Ազդեցիկ հռետորների ժամանակներն անցնում են

Անտիկ փիլիսոփաներն առաջնորդին բնորոշ կարևորագույն որակների մեջ առանձնացնում էին հռետորի ձիրքն ու ճարտասանությունը: Խոսքն, իրոք, այդ շրջանում մեծ ազդեցություն ուներ. հայտնի զորավարներն իրենց հզոր խոսքով ենթակա զինվորներին մղում էին մեծ սխրանքների, ասպետները գրավում էին անկոտրում գեղեցկուհիների սրտները… Ներկայում, թեպետ, խոսքի արժեքը զգալիորեն ընկել է, բայց մարդիկ շարունակում են նաև դրանով կողմնորոշվել: Պատահական չէ, որ նախընտրական արշավներում որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության առաջնորդի ազդեցիկ խոսքը (ելույթ, բանավեճ, հարցազրույց և այլն) կարող է զգալիորեն նպաստել և նրա, և տվյալ քաղաքական միավորի վարկանիշի բարձրացմանը: Ճիշտ է մեր երկրում մարդիկ հոգնել են քաղաքական գործիչների գեղեցիկ խոսքերով համեմված խոստումներից, որոնք, որպես կանոն, իրականության հետ քիչ աղերսներ են ունենում, բայց այնուամենայնիվ դեռևս պահպանվում է "X-ը լավ խոսեց" կարծրատիպը: Հատկանշական է, որ շատերն են կարողացել ազդեցիկ խոսքի միջոցով փոխել հանրության շրջանում իրենց հանդեպ ձևավորված ոչ բարյացամամ վերաբերմունքը: Հիշենք, 2007թ. Լևոն Տեր-Պետրոսյանի 10 տարվա լռությունից հետո շռնդալից վերադարձը, կամ 2008թ. Արթուր Բաղդասարյանի մեծ հաջողությունը նախագահական ընտրություններում և այլն: Բայց ժամանակներն անցնում են, և գեղեցիկ խոսքերն այլևս մարդկանց քիչ են ոգևորում, նրանք դրանց կողքին ուզում են տեսնել իրական գործեր: Թերևս, ոչ վաղ անցյալի հայտնի քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի հաջողության գրավականը հենց այդտեղ էր թաքնված: Պատահական չէ, որ ԲՀԿ նախկին առաջնորդը միշտ կրկնում էր, որ "իր խոսքը գործ է": 

Հունիս ամսին Երևանում անցկացրած զանգվածային հարցումների շրջանակներում ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմը փորձեց պարզել, թե հայաստանյան քաղաքական գործիչներից ո՞ւմ են հարցվողները համարում ազդեցիկ հռետոր: Ինչպես և սպասվում էր այս հարթության վրա որևէ մեկին չհաջողվեց հաղթահարել 10%-ի շեմը, ինչը նշանակում է, որ խոսքի նշանակությունն այլևս բավականաչափ մեծ չէ մեր հասարակության արժեքային կողմնորոշիչների մեջ: Սա, անշուշտ, "տագնապի շեփոր" է քաղաքական գործիչների համար: Նրանք պետք է հասկանան, որ ճարտասանությունն ու բացառիկ հռետորական ձիրքն այլևս նախկին արդյունավետությունը կարող է և չունենան:

Իսկ ստացված արդյունքներով` հարցվողների մոտ 6%-ն (տես. գրաֆիկ) առավել ազդեցիկ հռետոր համարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տվյալ դեպքում, որոշակի դեր են խաղացել նրա սուր քննադատական ելույթներն և համարձակ ու տրամաբանված խոսքը:

ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյան ազդեցիկ հռետորի մասին, փաստորեն, միայն հուշեր են մնացել: Դա է վկայում այս հարթության վրա նրա բավականին համեստ ցուցանիշը:

Թեպետ, Գագիկ Ծառուկյանն առանձնապես աչքի չի ընկել ազդեցիկ հռետորական ձիրքով, դեռ ավելին` ներկայում նույնիսկ ակտիվ քաղաքականության մեջ չկա, սակայն դեռևս կան հարցվողներ, որոնք նրան են համարում հզոր ճարտասան: Սա ավելի շուտ Ծառուկյանի կուռ հետևորդների "ձայներն" են, որոնք չեն համակերպվում նրա` քաղաքականությունից հեռանալու որոշման հետ:

Դե իսկ երբեմնի խիստ ազդեցիկ հռետոր Արթուր Բաղդասարյանը, որը ԱԱԽ քարտուղարի իր կարգավիճակով պայմանավորված` այս առումով զգալիորեն զիջել էր դիրքերը, կարծես, աստիճանաբար վերադառնում է ֆուտբոլային լեզվով ասած "լավագույն մարզավիճակին": Ճիշտ է դեռ նրա` մոտ 3%-ոց ցուցանիշը չի վկայում այդ մասին, բայց հաշվի առնելով քաղաքական պոպուլիզմին տիրապետելու նրա բացառիկ ձիրքը, պետք է ակնկալել, որ տվյալ հարթության վրա ՕԵԿ առաջնորդն ավելի շատ հավաքելու, քան կորցնելու է:

Հարցվողների մոտ 65%-ը գտնում է, որ ազդեցիկ հռետորի որակներով օժտված գործիչներ հայկական քաղաքական իրականության մեջ չկան: Հեռու գնացող դատողություններ այս ցւոցանիշի առնչությամբ, գուցե, պետք չէ անել: Թերևս, կարող ենք միայն արձանագրել, որ Մեծ հռետորների ժամանակները, կարծես, անցնում են…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:46 Օգոստոս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր