Կուսակցությունների նկատմամբ անվստահությունը այլևս քրոնիկ է

Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ից փաստացի հեռանալը, ոչ իշխանական "եռյակի" փլուզումը և  նաև դրանցով պայմանավորված ՀՅԴ-ի դիրքերի ուժեղացումը, նոր քաղաքական կոնյունկտուրայի ձևավորման իրական նախադրյալներ են ստեղծել քաղաքական դաշտում: Հաշվի առնելով այս հանգամանքը ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը մարտ ամսին, Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում ներառել էր նաև քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահության հարցը: Այն, որ հանրության շրջանում քաղաքական կուսակցություններն առավել ցածր վստահություն ունեցող ինստիտուտներն են, վկայում են գրեթե բոլոր` քիչ թե շատ հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումները: Սակայն մի բան է հանրային ցածր վստահությունը, բոլորովին այլ երևույթ է տոտալ անվստահությունը, որն արդեն արտահայտվում է մոտ 73%-ով (տես. գրաֆիկ): Հատկանշական է, որ նոյեմբերին ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած հարցումներով որևէ կուսակցության չեն վստահել հարցվողների 66%-ը: Չվստահողների առանց այն էլ պատկառելի խմբի "7%-ոց աճը" կարելի է բացատրել և՛ ԲՀԿ-ական ընտրազանգվածի տրոհմամբ և՛ ոչ իշխանական եռյակի մյուս երկու ուժերի հետևորդների թվի նվազմամբ:

Ինչպես և սպասվում էր 2014թ.-ի նոյեմբերի համեմատությամբ` ներկայում ամենամեծ անկումը արձանագրվել է ԲՀԿ-ին վստահող հարցվողների շրջանում: Ըստ մարտ ամսվա տվյալների` "նորացված" ԲՀԿ-ին վստահում են հարցվողների մոտ 7%-ը, ինչը մոտ 9%-ով ցածր է, քան անցյալ տարեվերջի ցուցանիշը: Փաստորեն` եթե այս անկման դինամիկան հիմք ընդունենք, ապա կստացվի, որ շատ կոպիտ հաշվարկներով Ծառուկյանը իր հետ մոտ 60% "տարել" է ԲՀԿ-ից: Ներկայում այս կուսակցության համար գերխնդիրը այսպես ասած` "եղածը պահպանելն" է, որն այնքան էլ դյուրին գործ չի լինելու: Խնդիրն այն  է, որ այլևս ընդդիմադիր բևեռում դիրքավորված ԲՀԿ-ն հարկադրված է լինելու իր համար լրիվ նոր իրավիճակում "մրցակցել" այդ դաշտի "հնաբնակաների" հետ: Սակայն, ըստ ամենայնի, ԲՀԿ-ն արմատական դիրքերից հանդես չի գա, հետևաբար այդ դաշտում ի դեմս ՀԱԿ-ի և Քաղաքացիական պայմանագրի չի ունենա "մրցակիցներ": Սակայն հատկապես  ՕԵԿ-ի հետ` ԲՀԿ-ն ծանր պայքար պետք է մղի ընդդիմության ոչ ծայրահեղական հատվածի ընտրազանգվածի համար:

  2014 նոյեմբեր 2015 մարտ
7.9% 8.2%
16.5% 7.3%
2.9% 4.8%
ԱՅԼ 6.4% 6.9%
Չկան Այդպիսիք  66.3% 72.8% 

Մոտ 2% աճ է արձանագրվել ՀՅԴ-ին վստահողների խմբում: Այս հանգամանքը կարևորվում է այն տեսանկյունից, որ դաշնակների դիրքերը մայրաքաղաքում այնքան էլ ամուր չեն եղել: Համենայնդեպս, դաշնակները երկու անգամ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, չեն կարողացել հաղթահարել ընտրական արգելքը: Դժվար է ասել առաջիկայում արդյոք կպահպանվի՞ այս կուսակցության նկատմամբ երևանացիների վստահության աճի դինամիկան, սակայն փաստ է, որ դրա համար սպասվող քաղաքական "եղանակը" նրա համար ավելի բարենպաստ կլինի:ՀՀԿ-ին վստահող հարցվողների քանակը նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ` էական փոփոխությունների չի ենթարկվել: Շատ աննշան աճը` ավելի շուտ կարելի է մեկնաբանել սոցիոլոգիական սխալի շրջանակներում, քան որևէ իրական փոփոխության արդյունք համարել:

Մյուս կուսակցություններին վստահողների թիվը չի անցել 3%-ը, հետևաբար այս անգամ ԲԱՐՈՄԵՏՐԸ չի հրապարակի նրանց նկատմամբ հարցվողների վստահության ցուցանիշները:

Հ.Գ. ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակվող վերլուծական տեղեկանքի մեջ քաղաքական կուսաակցությունների նկատմամբ հարցվողների վստահության ցուցանիշները նույնական չեն նրանց էլեկտորալ վարկանիշների հետո: Այսինքն` այդ տվյալներով չի կարելի դատել, որ այս կամ այն քաղաքական միավորին կողմ կքվեարկեն այս կամ այն թվով ընտրողներ: Սովորաբար քաղաքական կուսակցությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը հետազոտական կենտրոնները որոշում են միջընտրական ժամանակահատվածում` քաղաքական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:24 Մարտ 25, 2015

Ամենաընթերցված նյութեր