Սահմանադրական փոփոխություններն իրենց ողջ հմայքով. մաս 2

Գործող սահմանադրության մի շարք դրույթների վերանայումը և փոփոխությունը, բնականաբար, ոչ այնքան ներկայում, որքան ապագայում հանրային կյանքն ավելի ռացիոնալ և հումանիստական դարձնելուն միտված քայլեր են: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով են անհրաժեշտ այս փուլում սահմանադրական բարեփոխումները, պետք է փաստել, որ իդեալական սահմանադրություն գոյություն չունի, ուստի որևէ սահմանադրություն մշտապես ճշգրտման, հստակեցման, նոր դրույթների ներմուծման, նաև որոշ դրույթների վերանայման կարիք ունի:

Հայաստանի հանրային կյանքում վերջին շրջանում մեծ դեր են խաղում քաղաքացիական շարժումները և զանգվածային հավաքները, որոնք կարող են ունենալ տարբեր՝ տնտեսական, քաղաքական, կրթական և այլ հիմքեր: Նոր սահմանադրության նախագծում որոշակի փոփոխություններ են արվել կուսակցությունների և զանգվածային հավաքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հոդվածներում:

Շարունակելով կատարել գործող սահմանադրության և նոր սահմանադրության նախագծի համեմատություն՝ ներկայացնում ենք այդ հոդվածներում տեղ գտած փոփոխությունները:

 

Գործող սահմանադրության հոդված

Նոր սահմանադրության նախագծի հոդված

Մեկնաբանություն

Հոդված 28. Կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոտիկանության, ազգային անվտանգության, դասախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:

Հոդված  45.2  Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների` կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

 

Եթե գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ դատավորների, դատախազների և քննիչների նկատմամբ կուսակցության անդամ լինելու իրավունքը կարող է սահմանափակվել, ապա նոր սահմանադրության նախագծով նրանց այդ իրավունքն ուղղակի սահմանափակված է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա քաղաքացու իրավունքների խախտում է, սակայն, հաշվի առնելով Հայաստանում արդարադատության համակարգի զարգացման և օբյեկտիվ աշխատանք ապահովելու անհրաժեշտությունը, նոր սահմանադրության նախագծով արգելվել է դատավորների, դատախազների և քննիչների անդամակգությունը որևէ կուսակցության՝ իրենց մասնագիտական պարտականությունները քաղաքական- գաղափարական ազդեցությունից ապահովագրելու նպատակով:

Հոդված29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք։

Հոդված 43.1 Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք ունի:

 

Նոր սահմանադրության նախագծում դուրս է եկել "առանց զենքի" ձևակերպումը, ինչը նշանակում է, որ նոր սահմանադրությամբ "խաղաղ հավաք" և "առանց զենքի անցկացվող հավաք" երևույթները նույնացվել են: Գործող սահմանադրության մեջ, փաստորեն, "խաղաղ հավաքը" հասկացվում է շատ նեղ իմաստով՝ որպես առանց զենքի անցնող հավաք, քանի որ հոդվածում ստորակետով գրված է "խաղաղ, առանց զենքի հավաքներ": Նոր սահմանադրության նախագծում այդ սահմանափակումը վերացվել է, և այսուհետ հավաքը կարող է համարվել ոչ խաղաղ ոչ միայն այն դեպքում, եթե առկա է զենք, այլև եթե տեղի է ունենում ծեծկռտուք, բռնություն, պարտադրանք:

Հոդված 30.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք։

Հոդված 46.2 Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք:

Այն կարևոր լրացումը, որն արվել է այս հոդվածում, սահմանում է, որ ոչ միայն ՀՀ քաղաքացի ծնող ունեցող, այլև հայազգի ցանկացած մարդ ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք: Հաշվի առնելով վերջին շրջանում Սիրիայից և այլ երկրներից դեպի Հայաստան մեր հայրենակիցների հոսքը, սույն փոփոխությունը հստակեցնում է երկրում նրանց քաղաքացիական կարգավիճակը և հանրային կյանքին մասնակցելու ավելի լայն հնարավորություններ է սահմանում՝ արդեն ոչ թե որպես փախստականների կամ ներգաղթյալների, այլ որպես ՀՀ քաղաքացիների:

 

շարունակելի

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր