Մենք ու Մաքիավելին. նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

Կասկածից վեր է, որ քաղաքական և ոչ միայն քաղաքական կյանքում շատերն առաջնորդվում են "նպատակն արդարացնում է միջոցները" կարգախոսով: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այս արտահայտությունը պատականում է վերածննդի դարաշրջանի մտածող Նիկոլո Մաքիավելիին, ում հայտնի "Տիրակալը" աշխատությունը համարվում է բազմաթիվ քաղաքական գործիչների "աստվածաշունչը":

Ճիշտ է՝  Մաքիավելին այս արտահայտությունն արդարացված էր համարում այն դեպքում, երբ նպատակները խորապես ազգային էին և միտված էին պետությանև ազգային անվտանգության ու զարգացման ապահովմանը: Մինչդեռ մերօրյա աշխարհում քաղաքական սուբյեկտներից շատերը՝ մերօրյա մաքիավելիստները, շեղվելով Մաքիավելու ըմբռնումից, գտնում են, որ քաղաքական գործունեության ընթացքում կարելի է դիմել ցանկացած միջոցի՝ միայն թե կյանքի կոչվեն իրենց շահերն ու նպատակները: Իրողություն, որից որոշակիորեն անմասն չի հայաստանյան իրականությունը, քանզի բազմաթիվ քաղաքական ու "կիսաքաղաքական" ուժեր իրենց գոյությունն ապահովելու և ցանկալի "աթոռին" հասնելու համար պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ մոռանալով հավաքական և ազգային շահերի մասին:

Այն, որ մեր քաղաքական կյանքում այս երևույթը կա՝ կասկածից վեր է, սակայն այնքան էլ պարզ չէ, թե, օրինակ, շարքային քաղաքացիները համաձա՞յն են արդյոք "նպատակն արդարացնում է միջոցները" կարգախոսին: Այս առումով ուշագրավ են ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս այդ արտահայտության հանդեպ երևանցիների վերաբերմունքի բնորոշ գծերը: Հարցման արդյունքների պատկերը հետևյալն է (տե՛սգրաֆիկ). այո (37.9%),  ավելի շուտ այո (15.8%), ավելիշուտոչ (9.7%), ոչ (36.1%):

Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ այս արտահայտությունը երևանցիների առնվազն 53.7%-ի (այո և ավելի շուտ այո պատասխանների հանրագումար) պարագայում լեգիտիմացված է, ընդունելի է, մինչդեռ միայն 45.8%-ն է (ավելի շուտ ոչ և ոչ պատասխանների հանրագումար) դրա հետ անհամաձայն: Առաջին հայացքից այստեղ մտահոգիչ ոչինչ չկա, սակայն եթե հաշվի առնենք այն, որ 53.7%-ը համաձայն է նպատակն արդարացնում է միջոցները կարգախոսի հետ, ապա ստացվում է, որ հակված է արդարացնելու մեր քաղաքական մշակույթում տեղ գտած արատավոր երևույթները և կամա թե ակամա իրենց զրկում է տարբեր քաղաքական ուժերին կամ գործիչներին քննադատելու բարոյական իրավունքից, քանզի նրանք ևս համաձայն են այդ նշանաբանին և դեռ ավելին՝ գործում են ըստ այդմ:

Վերը բերված տվյալները ցույց են տալիս, որ մեր կյանքի բացերի մեջ մեղքի մեծ բաժին ունի նաև հասարակությունը, շարքային քաղաքացին, քանզի իր մտածողությամբ և կենսական կողմնորոշումներով հաճախ դաշտ է ստեղծում բարոյական անխտիրների համար և խոչընդոտում է քաղաքական պայքարը գաղափարական դաշտ տեղափոխելուն: Բանն այն է, որ օրինակ, հանուն նպատակի կամ շահի շատերը պատրաստ են օրը մեջ կուսակցություն կամ քաղաքական "աստծված" փոխել և "առնետի" կարգավիճակում քաղաքական "բազմաստվածության" հետևորդ դառնալ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:13 Ապրիլ 02, 2015

Ամենաընթերցված նյութեր