Սահմանադրական փոփոխություններն իրենց ողջ հմայքով. մաս 1

 

Հայաստանում վերջին շրջանում հանրային հարթակում ամենաշատ քննարկվող թեման, թերևս, սահմանադրական բարեփոխումներն են, կամ, ավելի ստույգ, սահմանադրության որոշ հիմնարար դրույթների փոփոխությունները: Դրանք որոշ քաղաքական ուժերի կողմից արժանանում են, որպես կանոն, միակողմանի գնահատականնների, այն է՝ սահմանադրությունը փոխվում է իշխող կուսակցության և անձանց հետագա իշխանությունն ապահովելու և "անակնկալներից" ապահովագրելու համար: Ինչ խոսք, սրանք բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնց վրա գուցե կառուցվեն Սահմանադրական փոփոխություններին "ոչ" ասող ուժերի հիմնական հակափաստարկները: Սակայն, զուտ քաղաքական դիսկուրսը թողնելով քաղաքական ուժերին, փորձենք առարկայական համեմատության հարթության վրա ներկայացնել գործող Սահմանադրության համեմատ նոր նախագծում առկա փոփոխությունները:

 

Գործող սահմանադրության հոդված

Նոր սահմանադրության նախագծի հոդված

Մեկնաբանություն

Հոդված 3.

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է: Մարդու անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:  

Մի կողմից, հստակեցում է մտցված ՀՀ-ում որպես բարձրագույն արժեք ճանաչվողի հարցում, մյուս կողմից՝ գործող սահմանադրության մեջ մարդու հիմնական ազատություններն ու իրավունքները նոր  նախագծում այլևս չեն համարվում բարձրագույն արժեք, փոխարենը այդպիսին է ճանաչվում միայն մարդը:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է:

"Պետությունը" փոխարինվել է "հանրային իշխանություն" հասկացությամբ, միաժամանակ հանվել է այն կետը, ըստ որի գործող սահմանադրությամբ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են՝ միջազգային իրավունքին համապատասխան: Այդ գործառույթը վերապահվել է հանրային իշխանությանը որպես պարտականություն:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Կրկին, "պետության" փոխարեն ներմուծված է "հանրային իշխանություն" հասկացությունը, որը, թերևս, լրացուցիչ հստակեցման կարիք ունի, քանի որ հասկանալի չէ, թե ո՞րն է հանրային իշխանությունը, արդյոք դա նու՞յնն է, ինչ պետությունը, և եթե ոչ, ապա ո՞րն է այդ դեպքում պետության դերը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:

Հոդված 8.1

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հոդված 17.2

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով:

Փոփվել է ՀՀ և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող միջոցը. եթե գործող սահմանադրությամբ այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, ապա նոր սահմանադրության նախագծով բավական է նաև պետության և եկեղեցու միջև կնքված համաձայնագիրը: Սա, թերևս, թույլ կտա այդ հարաբերություններում խուսափել այլ օրենքների հետ հակասություն առաջացնող օրենքներով հարաբերություններ կառուցելուց:

Հոդված 16.2

 Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը:

Հոդված 26.2

 Ոչ ոքի չի կարելի անձնական ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով, եթե անձը չի ենթարկվել դատարանի իրավաչափ կարգադրությանը:

Աննշան թվացող փոփոխությունը "անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը" -ից դեպի "անձը չի ենթարկվել դատարանի իրավաչափ կարգադրությանը" իրականում տրամաբանական տեսակետից մեծ ձեռքբերում է, քանի որ գործող սահմանադրությամբ անձը պարտավոր է ենթարկվել դատարանի ցանկացած, այդ թվում և՝ ոչ իրավաչափ, կարգադրությանը, մինչդեռ նոր սահմանադրության նախագիծը հաստատում է, որ անձին վերաբերվող դատարանի որոշումները պետք է լինեն իրավաչափ, հակառակ դեպքում անձը կարող է նաև չենթարկվել դատարանի կարգադրությանը:

 

շարունակելի

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:13 Օգոստոս 17, 2015

Ամենաընթերցված նյութեր