Հայաստանցիների մեծամասնությունը կողմնակից է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելուն

Նախորդ ակնարկներում մենք խոսեցինք այն մասին, որ թեև երևանցիների բացարձակ մեծամասնություն իրեն համարում է տեղեկացված ԵՄ-ի մասին, բայց մոտ 40%-ն սխալմամբ կարծում է, թե ՀՀ-ն ԵՄ-ի անդամ է:

Այդուհանդերձ, ինչպես ցույց են տալիս "Կովկասյան բարոմետրի" 2013թ. հարցախույզի տվյալները, հայաստանցիների հարաբերական մեծամասնությունը՝ 40%-ը կողմ է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը:

Մեծ թիվ են կազմում նաև հարցի նկատմամբ անտարբերները, և միայն 23%-ն է դեմ արտահայտվել անդամակցությանը: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկան հարաբերական մեծամասնությունը կողմ է անդամակցությանը, բայց տղամարդկանց մեջ ընդդիմախոսները համեմատաբար ավելի շատ են:

Կողմ արտահայտվողները ներկայացնում են բոլոր տարիքային խմբերի հարաբերական մեծամասնությունը, բայց այդ կարծիքն առավել տարածված է 18-35 տարեկանների մեջ: Իսկ ընդդիմախոսները համեմատաբար շատ են 35-ից բարձրերի մեջ:

Ուշագրավ է նաև, որ թե՛ մայրաքաղաքային, թե՛ քաղաքային, թե՛ գյուղական վայրերի բնակիչների հարաբերական մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը: Ավելին, կողմնակիցների տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է: Բայց եթե մայրաքաղաքային ու քաղաքային բնակիչների 20%-ն է դեմ անդամակցությանը, ապա գյուղացիների՝ 26%-ը:

Այս ամենը հիմք է տալիս եզրահանգելու, որ, անկախ ամեն ինչից (օրինակ՝ որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն անհամատեղելի է Եվրոպական միությանն անդամակցելու հետ), մեր հասարակության հարաբերական մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Եվ դա՝ թե՛ ըստ սեռային, թե՛ տարիքային խմբերի և թե՛ ըստ բնակության վայրի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Հունիս 12, 2015

Ամենաընթերցված նյութեր