Ո՞ր ժողովուրդների հետ են երևանցիները տեսնում պատմական ընդհանրություններ

Մարդկային քաղաքակրթության բնօրրաններից մեկը համարվող Առաջավոր Ասիան և դրա մաս կազմող Հայկական լեռնաշխարհը միշտ ունեցել են բավական խայտաբղետ էթնիկ կազմ: Այս տարածքը "ախորժալի պատառ" են համարել ժամանակի հզոր տերությունները՝ Ասորեստանը, Պարսկաստանը, Հռոմը, Բյուզանդիան, Ռուսաստանը, և եղել է խոշոր ներխուժումների (սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական, արաբական) թատերաբեմ: Այդ ամենը, ինչպես նաև հայկական պատմական հզոր պետությունների գոյությունը բավական հարուստ են դարձրել մեր պատմությունը, հատկապես, ազգամիջյան շփումների տեսանկյունից:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները փորձեցին պարզել, թե որքանո՞վ են երևանցիները տեսնում պատմական ընդհանրություններ մեր անմիջական հարևան ժողովուրդների հետ, հիշու՞մ են արդյոք նրանց հետ մեր պատմական հարևանությունը, ընդհանուր արքայատոհմերը, ազգակից ազնվականությունը, ընդհանուր պետություններն ու "փոխադարձ" նվաճումները:

Որքան էլ տարօրինակ է, հարցվածների հարաբերական մեծամասնությունը պատմական ոչ ընդհանրություն չի տեսնում ցուցակում նշված ժողովուրդների հետ: Չենք կարող վստահաբար ասել, թե ինչու են նման պատասխան տվել մեր համաքաղաքացիները: Գուցե նրանք նկատի են ունեցել այն, որ նշվածներից ոչ մեկը չի ունեցել պատմական այն ճակատագիրը, որն ունեցել են հայերը:

2-րդ տեղում իրանցիների հետ ընդհանրություններ տեսնողներն են: Իրականում, այս ցուցակում հենց նրանց հետ ունենք ամենաերկար, մշտական, բարիդրացիությամբ ու թշնամանքով հարուստ՝ հազարամյակներ ձգվող համակեցության պատմությունը:

Պատվավոր 3-րդ տեղն զբաղեցնում են հայ-վրացական պատմական ընդհանրություններն ընդգծողները՝ հավանաբար հիշելով հայ-վրացական ընդհանուր պետությունը, Զաքարյան իշխանների ծառայությունները վրացական արքունիքում, հայ Բագրատունիների ճյուղերից մեկի շարունակությունը վրացական գահին, գերազանցապես հայերի շնորհիվ տարածաշրջանային մշակութային մայրաքաղաք դարձած Թիֆլիսը, որի նախկին քաղաքապետների մեծ մասը հայեր էին:

Ինչպես տեսնում ենք, օսմանյան անցյալը՝ թուրքերի, խորհրդային անցյալը՝ ռուսների և ադրբեջանցիների հետ այդքան տպավորիչ չեն եղել երևանցիների համար, որպեսզի արժևորվեն պատմական ընդհանրության տեսանկյունից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Մայիս 15, 2015

Ամենաընթերցված նյութեր