացված է ԵԽ-ի մասին։ Տղամարդկանց մոտ այդպիսի համոզվածության ցուցանիշները համեմատաբար ավելի համեստ են։

Անշուշտ, ուրախալի է, որ հարցվածների նշանակալի մասը կարծում է, որ բավարար չափով տեղեկացված է ԵԽ-ի մասին։ Սակայն, հաշվի առնելով ինքնավստահ, բայց սխալ պատասխանների ավանդույթը՝ ԲԱՐՈՄԵՏՐԸ տվեց նաև ստուգիչ հարց՝ անդամակցո՞ւմ է արդյոք Հայաստանը ԵԽ-ին։ Այդ հարցման արդյունքների մասին կխոսենք մեր հաջորդ ակնարկում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

16:04 Սեպտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր