Գիտենք, թե ինչ է Եվրասիական միությունը, բայց սխալ գիտենք

Մեր նախորդ ակնարկներից մեկում խոսեցինք այն մասին, որ երևանցիների մոտ 80%-ը համարում է, որ տեղյակ է, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Բայց պարզեցինք նաև, որ նրանց 25%-ն անգամ տեղյակ չէ, որ Հայաստանը հունվարի 1-ից այդ կազմակերպության լիիրավ անդամ է։

Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի մասին մեր համանման հարցումների ժամանակ մենք արդեն հասցրել ենք սովորել մեր համաքաղաքացիների մի մասի ինքնավստահ, բայց սխալ պատասխաններին։ Ուստի, որոշեցինք նաև ԵԱՏՄ-ի դեպքում առավել մանրամասնորեն պարզել, թե որքանով են տեղեկացված երևանցիներն այդ կազմակերպության մասին՝ նրանց հարցնելով, թե ինչ խնդիրներով է զբաղվում այդ կազմակերպությունը։

Ազնվորեն ասած, մենք այնքան էլ չզարմացանք, որ հարցվածների մոտ 70%-ն այդ կազմակերպությանը վերագրում է գործառույթներ, որոնք նա իրականում չունի։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ն, ըստ իր հիմնադիր փաստաթղթերի, ներկա պահին (քանի որ հետագայում, ԵՄ-ի նման, ԵԱՏՄ-ի բնույթն էլ կարող է փոխվել) տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը չի զբաղվում ո՛չ մասնակից-երկրների ներպետական քաղաքական խնդիրներով, ո՛չ նրանց ռազմաքաղաքական համագործակցությունն է ուղղորդում և ո՛չ էլ հարթակ է արտաքին քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման համար (մենք արդեն խոսել ենք այն մասին, թե ինչ է իրականում ԵԱՏՄ-ն)։ Հետևաբար, ճշգրիտ պատասխան տվել է հարցվածների միայն մոտ 20%, և ազնվորեն պատասխանել են, որ տեղյակ չեն միայն 13%-ը։ Ստացվում է, որ հարցվածների մոտ 65%-ը թյուր պատկերացում ունի այդ կազմակերպության մասին։

Հատկանշական է, որ այդ թյուր պատկերացումը համեմատաբար առավել տարածված է 18-29 տարեկանների խմբում, իսկ ճիշտ պատասխան (տնտեսական կազմակերպություն) տվածները համեմատաբար շատ են 61 և ավելի տարեկանների խմբում։

Հատկանշական է նաև, որ կանայք այս հարցում համեմատաբար ավելի տեղեկացված են, քան տղամարդիկ։ Այդուհանդերձ, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հարաբերական մեծամասնությունը ԵԱՏՄ-ն համարում է քաղաքական կազմակերպություն։

Այս տվյալները փաստում են, որ, նախ, չնայած 2 տարուց ավելի հայաստանյան ներքաղաքական և վերլուծական շրջանակներում եվրասիական ինտեգրման շուրջ թեժ քննարկում-բանավեճերին, մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունն այդպես էլ չի պարզել՝ ինչ է այդ կազմակերպությունը։

Երկրորդ, ակնհայտ է նաև, որ ինչպես այլ կազմակերպությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ի մասին հանրությանն իրազեկելու հարցում մեր պատկան մարմինները, միջազգային այդ կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներն ու հատուկ դրա համար գումարներ ստացող հասարակական կազմակերպությունները թերանում են հանրային իրազեկման հարցում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:40 Սեպտեմբեր 01, 2015

Ամենաընթերցված նյութեր