Արմանք-զարմանք. երևանցիների շուրջ 40%-ը կարծում է, թե Հայաստանը Եվրոպական միության անդամ է

Նախորդ ակնարկում մենք տեսանք, որ երևանցիների շուրջ 80%-ը համոզված է, որ տեղեկացված է ԵՄ-ի մասին: Եվ մենք խոստացանք, որ կպարզենք՝ համապատասխանու՞մ է դա իրականությանը, թե ոչ: Այդ նպատակով, ԲԱՐՈՄԵՏՐԸ երևանցիներին տվեց ամենապարզ հարցը, որին ճիշտ պատասխանելու համար ԵՄ-ի մասին մեծ իմացություն պետք չէ՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ-ի անդա՞մ է:

Զարմացա՞ծ եք: Մենք ավելի շատ, քանի որ դեռևս 2009թ. "Կովկասյան բարոմետրի" համահայաստանյան հարցախույզի տվյալների համաձայն, հարցվածների 51%-ը կարծում էր, թե ՀՀ-ն ԵՄ-ի անդամ է: Այդ սխալ կարծիքով ՀՀ-ն տարածաշրջանում 1-ին տեղում է՝ մոտ 20%-ով հետևում թողնելով Ադրբեջանին, մոտ 30%-ով էլ՝ Վրաստանին:

Երևանյան 2015թ. տվյալներից դատելով՝ վերջին 6 տարիների ընթացքում պատկերն էապես չի փոխվել: Երևանցիների մի զգալի մասը, անգամ 2015թ. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, դեռ կարծում է, որ ՀՀ-ն Եվրոպական միության անդամ է:

Տեսնենք, թե ովքեր են շարունակում ՀՀ-ին ԵՄ-ի անդամ համարել: Եվ այստեղ մենք մեր երկրորդ արմանք-զարմանքն ենք ապրում. պարզվում է՝ սխալմամբ ՀՀ-ին ԵՄ-ի անդամ համարում են այդ կազմակերպության մասին իրենց լավատեղյակ համարողների 27%-ը և բավարար տեղեկացված համարողների 47%-ը:

Այդ սխալ կարծիքն առավել տարածված է կանանց մոտ, ըստ տարիքային ցուցանիշի՝ 30-44 տարեկանների շրջանում:

2009թ. այս սխալ համոզմունքն ունեցողները կազմում էին տարիքային բոլոր խմբերի մեծամասնությունը: Ցավոք, 2015թ. հարցված երիտասարդների մեջ այդ սխալն առավել տարածված է մնում, մինչդեռ ճիշտ պատասխանը՝ ՀՀ-ն ԵՄ-ի անդամ չէ, առավել տարածված է 45-60 տարեկանների մեջ, ըստ որում՝ մեծամասամբ տղամարդկանց:

Մեզ մնում է կրկին հիշեցնել, որ ՀՀ-ն Եվրոպական միության անդամ չէ, չի եղել ու նման նպատակ չունի: Ավելին, տարածաշրջանում միայն Վրաստանն է ԵՄ-ին անդամակցելը պաշտոնական նպատակ հռչակել: Այդուհանդերձ՝ ՀՀ-ն զարգացրել է ԵՄ-ի հետ բավական խորը և լայն համագործակցություն, որն այսօր ընթանում է ԵՄ-ի Եվրոպական հարևանության քաղաքականության և "Արևելյան գործընկերության" շրջանակներում: 2010թ. մեկնարկեցին ԵՄ-ՀՀ բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ, որով կողմերի միջև պետք է ստեղծվեր ազատ առևտրի գոտի:

Սակայն 2013թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց ՌԴ-ի գլխավորած Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նպատակի մասին: Արդյունքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը դարձավ տեխնիկապես անհնար: Այդուհանդերձ, 2015թ. մայիսին Ռիգայի գագաթնաժողովում ՀՀ-ն և ԵՄ-ն հայտարարեցին համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու մասին:

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հունիս 11, 2015

Ամենաընթերցված նյութեր