Ծանոթություն ՀԱՊԿ-ի հետ

1992թ. Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանն ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որին 1993թ. միացան Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը: Այն նախատեսված էր 5 տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ: 1994թ. Պայմանագիրը մեջ ուժի մտավ: Սակայն 1999թ. այն երկարաձգեցին միայն 6 պետություններ՝ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Արդեն 2002թ. Պայմանագրի հիման վրա ձևավորվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

Այն, կարելի է ասել, ՆԱՏՕ-ի համարժեքն է հետխորհրդային տարածքում, թեև, անշուշտ, և՛ անդամների թվով, և՛ ներուժով, և փորձառությամբ էականորեն զիջում է Ատլանտյան դաշինքին:

Ինչպես ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն ևս իր անդամներին տալիս է երկու առավելություն, որոնք հիշատակված են ՀՀ արտաքին քաղաքականության "մայր փաստաթղթում"՝ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ.

  • ըստ Պայմանագրի, անդամ-պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա,
  • ՀԱՊԿ-ին անդամակցության շնորհիվ՝ անդամ-երկրները կարող են արտոնյալ պայմաններով սպառազինություն գնել միմյանցից:

Իսկ որքանո՞վ են տեղեկացված մեր համաքաղաքացիները ՀԱՊԿ-ի մասին, որը համարվում է ՀՀ ազգային անվտանգության միջազգային հենասյուներից մեկը:

Գուցե տարօրինակ է, բայց, ինչպես տեսնում եք, երևանցիների մոտ 60%-ը ընդհանրապես տեղեկացված չէ այդ կազմակերպության մասին: Հատկանշական է, որ անտեղյակների 60%-ը կանայք են: Ըստ տարիքային ցուցանիշի, անտեղյակները համեմատաբար շատ են 30-44 տարեկանների խմբում:

Եվ, հակառակը, իրենց լավատեղյակ և բավարար տեղեկացվածների բացարձակ մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ ըստ տարիքային ցուցանիշի, լավատեղյակները համեմատաբար շատ են 18-29 և 45-60 տարեկանների, բավարար տեղեկացվածները՝ 45-60 տարեկանների մեջ:

Պետք է ցավով արձանագրենք, որ մեր համաքաղաքացիների մեծամասնությունն անգամ բավարար տեղեկություններ չունի մի կազմակերպության մասին, որի հիմնադիրներից է Հայաստանը և որը համարվում է պետության անվտանգության միջազգային երաշխիքներից մեկը:

Մեղավորներն այս հարցում երկուսն են՝ պետական համապատասխան մարմինները և ինքը՝ ՀԱՊԿ-ն, թեև 2008թ.-ից Երևանում գործում է ՀԱՊԿ տեղակատվական կենտրոնը, իսկ համեմատաբար վերջերս՝ 2012թ. Երևանում բացվեց նաև ՀԱՊԿ ինստիտուտը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:48 Հունիս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր