Հայաստանի քաղաքացիական շարժումների "քաղաքացիական" պահանջները

Հայաստանում վերջին ամիսներին, կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, ձևավորվեց քաղաքացիական շարժում, որը հայտնի դարձավ "Ո՛չ թալանին" անվանումով: Սկզբում ինքնաբուխ տեղի ունեցող ակցիաները ընթացքում վերածվեցին բողոքի երկարատև միջոցառման, որին մասնակցեցին ինչպես քաղաքացիական, այնպես էլ քաղաքական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ:

Զուգահեռաբար ձևավորվեց ևս մի նախաձեռնություն, որը հանդես եկավ "Ոտքի՛, Հայաստան" անվան տակ և առաջին հայացքից զգալի նմանություններ ուներ "Ո՛չ թալանին" նախաձեռնության հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկու միավորումների բազմաթիվ համախոհներ և անդամներ նույն մարդիկ են:
ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել՝ արդյոք Հայաստանում քաղաքացիական շարժումների առաջնամասում գործող այս երկու նախաձեռնությունները նու՞յնն են իրենց նպատակների, ձևավորման հիմքերի և կարգախոսների մակարդակում, թե՞ ամեն դեպքում գործ ունենք տարբեր տիպի կառույցների հետ: Հետազոտության հիմք են հանդիսացել "Ո՛չ թալանին" նախաձեռնության կողմից ներկայացված պահանջները և "Ոտքի՛, Հայաստան" քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը:

"Ո՛չ թալանին" նախաձեռնության պահանջներն են՝ վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը, վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագինը` նվազեցման նպատակով և պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով Բաղրամյան պողոտայուm բռնություններ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: Ակնհայտ է, որ պահանջները քաղաքական բնույթի չեն, այլ՝ տնտեսական և իրավական, և, ըստ էության, արտահայտում են ոչ թե մարդկանց որևէ նեղ խմբի շահերն ու նպատակները, այլ ողջ հանրության: Ընդ որում, անկախ որևէ քաղաքական-կուսակցական պատկանելիության կամ գաղափարախոսությանը հավատարիմ լինել-չլինելուց, դժվար է չհամաձայնել վերընշված պահանջների հետ:
Ինչ վերաբերում է "Ոտքի՛, Հայաստան" քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությանը, որը նույնպես պարունակում է պահանջներ, ապա պետք է նշել, որ դրանք կարելի է դասակարգել հետևյալ "խմբերի" մեջ՝ տնտեսական, իրավական, քաղաքական, սոցիալական:

"Ոտքի՛, Հայաստան" քաղաքացիական շարժման պահանջները

Պահանջ

Տեսակ

ազատ ձեռներեցության իրավունքը լինի անձեռնմխելի

Տնտեսական

ներդրվի արդար հարկային համակարգ

երկրում հաստատվի արդարադատություն

Իրավական

լուծարվեն անօրինական և սահմանադրության դեմ գործող կուսակցությունները

պաշտպանվի աշխատանք ստանալու և մասնագիտական առաջընթաց ունենալու իրավունքը

իշխանությունը մաքրվի հանցագործներից

Քաղաքական

թալանածը վերադարձվի ժողովրդին

Հայաստանի Հանրապետությունում բացառվի քաղբանտարկյալ հասկացությունը եւ քաղաքական հետապնդումներն ընդհանրապես

երաշխավորվեն ազատ, արդար ու ազնիվ ընտրությունները

հանրայնացվի ռազմավարական նշանակության խոշոր սեփականությունը

արդիականացվի բանակը, ոստիկանությունը և ազգային անվտանգությունը

ուժային կառույցների ծառայողների համար ստեղծվեն ծառայության արժանապատիվ պայմաններ

Հայրենական Մեծ, Արցախյան պատերազմների և սահմանում մարտական գործողությունների բոլոր մասնակիցներն ունենան արժանապատիվ սոցիալական ապահովում:

Սոցիալական

աշխատանքի դիմաց վարձատրությունը լինի արդար

բարձրացվի սոցիալական ապահովությունը

Ինչպես երևում է, քաղաքական բնույթի պահանջներն ավելի շատ են, քան մյուսները, բայց այլ բնույթի պահանջների մեջ նույնպես կան այնպիսիք, որոնց հասցեատերը երկրի քաղաքական, ոչ թե տնտեսական էլիտան է, և որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որոշում, նախագիծ և այլն: Այնպես որ, որքան էլ "Ոտքի՛, Հայաստան" շարժման կազմակերպիչներն իրենք իրենց անվանում են քաղաքացիական, այնուամենայնիվ, միավորման պահանջները հուշում են, որ այն քաղաքական բնույթ ունի, քանի որ հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ և խոսում է իր կողմից արձանագրված խնդիրների լուծման հենց քաղաքական մեթոդների մասին: Առավել ևս, որ պահանջներում կան այնպիսիք, որոնք արդեն իսկ ամրագրված են ՀՀ օրենքներով: Այլ բան է, որ դրանք չեն գործում, բայց պահանջ առ այն, որ դրանք գործեն՝ արդեն բնույթով քաղաքական է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:00 Օգոստոս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր