Ո՛չ, հայերը շովինիստ չեն

Նախորդիվ մենք տեսանք, որ երևանցիների բացարձակ մեծամասնությունը համարում է, որ հայերը կա՛մ հավասար են մյուս ազգերին, կա՛մ էլ լավագույններից մեկն են։ Երևանցիների 27%-ն էլ հայերին համարում է միակ լավ ազգը, իսկ մի չնչին մասն էլ հայերին ստորադասում է բոլոր մյուս ազգերից։

Եվ, ինչպես խոստացել էինք, մենք պետք է պարզենք՝ արդյո՞ք հայերին միակ լավագույն ազգը համարող այդ 27%-ը շովինիստ (ազգայնամոլ) է՝ համոզված է, որ հայերը գերակա են այլ ազգերի նկատմամբ։

Շովինիզմն, ինչպես գիտենք, ուղեկցվում է ազգային նարցիսիզմով (ինքնասիրահարվածությամբ), երբ ոչ միայն սեփական ազգային կենսակերպը համարվում է լավագույնը, այլ անգամ առկա է համոզմունք, որ այլ ազգերից սեփական ազգը սովորելու ոչինչ չունի, այն կատարյալ է։ Հետաքրքիր է, շա՞տ են արդյոք այն երևանցիները, որոնք համոզված են, որ հայերը կատարյալ են ու այլ ազգերից սովորելու ոչինչ չունեն։

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները վկայում են, որ ազգային նարցիսիզմով "ախտահարված" երևանցիների թիվն իրականում չնչին է։ Ավելին, անգամ հայերին միակ լավ ազգը համարողների գերակշիռ մասը կարծում է, որ մենք այլ ազգերից սովորելու բան ունենք։

Փաստորեն, երևանցիների 90%-ից ավելին համոզված է, որ հայերն այլ ազգերից սովորելու բան ունեն։ Ուշագրավ է, որ եթե կանայք առավել հակված են կարծելու, որ հայերն այլ ազգերից սովորելու որոշ բաներ ունեն, ապա տղամարդիկ՝ որ սովորելու շատ բան ունեն։ Այլ ազգերից թե՛ որոշ, թե՛ շատ բան սովորելու կողմնակիցները համեմատաբար շատ են 45-60 տարեկանների շրջանում։

Այսպիսով, համադրելով նախորդ և այս հարցումների արդյունքները, կարող ենք որոշակի համոզվածությամբ պնդել, որ թե՛ շիվինիստ-ազգայնամոլները և թե՛ սեփական ազգը մյուսներից ստորադասողները մեր համաքաղաքացիների մեջ չնչին փոքրամասնություն են կազմում։ Փոխարենը, երևանցիների ճնշող մեծամասնությունը միաժամանակ և՛ հպարտ են իրենց ազգային պատկանելությամբ, և՛ կողմնակից են այլ ազգերի ձեռքբերումների յուրացման հաշվին սեփական ազգի կատարելագործմանը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:55 Օգոստոս 24, 2015

Ամենաընթերցված նյութեր