Ի՞նչ ենք ուզում Թուրքիայից

1990թ. Անկախության հռչակագիրը վերանկախացած ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն սահմանեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելը: Սակայն ցայսօր բաց են մնացել երկու առանցքային հարցեր` Ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել դրա իրագործողի` Թուրքիայի կողմից, և մեր հայրենական իշխանությունները (դեռ) չեն հստակեցրել` ի՞նչ պահանջներ ենք ներկայացնելու Թուրքիային:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: "Արդարության հաղթանակի" զգացումից ու քարոզչական խնդիրներ լուծելուց բացի, ի՞նչ է դա տալիս մեր դատին: "Կովկասյան բարոմետրի" 2012թ. համահայաստանյան հարցման տվյալները ցույց են տալիս, որ, ինչպես մեր քաղաքական և փորձագիտական շրջանակները, հասարակության մեծամասնությունը (68%) ևս համոզված է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կազդի Թուրքիայի վրա: Զուգահեռաբար, հայաստանյան հասարակական-քաղաքական և փորձագիտական շրջանակներում առավել հաճախակի ու բարձրաձայն են հնչում Թուրքիայից փոխհատուցում պահանջելու կոչերը:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագիտական խումբը փորձեց պարզել` մեր համաքաղաքացիների կարծիքով, ի՞նչ պահանջներ պետք է ներկայացնեն հայրենական իշխանությունները Թուրքիային: Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը, հարցվածների կեսից ավելին ակնկալում է բոլոր` ֆինանսական, տարածքային, գույքային և բարոյական պահանջների առաջադրում: Հատկանշական է, որ բոլոր պահանջները միասին առաջադրելն ավելի շատ կարևորում են կանայք, քան տղամարդիկ: Ավելին, դրա օգտին հանդես են գալիս տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների առնվազը կեսը, բացառությամբ 40-49 տարեկանների, որոնց հարաբերական մեծամասնությունը առաջնահերթ է համարում տարածքային պահանջը: Վերջինիս էլ, ինչպես տեսնում ենք գրաֆիկից, առաջնահերթ է համարում հարցվածների 30%-ը` մեծությամբ երկրորդն իր թվով:


Իսկ թե որքանով են հավանական համարում այդ պահանջների բավարարումը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո, մենք պարզեցինք "Կովկասյան բարոմետրի" 2012թ. հարցախույզի արդյունքներով: Դրանց համաձայն, ֆինանսական փոխհատուցումը հավանական է համարում հայաստանցիների կեսից ավելին, իսկ 32%-ն էլ դա համարում է քիչ հավանական կամ անհավանական: Հարցվածների 49%-ը հավանական է համարվում հայկական հուշարձանների վերականգնումը ճանաչումից հետո, իսկ դա անհավանական է համարում հարցվածների շուրջ 30%-ը: Ավելի քիչ են տարածքային փոխհատուցումը հավանական համարողները` 36%, մինչդեռ հարցվածների հարաբերական մեծամասնությունը (45%) չի հավատում այդ հեռանկարին:

Այսպիսով, ստացվում է, որ մեր մեծամասամբ պահանջատեր, բայց և պրագմատիկ բնակչությունը գտնում է, որ Թուրքիային պետք է առաջադրել բոլոր հնարավոր պահանջները, թեև դրանցից առավել հավանական է համարում ֆինանսական փոխհատուցումը և հայկական հուշարձանների վերականգնումը: Եվ չնայած պահանջատիրության (այդ թվում` տարածքային) իրավական հիմքերը բավական հստակեցված են, այդուհանդերձ, մեր համաքաղաքացիների հարաբերական մեծամասնությունը Թուրքիայից տարածքային պահանջների գործնական բավարարումն անիրատեսական է համարում: Այս առումով հարկ է նկատել, որ եթե ոչ մենք, ապա ուրիշ ո՞վ է այդքան լավ հասկանում Խրիմյան Հայրիկի "մեր ձեռքը թղթե շերեփ էր, իսկ հարկ է ունենալ` երկաթե" խոսքի իմաստը:

ԲԱՐՈՄԵՏԵՐ

10:17 Դեկտեմբեր 19, 2014

Ամենաընթերցված նյութեր