Վարչապետի լեգիտիմ, փոխվարչապետի դժվարին և նախարարի "տղայական" հաղթանակների մասին

Նախորդ շաբաթը սկսեցինք ծանր և խորը ցասում արտահայտող հույզերով, որոնք կապված էին ԼՂՀ ՊԲ ռազմական ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի և հուղարկավորման արարողությունների հետ: Ինչ խոսք, պատվի հարց էր մեր տղաների մարմինները թշնամու կողմից անընդհատ կրակի տակ պահվող տարածքից տարհանումը, որը փայլուն իրականացված գործողության արդյունքում, հաջողվեց ԼՂՀ ՊԲ հատուկջոկատայիններին: Բավականին հուզիչ էին վերոգրյալ արարողությունների բոլոր պահերը` մեր հերոս նահատակներին արիության մեդալներ հաձնելուց սկսած մինչև Նախագահի` զոհվածներից մեկի մորը ուղղված խոսքը. "կներես, որ չկարողացանք փրկել": Տպավորիչ էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի "Եռաբլուր" պանթեոնում արտասանած խոսքերը . "Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Հայկական բանակին ամեն անգամ թիկունքից հարվածելիս հակառակորդը դիմահար հարված է ստանալու":
Նախորդ շաբաթվա ընթացքում լրահոսում դոմինանտը, անշուշտ, խոցված ուղղաթիռի և նրա անձնակազմի անդամների մարմինների տարհանման և հուղարկավորության արարողության վերաբերյալ լուրերն էին, որոնք երկրորդել և մի տեսակ "ետին պլան" էին մղել մյուս "նյուզերը": Սակայն նեքաղաքական կյանքը հարուստ էր հետաքրքիր իրադարձություններով, դեպքերով ու զարգացումներով: Փորձագետները խիստ ունիկալ են համարում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի "Նախագահի իմփիչմենթ" նախաձեռնությունը: Շատերը խիստ ցածր համարելով այս գործընթացի հաջողությամբ պսակվելու հավանականությունը, միաժամանակ գնահատեցին Նիկոլի նախաձեռնությունը որպես ոչ իշխանական եռյակին նետված մարտահրավեր: Եվ, իրոք, եթե ոչ իշխանական եռյակը չի միանում այս գործընթացին, ապա կասկածի տակ է դնում իր իշխանափոխության կոչերի անկեղծությունը, իսկ միանալու պարագայում հարկադրված է վերանայել իր պայքարի մարտավարությունը և, գուցե նաև ընդունել Փաշինյանի կողմից առաջարկած "խաղի կանոնները": Արդեն այս շաբաթ, ոչ իշխանական եռյակը ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում իր որոշման մասին կազդարարի: Այս "ձիով քայլը" ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն արժանացրեցին շաբաթվա առաջին "պլյուսային" գնահատականին` +2.7:
Հայրենի կառավարության նիստերը մոնոտոն դասախոսություններից և լիկբեզից աստիճանաբար վերածվում են տարբեր պաշտոնյաներին ուղղված` "լավ չեք աշխատում" տիպի քննադատական ակնարկներ պարունակող և սոցիալական տարբեր խավերի, խմբերի հոգսերը, "դարդուցավը" մեղմելուն միտված դինամիկ գործողությունների: Եվ դրանցում գլխավոր դերակատարը, անշուշտ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Կառավարության հերթական նիստում տնտեսավարողների մոտ հարկային մարմինների օպերատիվ շրջայցերը տարին մեկ անգամով սահմանափակելը նույնպես վերը նշված տրամաբանության շարքից էր: Այս առումով խիստ ուշագրավ էր Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը."Պետությունը պետք է արդյունավետ միջամտի, ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերի մեջ ներքաշի մեր տնտեսվարողին: Ուստի, պետք է սահմանափակել յուրաքանչյուր օրացույցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով՝ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում, խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում վարչապետի թույլտվությամբ իրականացնելուն": Ինչ խոսք, այս նախաձեռնությունը բավականին սպասված որոշում էր մեր տնտեսավարողների համար, որոնք այլևս հարկադրված չեն լինի իրենց արտադրամասում, խանութում, ռեստորանում, կամ վարսավիրանոցում ականատես լինել հարկային տեսուչների և "օպերների" մեկից ավելի այցելությունների, դրանից բխող բոլոր հետևանքներով: Վարչապետի այս նախաձեռնությունը ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները գնահատեցին հերթական "պլյուսով". +1.6:
Եվս մեկ պաշտոնի նշանակման հետ կապված "ինտրիգ" անցյալ շաբաթ ստացավ իր հանգուցալուծումը: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ փոխվարչապեստ նշանակվեց Վաչե Գաբրիելյանը, որով վերջինս, ըստ էության, "հաղթող" ճանաչվեց այդ բարձր կարգավիճակի համար մրցապայքարում: Հատկանշական է, որ փորձագիտական շրջանակները, մամուլը շատ քիչ էր անդրադարձել Վաչե Գաբրիելյանի նշանակմանը` նրան համարելով այս պաշտոնին հավակնող առավել քիչ հնարավորություններ ունեցող գործիչներից մեկը: Ինչևէ, հայրենի կառավարությունն արդեն ունի փախվարչապետ: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն այս նշանակման "պատմության" մեջ գնահատեցին Վաչե Գաբրիելյանի մրցունակության բարձր մակարդակը` +1.0:

Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող մոտ 7000 համայնքային ծառայողների աշխատավարձների բարձրացման որոշումը բոյկոտած ԲՀԿ Երևանի ավագանու խմբակցության քայլը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց: Եվ որքան էլ, որ սույն որոշմանը դեմ քվեարկած խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը փորձում էր բացատրել իրենց քայլի իրական դրդապատճառները (սկզբնական փաստաթղթում ընդհանրապես խոսք չկար 7000 համայնքային աշխատողների կամ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողների մասին), դրանից մեծ հաշվով տիրապետող կարծիքը էական փոփոխությունների չենթարկվեց: ԲՀԿ Երևանի ավագանու խմբակցության "բոյկոտը" չհասկացվեց նաև մեր փորձագետների կողմից, որոնք այն արժանացրեցին առաջին "մինուսային" գնահատականին` -1.3:


Նախորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ԴԱՀԿ-ի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ հարցադրմանը (Մինասյանը հարցրել էր. "Սահմանադրության 101 հոդվածի հետ համապատասխան երեք սուբյեկտներ՝ ՀՀ Նախագահը, ԱԺ պատգամավորները և Կառավարությունը, կարող են դիմել ՍԴ, այս դեպքում ինչո՞ւ եք սպասում, որ պատգամավորները դիմեն Սահմանադրական դատարան և ապացուցեն ձեր օրենքի հակասահմանադրականությունը, ինչո՞ւ Դուք չեք դիմում, և եթե ձեր ներկայացրած օրենքն իսկապես սահմանադրական է, ապացուցեք սահմանադրականությունը և կասկածներ մի թողեք"), ՀՀ արդարադատության նախարարը արձագանքել է այսպես. "Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս": Նախարարի ժողովրդական "ֆոլկլյորի" ժանրի ոճին ներհատուկ պատասխանին անդրադարձել են բազմաթիվ էլեկտրոնային պարբերակններ: Թեպետ, այս պատմության առնչությամբ հետագայում պարզաբանումներ տվեց նույն ինքը` Հովհաննես Մանուկյանը, սակայն սոցցանցերում հայտնի "նյուզմեյքերներն" արդեն հասցրել էին թրոլլինգի հարթություն տեղափոխել նախարարի ասած, գուցե ոչ հենց այդպես արտասանած պատասխանը: Դե, ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն էլ շատ անողոք են. փնտրում, գտնում ու իսկույն "ռեյտինգավորում են"՝ -1.7:

Տիգրան Կարապետիչը հասկացել է, որ այլևս "քյար" չկա ժողովրդի վրա մի լավ "մուննաթ" գալուց, հիմա էլ որոշել է ոչ իշխանական ուժերի մեջ "կռիվ գցել": Հերթական ասուլիսի ժամանակ նա տառացիորեն ասել է հետևյալը. "Չնայած անձամբ ինքը` Գագիկ Ծառուկյանը, ասում է, որ բոլորս հավասար ենք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը համախմբված չէ նրա շուրջ: Ես գտնում եմ, որ դա է իրականությունը: Այսօր համաժողովրդական շարժումը, որը համախմբվել է եռյակի շուրջ, ռեալ ուժ է, և որևէ այլ մրցակից այդ ուժին ես չեմ տեսնում ո՜չ ներկայիս դրությամբ, ո՜չ էլ ապագայում": Այս կերպ Կարապետիչն անցանկալի ինտրիգներ է մտցնում առանց այն էլ ոչ այնքան միասնական օրակարգ և քայլերի ճանապարհային քարտեզ ունեցող ոչ իշխանական եռյակի մեջ: Դատելով որոշ` առայժմ ակնարկային ոճի արձագանքներից, կարելի է դատել, որ Ժողովրդական կուսակցության առաջնորդի անկեղծությունը վերապահումներով է ընդունվում մյուս ուժերի կողմից: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագտեներին նույնպես այս էքսցենտրիկ քայլը "մինուսային" ներկայացավ` -2.1:

19:37 Դեկտեմբեր 01, 2014

Ամենաընթերցված նյութեր