Հայկական բացառիկությո՞ւն, թե՞ շովինիզմ

Ազգային բացառիկության զգացումը՝ այն, որ քո ազգը մյուսներից ոչ միայն պարզապես տարբերվում է, այլ նաև ընտրյալ է ու ինչ-որ համամարդկային առաքելություն ունի, պատմության տարբեր փուլերում բնորոշ է եղել շատ ժողովուրդների (եգիպտացիները, հրեաները, հռոմեացիները, հույները, բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, ճապոնացիները, չինացիները, ամերիկացիները և այլն)։

Ինքնին դա պախարակելի երևույթ չէ, քանի այն չի զուգորդվում շովինիզմով (ազգայնամոլությամբ)՝ այլ ազգերի ստորադասմամբ, նրանց նկատմամբ սեփական ազգի գերակայության մասին համոզմունքով։ Վերջինիս վրա են հենցկառուցվում կայսերապաշտությունն ու գաղութարարությունը, դրանք էին հունա-հռոմեական, բրիտանական, գերմանական, ճապոնական, խորհրդային կայսերապաշտական քաղաքականության, ինչպես նաև ժամանակակից եվրակենտրոնության ու դրա դրսևորում ամերիկենտրոնության, չինակենտրոնության գաղափարախոսական հենքը։

Մենք՝ հայերս էլ ունենք ազգային բացառիկության պատկերացումներ, որոնք հենվում են գերազանցապես պատմական և լեզվամշակութային զարգացման յուրահատկությունների վրա։ Դրա վկայությունն են մեր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, օրինակ, երևանցիների շուրջ 60%-ը համոզված է, որ հայերն իրենց բարձր մշակույթով ո՛չ ասիացի են, ո՛չ եվրոպացի, ո՛չ էլ կովկասցի, այլ բացառապես հայ։ Գրեթե նույն պատկերն է նաև ամենօրյա նիստուկացի առումով։

Բայց որքանո՞վ է ազգային բացառիկության այդ պատկերացումը մեզանում զուգորդվում ազգայնամոլությամբ, այսինքն, մենք մեզ այլ ազգերից վեր դասո՞ւմ ենք։

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց ստանալ այս հարցի պատասխանը երևանցիներից։

Ինչպես տեսնում ենք, երևանցիների հարաբերական մեծամասնությունը հայերին համարում է բոլոր ազգերին հավասար, մոտ 25%-ն էլ՝ լավագույն ազգերից մեկը։ Վերջին ցուցանիշը վկայում է այն մասին, որ մեր համաքաղաքացիների մի նշանակալի մաս տարբերակում է "լավ" և "վատ" ազգերին։ Բայց առավել ուշագրավ է այն, որ մի 27%-ն էլ հայերին համարում է միակ լավ ազգն աշխարհում։

Հատկանշական է, որ թե՛ հայերին բոլորին հավասար, թե՛ լավագույններից մեկը և թե՛ միակ լավը համարողների բացարձակ մեծամասնությունը կանայք են, մինչդեռ մյուսներից վատը համարողների մեջ կանայք և տղամարդիկ նույն թիվն են կազմում։

Հայերին մյուսներից ավելի վատ համարողները մեծ թիվ են կազմում 45-60 տարեկանների խմբում, մյուսներին հավասար համարողները գրեթե հավասարաչափ բաշխվել են բոլոր տարիքային խմբերում։ Եվ եթե հայերին լավագույններից մեկը համարողները համեմատաբար շատ են 18-29 տարեկանների մեջ, ապա միակ լավը համարողների մեծ մասը 30-44 տարեկաններն են։

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ երևանցիների մեծամասնությունն իսկապես հպարտանում է իր ազգային պատկանելությամբ, ինչի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ ակնարկներից մեկում։ Այդուհանդերձ, այս տվյալները լիարժեք հիմք չեն որոշելու՝ երևանցիները հայերին համարում են պարզապես բացառի՞կ, թե՞ նաև այլ ազգերի նկատմամբ գերակա ազգ։ Այդ հարցի առավել ճշգրիտ պատասխանն ստանալու նպատակով, երևանցիներին տրվել է նաև ճշգրտող հարց՝ ունե՞ն արդյոք հայերն այլ ազգերից սովորելու բան։ Այդ հարցի շուրջ ուսումնասիրության արդյունքների մասին կխոսենք մեր հաջորդ ակնարկում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Օգոստոս 11, 2015

Ամենաընթերցված նյութեր