Ըստ երևանցիների` ովքեր են առավել "իշխանամետ" ընդդիմադիր գործիչները

ԲԱՐՈՄԵՏՐԻ հունվար ամսին անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով երևանցիների մոտ 22%-ը "ամենաիշխանամետ" ընդդիմադիր գործիչ է համարել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, կարելի է ասել, ամբողջապես փոխվեց ներքաղաքական կոնյունկտուրան, և հստակ խնդիր առաջացավ մի շարք կարևոր տենդենցներ վերհանելու և հասկանալու համար նոր հետազոտություններ անցակացնել: Ըստ այդմ, ապրիլ ամսվա տվյալներով, բնականաբար, զգալիորեն փոխվել է "ո՞ւմ եք համարում Հայաստանի "ամենաիշխանամետ" ընդդիմադիր գործիչը" հարցի պատասխանների բաշխվածությունը: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից` Գագիկ Ծառուկյանն այս ցուցիչով կտրուկ զիջել է իր դիրքերը: Հունվարյան տվյալների համեմատությամբ, նրան ապրիլ ամսին որպես "ամենաիշխանամետ" ընդդիմադիր գործիչ տեսնում էին հարցվողների մոտ 4%-ը, ինչը 4.5 անգամ զիջում է նախորդ արդյունքին: Նման շեշտակի դինամիկ անկման պատճառն, անշուշտ, ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքականությունից հեռանալն էր: Հատկանշական է, որ հարցվողների մոտ 4%-ը Գագիկ Ծառուկյանին դեռ տեսնում է այդ "կարգավիճակում": Նրանք, ըստ ամենայնի, կամ չեն հաշտվում է այն մտքի հետ, որ Նիկոլայիչը այլևս միայն գործարարությամբ է զբաղվելու կամ նրա դուրս գալը դիտարկում են իշխանության հետ գործարքի համատեքստում և հենց դրանով պայմանավորված էլ նրան համարում են առավել "իշխանամետ" ընդդիմադիր գործիչ: 

Հունվարյան տվյալների համեմատությամբ շոշափելի աճ է արձանագրվել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Բաղդասարյանի "ամենաիշխանամետ" ընդդիմադիրները լինելու ցուցանիշներում: Նիկոլի պարագայում այդ աճը արտահայտվել է մոտ 3 անգամ, իսկ ՕԵԿ նախագահի դեպքում` 4%-ով: "Քաղաքացիական պայմանագիր" քաղաքական միավորի առաջնորդին հարցվողների տված այս "անվստահությունը" իրականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ակտիվ ջանքեր է օգտագործում ընդդիմադիր մյուս դերակատարներից դաշտը "մաքրելու" ուղղությամբ: Հենց այս համատեքստում կարելի է մեկնաբանել նրա հրապարակային "դեմարշը" Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների դեմ, Ծառուկյանին որևէ կերպ չաջակցելը և խիստ կրավորական կեցվածքը Սեֆիլյանի արմատական կոչերով ընդդիմադիր շարժման նկատմամբ: Բնականաբար, այս ամենը չի վրիպել հարցվողների ստվար զանգվածի տեսադաշտից, որոնք իրենց վերաբերմունքը հստակ արտահայտել են: Իսկ Արթուր Բաղդասարյանին տվյալ "կարգավիճակում" տեսելը, գոնե, այս փուլում միանգամայն, բնական է թվում: Նախ` նա հրապարակային արտահայտվել է, որ անձամբ Սերժ Սարգսյանին չի քննադատելու, իսկ ԱԺ-ում ներկայացված ՕԵԿ-ականները, ըստ էության, դեռևս "թույլ" դոզաներով են անդրադառնում երկրի խնդիրներին:

Այս ցուցակում հայտնված մյուս գործիչների ցուցանիշներում էական տատանումներ չեն արձանագրվել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:36 Մայիս 07, 2015

Ամենաընթերցված նյութեր