Ծանոթություն Եվրոպական միության հետ

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է վերհանել միջազգային կազմակերպությունների մասին երևանցիների իրազեկվածության աստիճանը: Մեր հաջորդ "թիրախը" Եվրոպական միությունն է:

Տեղյա՞կ են արդյոք մեր համաքաղաքացիներն այդ կազմակերպության մասին:

Ինչպես ՆԱՏՕ-ի դեպքում, այս հարցում էլ մեր համաքաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իրեն տեղեկացված է համարում: Հատկանշական է, որ կանայք ավելի շատ են իրենց տեղեկացված համարում, քան տղամարդիկ: Այդպիսի համոզմունքն առավել տարածված է 45-60 տարեկանների մեջ:

Ուշագրավ է նաև, որ տեղեկացվածության պակաս զգացողների մեծամասնությունը ևս կանայք են: Իսկ դա առավել տարածված է 18-44 տարեկանների շրջանում:

Սրանք ԵՄ-ի մասին տեղեկացվածության բավական բարձր ցուցանիշներ են: Իսկ թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, կպարզենք հաջորդիվ:

Իսկ ի՞նչ է պետք իմանալ ԵՄ-ի մասին: ԵՄ-ն հիմնադրվել է 1993թ.: Այն էապես տարբերվում է մյուս միջազգային կազմակերպություններից. օրինակ, նրա 28 անդամ-երկրները որոշ ոլորտներում (օրինակ՝ մաքսային և արժութային, արտաքին առևտրային, մրցակցության պաշտպանության քաղաքականություններ) իրենց ինքնիշխան լիազորությունները փոխանցել են ԵՄ-ին, որոշ ոլորտներում էլ (ընդհանուր շուկա, գյուղատնտեսություն, ձկնորսություն, տրանսպորտ, շրջակա միջավայր և այլն) ԵՄ-ի որոշումներն ունեն առաջնայնություն պետականի նկատմամբ:

ԵՄ-ի օրենսդիր մարմինը՝ Եվրոպական խորհրդարանը, միակն է աշխարհում, որ ուղղակիորեն ընտրվում է քաղաքացիների կողմից, իսկ գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը, անդամ-պետություններից քաղաքականապես անկախ մարմին է:

ԵՄ-ն ունի իր դրոշը, որը նա "վերցրել" է եվրոպական մեկ այլ՝ ամենահին կազմակերպությունից՝ Եվրոպայի խորհրդից: Ունի նաև ոչ պաշտոնական օրհներգ՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Եվրոպայի օրը՝ մայիսի 9-ը: Ամենամեծ ձեռքբերումներից մեկը ԵՄ-ի միասնական դրամական արժույթն է՝ եվրոն:

Բայց ԵՄ-ն ունի նաև մի քանի ներքին "տարօրինակություններ".

  1. Եվրոյի գոտուն միանալուց պաշտոնապես ընդհանրապես հրաժարվել են Մեծ Բրիտանիան և Դանիան, իսկ Շվեդիան թեև համաձայնել է միանալ, բայց արդեն 15 տարի է՝ գործնականում չի միացել:
  2. Դանիան ԵՄ-ի միակ երկիրն է, որը հրաժարվել է միանալ ԵՄ-ի ռազմապաշտպանական քաղաքականությանը և միասնական քաղաքացիությանը (ԵՄ-ի մյուս անդամ-երկրների քաղաքացիները մեխանիկորեն համարվում են ԵՄ-ի քաղաքացի՝ օժտված ԵՄ-ի տարածքում ազատ տեղաշարժվելու, բնակության ու աշխատանքի վայր ընտրելու, Խորհրդարանի ընտրություններին մասնակցելու և այլ լրացուցիչ իրավունքներով):
  3. Մեծ Բրիտանիան և Իռլանդիան պաշտոնապես հրաժարվել են միանալ Շենգենի գոտուն:

Ի դեպ, անունների նմանության պատճառով, մենք հաճախ շփոթում ենք ԵՄ-ն ու նրա մարմինները (հատկապես, Եվրոպական խորհուրդը, ԵՄ-ի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը) Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների (Նախարարների խորհրդի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի) հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հունիս 09, 2015

Ամենաընթերցված նյութեր