Ընդդիմության փնտրտուք կամ "свято место-пусто не бывает"

Ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ մեր հասարակության համար ակտուալ դառնում իրական ընդդիմության փնտրտուքի հարցը: Առաջին հայացքից այս հարցադրմանը կա միանշանակ պատասխան. "այդ կարգավիճակում իրենց դիրքավորած քաղաքական ուժերը չեն արդարացնում հանրության ստվար հատվածի սպասելիքները": Սակայն սրան զուգահեռ կարող են լինել այլ` ոչ պոպուլյար բացատրություններ: Մասնավորապես, որ մարդիկ չեն ուզում  ընդդիմություն, որպես այդպսին, կամ գուցե չեն նկատում նրա գոյությունը, հնարավոր է նաև չեն հասկանում ընդդիմության հիմնական առաքելությունը: Այս բոլոր վարկածները վերջիվերջո հանգեցնում են վերը նշված հիմնական հարցադրմանը:

Երևանում ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խմբի իրականացրած նոյեմբերյան հարցումները ցույց են տալիս, որ հարցվողների մոտ 69%-ը (տես գրաֆիկ) ոչ որևէ քաղաքական ուժի և ոչ էլ ոչ իշխանական եռյակի քաղաքական միավորներին միասին վերցրած չի տեսնում իրական ընդդիմության դերում: Նման ժխտողականությունը, մեղմ ասած, սպասելի չէր` հատկապես ոչ իշխանական եռյակի աշնանային քաղաքական սեզոնին ցուցաբերած ակտիվ ընդդիմադիր գործունեության ֆոնի վրա: Հետևաբար որտե՞ղ են թաքնված այս պատկերը ծնող հիմնական պատճառները: Առաջին հնարավոր բացատրությունն այն է, որ մարդիկ չեն վստահում ընդդիմադիր կամ ոչ իշխանական այս ֆորմատին: Իսկ չվստահելու պատճառներ, անշուշտ, կան: Մարդիկ դժվար են հասկանում, թե ինչպես է հնարավոր կարճ ժամանակահատվածում իրար հանդեպ ակնհայտ ոչ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերած քաղաքական ուժերի միավորումը: Որքան էլ որ ասեն, թե քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ և որքան էլ այս ամենը պայմանավորեն "ազգափրկիչ" առաքելությամբ, միևնույն է՝ մարդկանց մոտ վստահության խնդիր է մնում: Հաջորդ բացատրությունն այն է, որ ոչ իշխանական եռյակի երկու ուժերը, ըստ էության, պարտվեցին իրեն հիմնական քաղաքական ստուգատեսում` նախագահական ընտրություններում` ՀԱԿԿ-ն 2008-ին, իսկ Ժառանգությունը` 2013-ին և տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չեն ձախողման իրենց արդարացնող պատճառները: Սովորաբար մարդիկ չեն գնում, գուցե նաև չեն վստահում պարտված ուժերին: ԲՀԿ-ի պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ թեպետ այն պահանջում է իշխանափոխություն, բայց դեռ պաշտոնապես չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Այս առումով դժվար է ասել, թե "այլընտրանքից" "ոչ իշխանական կարգավիճակ", իսկ այնտեղից էլ ընդդիմություն անցումը որքա՞ն կտևի և առհասարակ ԲՀԿ-ն վերջիվերջո կդառնա ժամանակակից մեկնաբանությամբ "կոնտր-էլիտա", թե՞ ոչ:
Մի բան փաստ է, որ ընդդիմությունը ժողովրդավարական կառավարման գործընթացի անքակտելի մասն է, որի գործունեությամբ է նաև պայմանավորված իշխանությունների արդյունավետությունը: Փորձը ցույց է տալիս, որ այս կարգավիճակում քաղաքական ուժերը շատ արագ են քաղաքական դիվիդենտներ շահում, բայց նաև նույն տեմտերով կորցնում են դրանք` վերջնարդյուքում նաև մարգինալացվում: Առայժմ մարգինալացում ոչ իշխանական եռյակին չի սպասվում, սակայն ընդդիմության փնտրտուքը շարունակվում է, իսկ ռուսական ասույթը այս դեպքի համար դիտուկ ասում է. "свято место-пусто не бывает":


ԲԱՐՈՄԵՏՐ

10:12 Նոյեմբեր 24, 2014

Ամենաընթերցված նյութեր