ԱԺ ընտրություններ 2017. Վարկանիշային քվեարկության առաջատարները (Երևան թիվ մեկ ընտրական տարածք)

Անշուշտ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում էական դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Պարզ էր՝ այն քաղաքական ուժերը, ովքեր տարածքներում առաջադրել էին ծանրքաշային թեկնածուներ, մեծ հաշվով, նաև հաղթելու իրական հնարավորություններ կամ առավելագույն ընտրաքվե ստանալու շանսեր ունեին:

Սակայն այս նյութը վարկանիշային քվեարկության առանձնահատկությունների վերաբերյալ չէ: Տվյալ վերլուծական տեղեկանքն առավելապես առնչվում է տասներեք ընտրական տարածքներումՙ իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների ընտրապայքարի որոշ կարևոր հարցերին, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանությանը:

Աղյուսակ 1. Առաջին ընտրական տարածք. Երևան. Քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային թեկնածուների տասնյակը՝ ըստ հանաքած ձայների

Սարգսյան Ռոբերտ

27 108
Պողոսյան Միհրան

19 879 
Ուլիխանյան Ղուկաս

9 543 
Մամոյան Արթուր

5 612 
Թանդիլյան Մանե

5 110
Ծառուկյան Արտյոմ

5 104 
Աղազարյան Հովիկ

2 620 
Լոքյան Սերգեյ

2 524 
Եղիկյան Ալիկ

2 388 
Կոստանդյան Գագիկ

 

 2 349

 

Այսպես՝ Երևանի թիվ մեկ ընտրատարածքն ընդգրկում էր Ավան, Նոր-Նորք և Քանաքե-Զեյթուն վարչատարածքային շրջանները: Այստեղ քաղաքական ուժերը բոլորը միասին առաջադրել էին 90 թեկնածու: Հատկանշական է, որ նրանցից միայն երկուսն էին գործող պատգամավոր. ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյան և ՀՎԿ-ից՝ Մհեր Շահգելդյան: Այս առումով թիվ 1-ը կարելի է պայմանականորեն անվանել քիչ քաղաքականացված տարածք, թեպետ այստեղ կային նաև նախկին պատգամավորներ, պաշտոնյաներ և հանրային դեմքեր: Զորօրինակ՝ Ազատ դեմոկրատներից առաջադրվել էր Ստեփան Սաֆարյանը, ՀԺԿ-Կոնգրեսից՝ Վլադիմիր Կարապետյանը, ՀՀԿ-ից՝ Միհրան Պողոսյանը և Ղուկաս Ուլիխանյանը, ՀՎԿ-ից՝ Գագիկ Կոստանդյանը, Ծառուկյան դաշինքից Մանուկ Սուքիասյանը և ուրիշներ:


Հենց սկզբից պարզ էր, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է ՀՀԿ-ական թեկնածուների միջև, որը նաև հաստատվեց քվեարկության արդյունքներով /տես. աղյուսակ 1/: Այս ընտրական տարածքում հիմնական ինտրիգներից էին՝ վերջնարդյունքում ո՞վ է հավաքելու առավելագույն թվով ձայներ և արդյոք ՀՀԿ-ն կունենա բավարար թվով ընտրաքվեներ, որը հնարավորություն կտա նրան ԱԺ գործուղել մինչև երեք տարածքային թեկնածուներ: Արդյունքում այստեղ հաղթեց Ռոբերտ Սարգսյանը, ով ավելի քան 7000 ձայնով առաջ անցավ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանից: Երրորդ տեղը զբաղեցրած Ղուկաս Ուլիխանյանը /ՀՀԿ/ հավաքեց 9500-ից ավելի ընտրաքվե, որը սակայն բավարար չեղավ ԱԺ անցնելու համար: Բավականին համեստ ցուցանիշներ արձանագրեցին քաղաքական դեմքերը. նրանցից միայն Գագիկ Կոստանդյանը զբաղեցրեց պատվավոր տասներորդ տեղը: Իսկ դաշնակցական ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի որդին Սերգեյը ութերորդն էր: Հենց այս ընտրական տարածքից պատգամավոր ընտրվեց միակ վարկանիշային կին թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը ԵԼՔ դաշինքից: Նա ավելի քան 5000 ընտրաքվեով հինգերորդն էր: Ըստ ստացած ձայների ԱԺ պատգամավոր կդառնա ևս մեկ թեկնածու Ծառուկյան դաշինքից:


Այսպիսով ամփոելով նշենք, որ Երևանի թիվ մեկ ընտրական տարածքում հաղթել է ՀՀԿ-ից առաջադրված վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես զբաղեցրել են առավելագույն ձայներ ստացած թեկնածուի համակուսակիցները, սակայն նրանցից ԱԺ կգործուղվի միայն մեկը: Հենց այս ընտրական տարածքից է ընտրվել միակ կին վարկանիշային թեկնածուն՝ ԵԼՔ դաշինքից Մանե Թանդիլյանը: Թիվ մեկից վարկանիշային քվեարկությամբ պատգամավոր կդառնա չորս թեկնածու՝ երկուսը ՀՀԿ-ից, մեկը՝ ԵԼՔ-ից, մեկը՝ Ծառուկյան դաշինքից:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:15 Ապրիլ 27, 2017

Ամենաընթերցված նյութեր