Խորհրդարանական կուսակցությունների "անտի-ռեյտինգը"

ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած հարցումները վկայում են, որ Ազգային ժողովն առավել քիչ վստահություն վայելող քաղաքական ինստիտուտներից է: Մեծապես հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ խորհրդարանին առնչվող ցանկացած հարցում, անգամ եթե այն ուղիղ կապ չունի նրա վստահության հետ, հարցվողները պատասխանում են դժկամությամբ և բացասական կանխատրամադրվածությամբ: Այս առումով բացառություն չէր նաև ապրիլ ամսին Երևանում` ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած զանգվածային հարցման` ԱԺ-ին վերաբերող բաժնում արձանագրված պատկերը: Վերը նշված տենդենցը մի փոքր այլ շեշտադրումով արտահայտվել է նաև."Նշեք, խնդրեմ, ԱԺ-ում ներկայացված 6 քաղաքական կուսակցություններից ո՞րին ամենաշատը չէիք ցանկանա տեսնել հաջորդ Խորհրդարանում" հարցի պատասխանների համատեքստում: Հատուկ ընդգծենք, որ հարցվողները այս հարցին ի պատասխան կարող էին նշել միայն մեկ կուսակցության անուն:

Նախ` հատկանշական է, որ հարցվողների մոտ 67%-ը հստակ նշել է որևէ կուսակցության անուն, որին չէր ցանկանա տեսնել հաջորդ Խորհրդարանում: Սրան զուգահեռ հարցվողների միայն 10%-ն է նշել, որ ԱԺ-ում չկա որևէ քաղաքական ուժ, որին չէր ցանկանա տեսնել մյուս գումարման Բարձրագույն, ներկայացուցչական օրենսդիր մարմնում: Իրականում այս պատկերը վկայում է այն մասին, որ երևանցիներին սկզբունքորեն չի բավարարում ԱԺ-ում գոյություն ունեցող քաղաքական "լանդշաֆտը" և այլևս ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանում, ըստ ամենայնի, այն զգալի փոփոխությունների կենթարկվի:

Գրաֆիկ.
Նշեք, խնդրեմ, ԱԺ-ում ներկայացված 6 քաղաքական կուսակցություններից ո՞րին ամենաշատը չէիք ցանկանա տեսնել հաջորդ Խորհրդարանում

Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական կուսակցություններին, որոնց հարցվողները չէին ցանկանա տեսնել մյուս ԱԺ-ում, ապա այս առումով բացարձակ "առաջատարը" ՀՀԿ-ն է: Իշխող քաղաքական ուժի նկատմամբ նման վերաբերմունքը մի կողմից բնական է, եթե հաշվի առնենք առհասարակ ԱԺ-ի նկատմամբ հանրային ցածր վստահության գործոնը և Հանրապետականի` իշխող կուսակցություն լինելու հանգամանքը, բայց մյուս կողմից նման պատկերը (մոտ 33%-ը չի ցանկանում ՀՀԿ-ին տեսնել հաջորդ Խորհրդարանում) վկայում է նրա նկատմամբ դրսևորվող արդեն բացասական- կարծրատիպային ընկալումների հետ:
Հետազոտության արդյունքները նաև վկայում են, որ հարցվողները շատ ավելի լոյալ են գտնվել ՀՅԴ-ի, Ժառանգության և ԲՀԿ-ի նկատմամբ, իսկ ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի նկատմամբ ունեն առավել արտահայտված վերապահումներ:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:00 Հունիս 02, 2015

Ամենաընթերցված նյութեր