"Թաղապետարանների" գործունեության գնահատականը

2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունվեց "Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" օրենքը, որով Երևանի "ընտրովի" թաղապետարանները դարձան "նշանակովի" վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր: Այդ շրջադարձային պահից անցել է լիարժեք վեց տարի և կարելի է ասել, որ երևանցիների հանրային ընկալման մեջ դեռևս ավելի "հոգեհարազատ" են թաղապետ և թաղապետարան բնորոշումները: Բնականաբար, իրերի նման կարգը չէր կարող անդրադառնալ այս մարմնի նկատմամբ երևանցիների գոհունակության գնահատականների վրա: Նախորդ տարեվերջին Երևան քաղաքում ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խմբի կողմից իրականացված հարցումները վկայում են, որ հարցվողների միայն հանրագումարային 29%-ն է բարձր գնահատել (4 և 5 գնահատականներ) Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի/թաղապետարան գործունեությունը (տես գրաֆիկ): Դժվար է միանշանակ փաստել, թե հատկապես ինչով է պայմանավորված հարցվողների այս խմբի դիրքորոշումները: Թերևս ակնհայտ է, որ այսպես կոչված "բարձր գոհունակություն" արտահայտողներն  ավելի շատ առաջնորդվում են իրենց տեսածով և ընդհանուր գնահատականը տալիս են բացառապես իրենց վարչական շրջանների գործունեության գնահատականի պրիզմայով: Տվյալ դեպքում նրանց դիրքորոշումների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ այլ շրջանների կամ դրանց ղեկավարների վերաբերյալ  մարդկանց շրջանում ձևավորված դրական կան բացասական կարծիքները:

Երևանի վարչական միավորների ղեկավարների աշխատակազմերի գործունեությունը բավարար կամ "3" են գնահատել հարցվողների 25%-ը կամ մեկ/քառորդը:Այս խմբում հիմնականում նրանք են, ովքեր տեսնում են որոշակի դրական փոփոխություններ իրենց շրջաններում, սակայն դրանք այնքան էլ շոշափելի չեն համարում:

Նախկին թաղապետարանների գործունեության նկատմամբ դժգոհություն արտահայտող գնահատական են տվել հարցվողների 14%-ը, իսկ խորը հիասթափություն`  22.5%-ը: Եթե դժգոհողների պարագայում կարելի է որոշ վերապահումներով նշել, որ չեն արդարացել նրանց սպասելիքները կամ դրական տեղաշարժեր չեն նկատվել, ապա "1" գնահատական տվողների դեպքում խնդիրներն ավելի շատ կարծրատիպային են: Սրանով ամենևին չեն արադարացվում այս մարմնի նկատմամբ ցածրագույն գնահատականները և  միանգամայն հեռու ենք այն մտքից, որ նրանք բավարար ջանքեր են գործադրել այս սեգմենտի ներկայացուցիչների բյուրեղացած կարծիքները փոքր ինչ փոխելու ուղղությամբ:

Ստացված պատկերը վկայում է այն մասին, որ մեր համաքաղաքացիները, թեպետ, այնքան էլ անողոք չեն Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գործունեության գնահատականի հարցում, սակայն ակնկալում են նրանցից ավելի մեծ ջանքներ և արդյունքներ: Ի վերջո գնահատականների այս խայտաբղետությունը փաստում է նաև այն մասին, որ մարդիկ կարողանում են համեմատել. և այստեղ է, որ նրանց մոտ բնական հարց է առաջանում` ինչու են X շրջանում բակերն ու փողոցներն ավելի բարեկարգ, քան իրենց մոտ: Եվ եթե այնտեղ ավելի լավ է, քան իրենց մոտ, ստացվում է, որ նրանք ավելի արդյունավետ են տնօրինում միջոցները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

10:47 Հունվար 15, 2015

Ամենաընթերցված նյութեր