ՀՀ պետական պարտքը 2015թ.-ի առաջին կիսամյակում ավելացել է 240 մլն ԱՄՆ դոլարով

Հայաստանում պետական պարտքի ավելացման հիմնախնդիրը հանդիսանում է ոչ միայն ներկա Կառավարության, այլ նաև ապագա սերունդների խնդիրը: Խախտվում է "սերունդների համերաշխության" սկզբունքը, քանի որ այժմ կուտակելով պարտքեր ապագա սերունդների բեռը մեծանում է: Դեռ ավելին, եթե վերջինիս գումարվում է տարբեր պաշտոնական հաշվարկներով տարեկան մոտ 50 հազար մարդու  հասնող միգրացիան, ապա, յուրաքանչյուր Հայաստանում մնացող հայի հաշվով պարտքն ավելանում է, ավելանում է նաև հարկային բեռը, ինչպես նաև կենսաթոշակային տարիք ունեցողների տեսակարար կշիռը և այլն:

Այս ամենի հետ մեկտեղ ՀՀ կառավարությունը չի կարողանում ձերբազատվել պարտքեր վերցնելու, ինչպես նաև պետական սեփականությունը օտարելու հաշվին երկրի տնտեսությունը պահելու արատավոր քաղաքականությունից: Փաստացի երեք հիմնական գործոնների վրա է հիմնվում Հայաստանի տնտեսության ներկա "առաջընթացը"` պետական պարտքերի ավելացում, պետական սեփականության վաճառք (Որոտանի ՀԷԿ, Մարզահամերգային համալիր և այլն) և դրսից ստացվող տրանսֆերտներ:

Այս պարագայում Հայաստանի զարգացման հեռանկարները ոչ միայն "մշուշոտ", այլ, կարելի է ասել, "շատ մշուշոտ" են:

Ուսումնասիրելով ՀՀ պետական պարտքին առնչվող ցուցանիշները նկատում ենք, որ ՀՀ պետական պարտքը 2014թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 109 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2015թ.-ի առաջին կիսամյակի ավարտին այն ընդհուպ մոտեցել է 2 տրիլիոն 214 մլրդ ՀՀ դրամի, իսկ դա նշանակում է, որ այն ավելացել է 105 մլրդ ՀՀ դրամով:

Աղյուսակ 1

ՀՀ պետական պարտք (ներքին և արտաքին)

 Մլն ՀՀ դրամ

 

31.12.2014

30.04.2015

31.05.2015

30.06.2015

ՀՀ պետական պարտք

2 109 590.8

2 216 960.0

2 215 751.6

2 214 044.8

 այդ թվում`

 

 

 

 

Արտաքին պարտք

1 797 860.5

1 888 481.8

1 888 774.9

1 885 681.3

 այդ թվում`

 

 

 

 

ՀՀ կառավարության պարտք

1 588 895.8

1 679 158.6

1 680 882.5

1 682 311.0

ՀՀ ԿԲ պարտք

208 964.7

209 323.1

207 892.4

203 370.4

Ներքին պարտք

311 730.3

328 478.2

326 976.7

328 363.5

Արտաքին պետական պարտքը, որը 2014թ.-ի տարեվերջին կազմել է 1 տրիլիոն 797 մլրդ ՀՀ դրամ, 2015թ.-ի 6 ամիսների ցուցանիշներով հասել է 1 տրիլիոն 885 մլրդ ՀՀ դրամի: Արտաքին պարտքի մեջ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 1 տրիլիոն 682 մլրդ ՀՀ դրամ, իսկ ՀՀ ԿԲ պարտքը` 203 մլրդ ՀՀ դրամ, ի դեպ վերջինիս հաջողվել է մոտ 5 մլրդ դրամով նվազեցնել իր պարտքերը, իսկ Կառավարությունը դրանք ավելացրել է 94 մլրդ ՀՀ դրամով:

Ներքին պետական պարտքը 2014թ.-ի վերջի համեմատությամբ ավելացել է մոտ 17 մլրդ ՀՀ դրամով` կազմելով 328 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսությունն այս տեմպերով շարունակելու պարագայում 2015թ.-ին կկուտակի ևս մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի հասնող պարտք, որը խիստ բացասական է:   

Դոլարային արտահայտությամբ պետական պարտքի ցուցանիշների ուսումնասիրությունը ևս կարևորվում է, քանի որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը նպատակ ունի բարձրացնել տոկոսադրույքները, նավթի գներն անկում են ապրում, ՌԴ-ում ռուբլին արժեզրկվում է և այլն, այսինքն` կան դոլարի թանկացման համար հիմք հանդիսացող նախանշաններ, իսկ եթե դոլարն արժեզրկվեց, ՀՀ պետական պարտքն ամենայն հավանականությամբ աճ է արձանագրելու:

Աղյուսակ 2

ՀՀ պետական պարտք (ներքին և արտաքին)

Մլն ԱՄՆ դոլար

 

31.12.2014

30.04.2015

31.05.2015

30.06.2015

ՀՀ պետական պարտք

4 441.524

4 658.066

4 630.233

4 680.262

 այդ թվում`

 

 

 

 

Արտաքին պարտք

3 785.208

3 967.899

3 946.953

3 986.136

 այդ թվում`

 

 

 

 

 ՀՀ կառավարության պարտք

3 345.255

3 528.089

3 512.522

3 556.232

 ՀՀ ԿԲ պարտք

439.953

439.810

434.431

429.904

Ներքին պարտք

656.316

690.167

683.280

694.127

ՀՀ պետական պարտքը 2014թ.-ի վերջում կազմում էր 4 մլրդ 441 մլն ԱՄՆ դոլար, իսկ 6 ամիս անց այն հասել է 4 մլրդ 680 մլն ԱՄՆ դոլարի, այսինքն` մոտ 240 մլն ԱՄՆ դոլարով այն աճել է, իսկ ՀՀ տնտեսության մեջ զարգացումներն այնքան էլ նպաստավոր չեն, քանի որ դեռ տարվա կեսն է, իսկ մեր ՀՆԱ-ի մոտ 2.4%-ի չափով պարտք ենք ավելացրել, իսկ եթե զուտ պայմանականորեն դա կրկնապատկենք (4.8%) հաշվի առնելով 2015թ.-ի 2-րդ կիսամյակը, ապա տնտեսական աճից էլ ավելին կլինի տարեկան վերցրած պարտքի մեծությունը: Գույք վաճառելով և պարտք վերցնելով տնտեսական աճ չեն ապահովում, այդ իսկ պատճառով 2015թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներն ամփոփելուց առաջին հերթին անհրաժեշտ կլինի հանրության ուշադրությունը սևեռել այս հանգամանքների վրա: Սա շատ նման է, որ տունդ վաճառես, ինչպես նաև գնաս վարկեր ու պարտքեր վերցնես, իսկ տարվա վերջում բոլորին ասես, որ շատ լավ ու զարգացման տարի էր:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:34 Օգոստոս 25, 2015

Ամենաընթերցված նյութեր