Ովքե՞ր են Հայաստանի "թշնամիներն" ու "բարեկամները"

Այնքան էլ վիճելի չի թվում պնդումը, թե "թշնամու" և "բարեկամի»կերպարների չափավոր առկայությունը հանրային գիտակցության մեջ ոչ միայն բնական է, այլև օգտակար: Օրինակ` թշնամու կերպարը սթափություն, զգոնություն ու զգուշություն, անգամ` մրցակցային ինքնազարգացում է "ներարկում", բարեկամինը` նպաստում երկրներիմիջև փոխշահավետ կապերի արագ զարգացմանը, երբեմն` դյուրացնում դաշնակիցներ գտնելը: Իսկ այդ կերպարների գերազանցված "չափաբաժինը" կարող է ունենալ բացասական հետևանքներ, ընդուպ մինչև կույր այլատյացություն` թշնամու կերպարի դեպքում, և չհիմնավորված ինքնազոհողություն, քաղաքական անհեռատեսություն և հարմարվողականություն` բարեկամի կերպարի դեպքում:

Ինչպես յուրաքանչյուր ազգ, մենք ևս պատմության ընթացքում ունեցել ենք բազում թշնամիներ և բարեկամներ, որոնք երբեմն տեղերով փոխվել են, մի մասն էլվերացել է աշխարհի քարտեզից: Անկախ որակումների ձևից`մենք այսօր էլունենք թշնամի-հակառակորդ և գործընկեր-բարեկամ երկրներ: Այդ մտապատկերներն առկա են ինչպես պաշտոնական մակարդակում` փաստաթղթերում և հայտարարություններում, այնպես էլ հանրային գիտակցության մեջ: Փորձենք համադրել դրանք և պարզել` որ դեպքերում և որքանով են համընկնում, տարբերվում պաշտոնական ու հանրային մոտեցումները:

Սույն ակնարկի համար մենք հիմք վերցրեցինք միայն այն հարցումները, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացուն` առաջարկված ցուցակից իր նախընտրած աստիճանակարգությամբ միաժամանակ նշել 1-ից ավելի երկրներ:Այս մեթոդի կարևորությունը և առավելությունն այն է, որ այդկերպ հարցվողը հնարավորություն է ստանում իր սեփական ընտրությամբ որոշել ՀՀ-ի առավել և պակաս վտանգավոր թշնամի-հակառակորդներին, ինչպես նաև առավել և պակաս կարևոր բարեկամ-գործընկերներին` դրանով իսկ կազմելով այդ երկրների աստիճանակարգային ցուցակ:

Ադրբեջան, Թուրքիա … ո՞ր երկիրն է մեր երրորդ թշնամին

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հիշատակվում են Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նրա և Թուրքիայի կողմից ՀՀ նկատմամբ իրականացվող շրջափակումը, դուրսմղումը տարածաշրջանային նախագծերից:

Արդյո՞ք թշնամու կերպարը նույնկերպ է արտացոլված հանրային գիտակցության մեջ: "Ինտեգրացիա և զարգացում" կազմակերպության 2013թ. տվյալներով, Ադրբեջանին թշնամի է համարել հարցվածների 77%-ը, Թուրքիային` 72%-ը:"Ինտեգրման բարոմետրի" 2013թ. տվյալներով, Ադրբեջանը կրկին առավել վտանգավոր թշնամին է (92%): Նրանայստեղէլ հաջորդում է Թուրքիան (67%):

ԲԱՐՈՄԵՏՐԸ ևս երևանցիներին խնդրեց առաջարկված ցուցակից ըստ վտանգավորության հաջորդաբար նշել երեք երկիր: Արդյունքում ստացված պատկերը նախորդներից շատ չի տարբերվում. 1-ին պատասխանով հարցվածների մոտ 68%-ը գլխավոր թշնամի համարում է Ադրբեջանին, մոտ 20%-ը` Թուրքիային (Գրաֆիկ 1): Հարկ է նշել, որ այս հարցումն անցկացվել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումից առաջ: Եվ ակնկալելի է, որ եթե այսօր անցկացվեր այդ հարցումը, Ադրբեջանին գլխավոր թշնամի համարողների թիվն էլ ավելի մեծ կլիներ:

Երևանցիների 71%-ի համոզմամբ, Հայաստանի` վտանգավորությամբ 2-րդ թշնամին Թուրքիան է (Գրաֆիկ 2):

Այսքանով, կարծես, պետք է սահմանափակվեր թշնամիների "հանրային" ցուցակը, և այն լիովին կհամընկներ պաշտոնական մոտեցման հետ: Բայց, պարզվում է, մեր համաքաղաքացիների մտապատկերում թշնամու կերպարը չի սահմանափակվում այս երկու երկրներով: Կա նաև վտանգավորությամբ 3-րդ երկիրը (Գրաֆիկ 3): Ինչպես երևում է գրաֆիկից, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են գլխավորել նաև 3-րդ պատասխանների ցուցակը: Սա այն քաղաքացիների պատասխանների արդյունքն է, որոնք վտանգավորությամբ 1-ին և 2-րդ թշնամի նշել են այլ երկիր: Հետևաբար, մեզ այստեղ հետաքրքրում են այդ երկուսին հաջորդողները: Դրանցից առավել շատ "միավորներ" հավաքածն Իսրայելն է, որին հաջորդում են մեր մյուս երկու հարևանները` Վրաստանն ու Իրանը, իսկ ցուցակը եզրափակում է ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն:

Համադրելով պաշտոնական մոտեցումն ու հանրային ընկալումները` տեսնում ենք, որ գլխավոր թշնամիների` հանրային և պաշտոնական մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են: Տարբերությունը "ոչ գլխավոր" թշնամիների ցուցակն է, որը բացակայում է պաշտոնական մոտեցման մեջ և բավական ընդգրկուն է` հանրային ընկալման մեջ: Թշնամիների "հանրային" ցուցակում են հայտնվել պաշտոնապես Հայաստանի բարեկամներ համարվող Վրաստանը, Իրանը և անգամ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ինչպես նաև առաջին հայացքից ՀՀ-ի հետ "ո՛չ ջերմ, ո՛չ սառը" հարաբերություններ ունեցող Իսրայելը: Ինչու՞ է մեր համաքաղաքացիների մի մասը նրանց համարում թշնամական` մտորելու թեմա է: Վրաստանի և Իրանի դեպքերին կանդրադառնանք մեր հաջորդ` Հայաստանի բարեկամների մասին ակնարկում: Իսկ պաշտոնապես ՀՀ-ի հետ գործընկերային հարաբերություններ չունեցող, բայց նաև թշնամի չհամարվող Իսրայելի դեպքն առանձնահատուկ է: Հավանաբար, նրան հանրային գիտակցության մեջ "թշնամական" են դարձնում այն, որ այդ երկիրը, չնայած իր ժողովրդի վերապրած Հոլոքոստին, ցայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխարենը երկար տարիներ շատ սերտ գործընկերային հարաբերություններ ուներ Թուրքիայի, իսկ այսօր` Ադրբեջանի հետ: Գուցե ՌԴ-ին ևս մեր` վտանգավորությամբ 3-րդ թշնամի են համարում Ադրբեջանի հետ ունեցած սերտ կապերի համար: Սա կփորձենք պարզել հետագայում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Նոյեմբեր 25, 2014

Ամենաընթերցված նյութեր