Առողջապահություն, կրթություն, բնապահպանություն. նախորդ տարվա առաջընթացը

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը "նախորդ տարվա արդյունքների ամփոփում" նախաձեռնության շրջանակներում փորձել է պարզել մեր քաղաքացիների կարծիքը տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի վերաբերյալ: Հարցվողներին հնարավորություն էր տրվել կոնկրետ ոլորտի առաջընթացը գնահատել 1-5 բալանոց սանդղակով` որտեղ 1-ը նվազագույն գնահատական էր, իսկ 5-ը` առավելագույն: Ստացված տվյալները միջինացվել են 1-5 միջակայքի միջին ցուցանիշով: Հատկանշական է, որ այդ գնահատականների մեծ մասում առկա են միջին` 2.5-ից ցածր ինդեքսներ: Սա նշանակում է, որ երևանցիները, այնքան էլ գոհ չեն պետության "գործերից":

Այս անգամ ներկայացնում ենք առողջապահության, կրթության և բնապահպանության ոլորտներին տրված գնահատականները: Այսպես, եթե դիտարկում ենք առանձին ոլորտները, ապա միայն առողջապահությունն է անցել միջինի շեմը (տես. գրաֆիկ), այսինքն կարող ենք արձանագրել, որ այս ոլորտում փոքրիկ դրական դինամիկա, այդուհանդերձ, առկա է: Այս հարաբերական միջին դրական  գնահատականի վրա որոշակի ազդեցություն ունի անհետաձգելի սրտի վիրահատություններն անվճար կազմակերպելու նոր կարգը, որը ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 1-ից: Որպես որոշիչ գործոն պետք է նշել նաև այն, որ պետական ծառայողների սոցիալական փաթեթների առողջապահության բաղադրիչը երկրորդ տարում անհամեմատ ավելի լավ կազմակերպելու փաստը, քան 2013-ին էր: Բնականաբար, այս հանգամանքը նույնպես ազդել է հարցվողների գնահատականների վրա: Հարցվողների 2.44 միջին գնահատական է ստացել կրթության ոլորտը, որը նախորդ տարիների ցուցանիշների համեմատությամբ փոքրիկ աճ, այնուամենայնիվ, արձանագրել է: Ընդհանրապես, կրթությունը ամբողջ աշխարհում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է և որպեսզի հատկապես ժովորդավարացման փուլում գտնվող երկրները (այդ թվում` Հայաստանը) շատ դուրս չմնան համաշխարհային կրթական տարածքից, բնականաբար պարտադրված են լայնածավալ բարեփոխումներ իրականացնել: Հաճախ այդ փոփոխությունները, որոնք առնչվում են կրթության կազմակերպմանը, կրթական ծրագրերի բարելավմանը, նորարարական տեխնոլոգիաների ներմուծմանը, ոչ միշտ են միանշանակ ընկալվում մարդկանց կողմից: Այստեղից էլ այն զգուշավոր լավատեսական գնահատականները, որոնք տրվում են ոլորտի առաջընթացի վերաբերյալ: Սրանով հանդերձ, ընդհանուր գնահատականի վրա ազդում են բոլոր այն բացասական երևույթները, որոնք դեռևս պահպանվում են այդ ոլորտում:

Գրաֆիկ

Դեռևս միջին գնահատականին չի մոտենում բնապահպանության ոլորտը: Երևանցիները այստեղ նշանակալի առաջընթաց չեն տեսնում: Եթե օբյեկտիվ լինենք, բնապահպանության ոլորտի խնդիրներն ավելի շատ մայրաքաղաքի սահմաններից դուրս  են, և այս առումով հարցվողների գնահատականները առաջին երկու ոլորտների համամատությամբ, գուցե, այնքան էլ հիմնված չեն էմպիրիկ դիտարկումների վրա: Մյուս կողմից ակնհայտ է, որ այս ոլորտում տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց նշանակությամբ մեր երկրի ընդհանուր մտահոգությունների տիրույթում բնավ երկրոդական չեն: Դրանք վերաբերում են թե կանաչ տարածքների պահպանմանը, թե օդի աղտոտվածությանը, թե ջրային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, թե Սևանի հիմնախնդիրներին և ընդհանուր ու լոկալ բազմաթիվ խնդիրներին:

Այսպիսին էր նախորդ տարվա արդյունքներով առաջընթացի պատկերը վերը նշված երեք ոլորտներում ըստ երևանցի հարցվողների տված գնահատականների, որոնք ներկայացվում են միջինացված ձևով:

(Շարունակելի)

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:00 Փետրվար 24, 2015

Ամենաընթերցված նյութեր