Կովկասի գերուհի-ընդդիմություն, "կարտոֆիլ"-աղջիկ և ԲՀԿ-ՕԵԿ զուգահեռները ներքաղաքական հաղորդակցության մեջ

Սովորաբար խորհրդարանական քառօրյաները թարմ լիցքեր և յուրահատուկ դինամիզմ են հաղորդում մեր ներքաղաքական կյանքին: Այս տեսանկյունից բացառություն չէր նաև նախորդ շաբաթը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հետևելով ներքաղաքական զարգացումներին առանձնացրեցին այն նախաձեռնությունները, որոնց շուրջ հիմնականում ծավալվում էին մեծ ու փոքր իրադարձությունները: Դրանց շարքում արժանահիշատակ էին.

  • Նիկոլ Փաշինյանի "Նախագահի իմփիչմենթի" հերթական նախագծի քվեարկությունը,
  • "Կառավարման ճգնաժամի" վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումները,
  • Շահութահարկի օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկումները ԱԺ-ում

Անշուշտ կարելի է մատնանշել այլ նախաձեռնություններ նույնպես, բայց դրանք ավելի վաղ պլանավորված գործողություններ էին:

Ինչո՞ւ է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անընդհատ ԱԺ մտցնում նախագահի պաշտոնանկության նախագիծը: Հարցադրումը ոչ այնքան ինչ-որ տրամաբանական բացատրություն գտնելու, որքան Փաշինյանի իրական մոտիվացիան հասկանալու խնդիր ունի: Միանգամայն պարզ է, որ յուրաքանչյուր ազգընտիր իր քաղաքական գործունեության առանձնահատկություններից ելնելով կարող է ցանկացած հարց բարձրացնել, նույնիսկ այն դեպքերում երբ դրա քաղաքական պատեհությունը բավականաչափ հիմնավորված չէ: Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի նախագիծը աջակցություն չստանալով տապալվեց ԱԺ-ում և հետաքրքիրն այս պատմության մեջ այն էր, որ դրան կողմ չէին քվեարկել անգամ ՀԱԿ խմբակցության պատգամավորները, որոնց վերաբերմունքը հավաքական արտահայտել էր Գագիկ Ջհանգիրյանը` անգրագիտություն որակելով նախագծի տեքստը: Վիճակագիրների համար նշենք, որ հանրագումարում ընդամենը 4 պատգամավոր կողմ քվեարկեցին Նիկոլի նախագծին: Բնականաբար, Փաշինյանը այս նախաձեռնությամբ, ըստ ամենայնի այլ խնդիր էր փորձում լուծել: Մասնավորապես, հերթական անգամ իրական ընդդիմադիրի թեսթ կարելի էր համարել սույն գործողությունը, որը հերթական անգամ չանցան իրենց այդ կարգավիճակում դիրքավորած բազմաթիվ ազգընտիրներ: Մյուս կողմից նրանք էլ պարտավոր չեն պատեհ և անպատեհ առիթներով կողմ քվեարկել թեկուզ ընդդիմության համար միանգամայն բնական թվացող որևէ նախաձեռնությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի ոչ միանշանակությունը ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները սահմանային "զերո"-ով (տես. գրաֆիկ) արձագանքեցին Փաշինյանի նախաձեռնությանը:

Քաղաքական ուժերն իրար հետ կարող են համեմատվել կամ բանավիճել տարբեր մակարդակներում և թեմաներով, մասնավորապես ով է ավելի գաղափարականացվածը, առաջադեմը, վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա նաև` առավել ինտելեկտուալը: Հարկավ, կարելի է նաև մրցակցել այն հարցում, թե ով է առավել "ճնշումադիմացկունը": Այս առումով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համեմատականը ԲՀԿ-ի հետ արժանահիշատակ է. "Մեր դեպքում կիրառվող միջոցներն անհամեմատ ավելի կոշտ էին: Մենք բավականաչափ երկար` մոտ 3 տարի, պայքարի մեջ ենք եղել: Այո, այն ժամանակ մենք սկզբունքային տարաձայնություններ ունեցանք իշխանությունների հետ և բարձրաձայնեցինք դրա մասին": ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները Հովհաննես Մարգարյանի այս համեմատությունը, սկզբունքորեն, տեղին համարեցին և գնահատեցին առաջին "փոքր պլուսով"՝ +0.8:

"Մեծ պյլուսը" հերթական անգամ բաժին ընկավ Հրանտ Բագրատյանին, որը նախորդ շաբաթ Խորհրդարանում մի քանի ճակատով տնտեսագիտական "լիկբեզ" էր անում: Նա իրեն հատուկ ոճով փորձում էր ԱԺ-ում Շահութահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների համատեքստում տնտեսագիտության օրինաչափությունների տիրույթ բերել որոշ պատգամավորների ոչ այնքան մասնագիտական դիտարկումները: Այս առաքելության շրջանակներում ժամանակ առ ժամանակ տնտեսագիտական մտքի ռահվիրան հարկադրված էր ավելի կոշտ արձագանքել: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շահութահարկի օրենքի փոփոխությունների Կառավարության տարբերակի նպատակահարմարության հիմնավորումներին Բագրատյանն այսպես արձագանքեց. "Տիկի՛ն Նաղդալյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կա՛մ ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը: Երկու ելք կա այդտեղ, ուրիշ ելք չկա: Մենք ասում ենք՝ մեկին կտանք 100 մլն արտահանման արտոնություն, մի ուրիշ տեղ 300 մլն կպակասի արդեն: Սա ենք ասում, դուք էլ ասում եք՝ չէ, տնտեսագիտության պրոֆեսորը դուք եք": Մեկ այլ բանավեճ էլ Բագրատյանը ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ, որին նույնպես հարկադրված էր բավականին հուզախառն պատասխաններ տալ տնտեսագիտական թեմաներով: Հրանտ Բագրատյան՝ +1.5:

Ընդհանրապես, Վարդան Այվազյանը առավել ակտիվ պատգամավորներից է, որին կարելի է տեսնել քաղաքական "պայքարի" գրեթե բոլոր ճակատներում: Բնականաբար նրա գերակտիվ գործունեությունը ոչ այնքան միանշանակ է ընդունվում թե լրագրողական, փորձագիտական շրջանակներում և թե հանրության շրջանում: Հերթական անգամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց նրա ընդդիմության պահվածքի համեմատությունը հանրահայտ "Կովկասի գերուհի" ֆիլմի հետևյալ դրվագի հետ. "Ինձ այս ամենը հիշեցնում է "Կովկասի գերուհու" վերջին տարբերակը, որտեղ ասում է. ինքը կարող է ճչալ, կարող է բողոքել, կարող է ասել, որ դատախազություն կդիմեմ, բայց սիրելիներս, դուք ձեր գործը արեք: Դա պարզապես հին կովկասյան ավանդույթ է": Վարդան Այվազյան՝ -1.1

Մի տեսակ անհաջող համեմատությունների շաբաթ ստացվեց: Մեր գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ Շիրակի մարզում կարտոֆիլի բերքի իրացման վերաբրյալ գյուղացիներին նպատակային խորհուրդ տալու պարվակով ոչ ավել ոչ պակաս հետևյալ ցնցող միտքն արտահայտեց, "կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք թող գնա": Այս, մեղմ ասած, ոչ տեղին համեմատականը մեծ դժգոհությունների առիթ դարձավ և մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպելով պահանջեցին, որ նախարարը հրապարակավ ներողություն խնդրի հայ աղջիկներից: Սերգո Կարապետյանը առաջին անգամ է հայտնվում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետների ուշադրության կենտրոնում, ցավոք, "первый блин комом" տարբերակով՝ -2.2:

Դե իսկ, նախորդ շաբաթվա վերջն ազդարարվեց երկու իրադարձությամբ, որոնք մեր երկրի սահմաններից դուրս տեղի ունեցան, բայց այսպես թե այնպես ազդեցին հայաստանաբնակ հանրության վրա: Առաջինը Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, արմատական ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանութոյւնն էր, որը միանշանակ անկումային տրամադրություններ ստեղծեց ոչ միայն ազատական գաղափախոսության ջատագովների, իսկ երկրորդը` Հենրիխ Մխիթարյանի երկար սպասված գոլն էր, որը զգալի դրական իմպուլսներ հաղորդեց ոչ միայն ֆուտբոլի ֆանատների շրջանում: Հենց այսպես հակասական տրամադրություններով էլ ապրում ենք…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

12:14 Մարտ 02, 2015

Ամենաընթերցված նյութեր