Որտե՞ղ է թշնամուն չհարստացնելու բանալին

Արդեն խոսել ենք այն մասին, որ Թուրքիան մեր պաշտոնական և "հանրային" գլխավոր թշնամական երկրներից մեկն է: Բայց, որքան էլ տարօրինակ է, և՛ հայրենական իշխանությունները, և՛ մեր համաքաղաքացիները շարունակում են հարստացնել այդ թշնամուն: Դա արվում է երկու հիմնական միջոցներով` թուրքական ապրանքների իրացումը հայաստանյան շուկայում և այցելությունը (այդ թվում` տուրիստական) Թուրքիա:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագիտական թիմը փորձեց պարզել, թե ինչ տեսք ունի թշնամուն հարստացնելու "հայկական" բանաձևը: Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական վարչության տվյալների համադրությունից ստացվում է, որ միայն 2010-2013թթ. ընթացքում ՀՀ-ից Թուրքիա է արտահանվել $4,8 մլն.-ից ավել, իսկ ներմուծվել` մոտ $875 մլն.-ի թուրքական արտադրության ապրանք:

Թշնամուն հարստացնելու բանաձևի երկրորդ գումարելին ձևավորվում է Թուրքիա տուրիստական (օրինակ` Արևմտյան Հայաստանի հուշարձանները տեսնելու կամ "անթալիաներում" հանգստանալու) և աշխատանքային (օրինակ` տարատեսակ կոնֆերանսներին մասնակցելու, "ապրանք բերելու") այցելությունների ժամանակ մեր համաքաղաքացիների ծախսած գումարների հաշվին: Թուրքական վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2000-2014թթ. ընթացքում ՀՀ-ի քաղաքացիները 644722 անգամ այցելել են Թուրքիա, իսկ նույն ժամանակահատվածում Թուրքիայից դուրս են եկել 637417 ՀՀ քաղաքացիներ: Տարբերությունը կազմում է 7305: Ընդունեք, որ միգրացիոն հոսքի այս տվյալներն ինքնին հսկայական են` հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց նաև հարց է առաջանում` ու՞ր են "անհետացել" Թուրքիայի տարածքից դուրս չեկած այդ 7305-ը:

 Իսկ դու Թուրքիայում հանգստանալ չե՞ս ուզում

Եթե ինչ-որ տեղ կարելի է հիմնավորել տարբեր համաժողովներին մասնակցության, ինչ-որ տեղ արդարացնել` առևտրի նպատակով Թուրքիա այցելողներին, ապա ինչպե՞ս բացատրել հանգստի համար թշնամական երկրի բյուջեն հարստացնելը: ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել` որքանո՞վ են երևանցիները նախընտրում հանգստանալ Թուրքիայում: Ինչպես երևում է գրաֆիկից, մեր համաքաղաքացիների (ըստ որում` բոլոր տարիքային խմբերի և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչների) գերակշիռ մեծամասնությունը նման ցանկություն չունի (իսկապես չունի՞, թե՞ թաքցնում է): Սակայն մոտ 25%-ն էլ (ընդունեք, որ դա փոքր թիվ չէ) չի հրաժարվի նման հնարավորությունից: Ըստ որում, այդ հնարավորությունից օգտվելու պատրաստ են առավելապես 30-39 տարեկան տղամարդիկ:


Ասում են` բիզնեսն ազգություն չունի: Բայց ազգային անվտանգությունը, այն էլ` թշնամական հարաբերությունների պայմաններում, ունի շատ որոշակի "ազգություն": Վերը բերված տվյալները փաստում են, որ թե՛ առևտրի, թե՛ այցելությունների միջոցով ՀՀ-ն ու իր քաղաքացիները նպաստում են թուրքական բյուջեի հարստացմանը: Իսկ այդ բյուջեն, ինչպես գիտենք, ծախսվում է նաև Թուրքիայի հակահայկական քաղաքականության և Ադրբեջանին աջակցության վրա: Իսկ թե ինչ իրական վտանգ է ստեղծում Թուրքիայի վրա մեր իսկ ծախսած գումարը, շատ լավ երևում է այս տեսահոլովակից?rel=0" frameborder="0" allowfullscreen>:

ՀՀ իշխանություններն ունեցել և այսօր էլ ունեն իրավունք ու հնարավորություն` չեզոքացնելու կամ, գոնե, նվազեցնելու այդ սպառնալիքները: Թշնամուն չհարստացնելու բանաձևը բավական պարզ է` պետք է հարստացնել սեփակա՛ն բյուջեն, սեփակա՛ն երկիրը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, նախևառաջ, զարկ տալ հայրենական արտադրությանը, երկրորդ, զարգացնել ներգնա տուրիզմը և, զուգահեռաբար, արտագնա տուրիստական հոսքերն ուղղել այլ` "ոչ վտանգավոր" երկրներ: Իսկ ի՞նչ է հարկավոր այդ ամենին հասնելու համար: Այո՛, ընդամենը քաղաքական կամք: Այսինքն, թշնամուն չհարստացնելու բանալին քաղաքական էլիտայի ձեռքին է:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:01 Դեկտեմբեր 25, 2014

Ամենաընթերցված նյութեր