Պետական կառույցները չկան-չկան, մեր հարևանների չափ է՞լ չկան

Որ պետական կառույցներիմեծ մասին և կուսակցություններին մենք ազգովի չենք վստահում, նորություն չէ. դրանով ոչ մեկին այլևս չես զարմացնի, և այդ անվստահությունն արդեն քրոնիկական բնույթ ունի: Եվ դա բացատրելի է ոչ միայն սեփական պետականության երկարամյա բացակայությամբ և փոխարենը հաստատված օտար իշխողների նկատմամբ բնական ու տրամաբանական անվստահությամբ, այլ նաև նրանով, որ անգամ այսօր մեր պետական կառույցներն իսկապես կարծես առիթ բաց չեն թողնում ժողովրդին հիասթափեցնելու համար:

Լա՜վ, իսկ եթե պետական կառույցները համեմատենք հայ ժողովրդի համար ավանդաբար ամենավստահելին հանդիսացող ընտանիքի ու հարևան-բարեկամների հետ: ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել՝ ո՞ր ինստիտուտներին ու կառույցներին են առավել վստահում երևանցիները: Եվ, ինչպես երևում է Աղյուսակից, առայժմ այդ հարցում ոչ մի նորություն չկա. ընտանեկան-բարեկամական-ընկերական միջավայրը շարունակում է վայելել մեր համաքաղաքացիների մեծ վստահությունը, իսկ պետական կառույցները, հակառակը՝ մրցակցում են ամենաանվստահելիի տեղի համար:

 

 

 

 

 

 

 

Սակայն եթե փորձում ենք ստացված արդյունքները դասակարգել երեք՝ վստահելի (3-5 բալ), մասամբ վստահելի (2-3 բալ) և անվստահելի (մինչև 2 բալ) խմբերի մեջ, բավական ուշագրավ պատկեր է ստացվում: Վստահելիների խումբը, բնականաբար, գլխավորում է ընտանիքը, որին հաջորդում են ընկերները, իսկ եռյակը եզրափակում է, այո՛, բանակը՝ պետական միակ կառույցը, որի նկատմամբ կա հանրային բացառիկ և, անկասկած, վաստակած բարձր վստահություն: Վերջինիս մենք, պարզվում է, ավելի շատ ենք վստահում, քան անգամ մեր գործընկերներին և հարևաններին:

Մասամբ վստահելիների եռյակի առաջատարը ոստիկանությունն է (փաստորեն, բարեփոխումները դրական ազդեցություն տալիս են): Նրան հաջորդում են համայնքային երկու կառույցները՝ քաղաքապետարանը և համատիրությունը:

Ցավոք, բայց և սպասելի էր, անվստահելիների խմբում են հայտնվել պետական օրենսդիր, գործադիր, դատական և հարկային մարմինները:

Տրամաբանական թվացող վարկանիշային այս պատկերը, միաժամանակ, վկայում է. որ հանրությանը ծառայելու համար ստեղծված կառույցները լեգիտիմ ընկալվելու առումով էական խնդիրներ ունեն, և դրանում մեղավոր են, առաջին հերթին, հենց այդ կառույցները, այլ ոչ թե "միջազգային հանրությունը", "համաշխարհային ճգնաժամերը" կամ ավանդական թշնամի երկիրը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:40 Մարտ 06, 2015

Ամենաընթերցված նյութեր