Պետական դրոշների հիերարխիան. ՌԴ, ԱՄՆ, ՀՀ…..

Աշխարհի քաղաքական քարտեզում գոյություն ունեն բազմաթիվ պետություններ, որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն կառավարման ձևով, բնակչության թվով, տարածքի մեծությամբ, տնտեսական զարգացման ցուցանիշներով և այլն, այլև ազգային, պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշով: Հարկ է նկատել, որ այդ պետական դրոշները միմյանցից տարբերվում են ոչ միայն համապատասխան գույների համադրությամբ, այլև իրենց "ուժով", տարբեր գործընթացներում ունեցած դերակատարությամբ: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ պետությունների դրոշներ մեծամասնության համար շարունակում են մնալ "անծանոթ", մինչդեռ որոշ երկրների դրոշներ էլ քաջածանոթ են այդ մեծամասնությանը: Իհարկե, պետական դրոշներին ծանոթ կամ անծանոթ լինելը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն հետաքրքիր է նաև այն հարցի պատասխանը, թե որ պետությունների դրոշներն են մարդկանց համար առավել հիշվող/տպավորիչ:

Վերոգրյալի հետ կապված ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացրել է հետազոտություն՝ նպատակ ունենալով պարզել, թե երևանցիների կարծիքով որոնք են այն երկու պետությունները, որոնց պետական դրոշներն իրենց համար առավել հիշվող/տպավորիչ են: Այսինքն՝ պետությունների բավականին ծավալուն ցանկից երևանցիներն ընտրել էին երկու պետությունների դրոշներ, որոնք համարել են առավել հիշվող/տպավորիչ (տես գրաֆիկ):

Գրաֆիկ. Նշեք, 2 երկրներ, որոնց պետական դրոշը առավել հիշվող/տպավորիչ է, ըստ Ձեզ:

Ինչպես պարզ է դառնում գրաֆիկից՝ երևանցիների համար առավել հիշվող/տպավորիչ պետական դրոշներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը (25.5%), ԱՄՆ-ը (18.7%), Հայաստանի Հանրապետությունը (13.9%): Առաջատար եռյակին հաջորդում են Ֆրանսիան (9.7%), Կանադան (5.5%), Մեծ Բրիտանիան (4.2%) և ԼՂՀ-ն (3.7%): Իհարկե, երևանցիներն նշվածներից զատ առանձնացրել են նաև այլ պետությունների դրոշներ, սակայն, դրանք չեն հաղթահարել անգամ 3%-ի շեմը:

Շատերի համար տոկոսային այս պատկերը գուցե նորմալ է, քանզի առաջատարների շարքում են հզոր պետությունները, միջազգային քաղաքականության ակտիվ դերակատարները, այն պետությունները, որոնց դրոշները տարբեր առիթներով պարբերաբար տեսնելու փաստի ենք առնչվում և այլն: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ երևանցիների կատարած ընտրության արդյունքում ՀՀ պետական դրոշը հիշվող կամ տպավորիչ լինելու տեսանկյունից զբաղեցրել է ընդամենը երրորդ տեղը (իսկ Արցախինը՝ 7-րդ)՝ այն էլ ցածր տոկոսային ցուցանիշով, ապա այդ պատկերը, մեղմ ասած, նորմալ չէ: Կարծում ենք, որ յուրաքանչյուր պետության քաղաքացու համար ամենահիշվող/ամենատպավորիչ դրոշը ամենից առաջ պետք է լինի իր պետության դրոշը՝ անկախ դրա չափից, կտորի որակից, գունային գամմայից կամ գույների համադրությունից: Այլապես, ստիպված կլինենք խոստովանել, որ պետության դրոշը ոչ այլ բան է, եթե ոչ սոսկ գունավոր կտոր:

Հուսանք, որ տարիներ անց այս պատկերն էապես կփոխվի, և ինչպես յուրաքանչյուր նորմալ ծնողի համար առավել հիշվողը/տպավորիչը իր զավակն է՝ անկախ նրա կարողություններից, գեղեցկությունից և ազդեցությունից, այնպես էլ ՀՀ պետական դրոշը կդառնա մեր՝ "ծնողներիս" առավել հիշվող/տպավորիչ զավակը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:56 Մայիս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր