Հասարակական անվտանգությո՞ւն, թե՞ մարդու իրավունքներ

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններն ԱՄՆ-ում ոչ միայն պատճառ դարձան աշխարհի բազմաթիվ երկրներում հակաահաբեկչական միջոցառումների խստացման համար, ոչ միայն առիթ տվեցին մի շարք երկրների (նախևառաջ, հենց ԱՄՆ-ին) ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ "մարդասիրական ներխուժումներ" իրականացնել Աֆղանստան, Իրաք և այլուր:

Դրանք նաև խթանեցին ընդգրկուն քննարկումներ մարդու իրավունքների՝ հակաահաբեկչական միջոցառումներով պայմանավորված սահմանափակումների շուրջ: Թերևս հենց այդ պատճառաբանությունն էր ընկած եվրոպական մի շարք երկրներում հանրային վայրերում մուսուլման կանանց հիջաբն ամբողջությամբ կրելու արգելքի (կրոնական ազատություններ), ինչպես նաև ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների կողմից մարդկանց անձնական զրույցների գաղտնալսումների արտոնման (անձնական կյանքի գաղտնիության իրավունք) ու մի շարք այլ սահմանափակումների հիմքում:

Այս ամենը, անշուշտ, առաջ է բերել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անձանց դժգոհությունը և բողոքը: Բայց, կարծես, այս ամենը մեր հանրությանն առանձնապես չի էլ հուզել: Այդուհանդերձ, ի՞նչ են կարծում երևանցիները, ո՞րն է առավել կարևոր՝ հասարակական անվտանգությունը՞, թե՞ մարդու իրավունքներն ու ազատությունները:

Ինչպես վկայում են ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները, հարցվածների գերակշիռ մեծամասնությունն առավել կարևորում է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Հատկանշական է, որ այդ կարծիքն առավել տարածված է կանանց մոտ, իսկ տղամարդկանց հարաբերական մեծամասնությունը, հակառակը, կարևորում է հասարակական անվտանգությունը:

Հատկանշական է նաև, որ ո՛չ հասարակական անվտանգության, ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցների տարիքային կազմում որևէ ընդգծված առանձնահատկություն չկա: Այսինքն, տարիքային խմբերից որևէ մեկի ներկայացուցիչները չունեն հատուկ՝ մյուսներից էապես տարբերվող գերապատվություն:

Սա խոսում է այն մասին, որ մեր համաքաղաքացիների համար մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակա է հասարակական-պետական անվտանգության մոտեցումների նկատմամբ, և նրանց միջև երկընտրանքի դեպքում առավելությունը տրվում է առաջինին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:03 Մայիս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր