Երբ քաղաքացին է դառնում իր իրավունքների պաշտպանը

Քաղաքացիական հասարակության տեսաբաններից մեկը շատ դիպուկ նկատել է` "երբ հասարակությունը սկսում է հետևողականորեն պայքարել իր իրավունքների և ազատությունների համար` կարելի է փաստել, որ այն տվյալ երկրի իշխանություններին կարող է պարտադրել ժողովրդավարական զարգացման ուղի": Անշուշտ, ասվածն աքսիոմատիկ ճշմարտություն չէ, սակայն որոշ ուշագրավ ռացիոնալ հատիկներ պարունակում է: Ակնհայտ է, որ որևէ իշխանություն երբեք հոժարակամ չի գնում այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են "թուլացնել" իրեն: Շատ դեպքերում այդ փոփոխությունները կորզվում են հասարակական ճնշման արդյունքում, որը կարող է ուղեկցվել նաև տարաբնույթ ընդվզումներով կամ քաղաքացիական անհամաձայնության գործողություններով: Նման իրերի կարգ, որպես կանոն, առկա է սեփական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում բարձր գիտակցություն ցուցաբերող հասարակության և նրա անդամների պարագայում:

Իսկ թե այս առումով ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները, փորձել է պարզել ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը: Հունիս ամսին Երևան քաղաքում անցկացրած զանգվածային հարցման շրջանակներում ռեսպոնդենտներին տրվել էր նաև հետևյալ հարցը` "արդյոք համամիտ եք հետևյալ դատողության հետ` ՀՀ քաղաքացիները հետևողական պայքարում են իրենց իրավունքների համար":

Հարցողների հանրագումարային մոտ 36%-ն (տես. գրաֆիկ) այս կամ այն կերպ համամիտ է եղել ներկայացված դատողության հետ: Առաջին հայացքից համեստ թվացող այս ցուցանիշն իրականում վկայում է հստակ ուրվագծվող տենդենցների մասին: Նախ, ըստ էության հասարակության 1/3-ի մոտ ձևավորված կարծիք կա, որ մեր հասարակության անդամներն այլևս իրազեկ են իրենց իրավունքներին և պատրաստ են հետևողականորեն պայքարել դրանց համար: Ինչ խոսք, այս առումով նշանակալի է տարաբնույթ քաղաքացիական խմբերի և շարժումների դերը: Միանշանակ է, որ գնալով վերոնշյալ դատողության կողմնակիցների բանակը կընդլայնվի, որն ուղիղ համեմատական է քաղաքացիական հասարակության դերի և ազդեցության մեծացմանը: Ինչ խոսք, այս առումով մեծ դեր ունի նաև մեդիան, որը ստանձնել է հասարակությանը կրթելու, նրա անդամների սեփական իրավունքների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ կարևոր տեղեկություններ տրամադրողի դերը:
Այս ամենով հանդերձ, հարցվողների հանրագումարային մոտ 61%-ն այս կամ այն կերպ համամիտ չէ այն դատողության հետ, որ մեր քաղաքացիները հետևողականորեն պայքարում են սեփական իրավունքների համար: Հատկանշական է, որ նման դիրքրոշում հայտնողների մոտ 40%-ը նշել է "հիմնականում համամիտ չեմ" պատասխանի տարբերակը: Իրականում այս ոչ բյուրեղացած մոտեցումը հուշում է այն մասին, որ տվյալ մեծ "խմբի" ներկայացուցիչների որոշակի մասը սկզբունքորեն հակված է փոխել իր դիրքորոշումը: Դրան կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական շարժումների ակտիվացման նոր փուլը: Հարկավ, ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն այդ 40%-ից "բեկորներ է պոկելու" և աստիճանաբար ձևավորվելու է հանրային ընկալում, որ մեր քաղաքացիները հետևողականորեն պայքարում են իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների համար:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:32 Սեպտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր