ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական ուժերի արդյունքները և մեկնարկային հնարավորությունները

Ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք աննշան տասներորդականներով տարբերվեցին նախնական արդյունքներից: Այսպիսով 6-րդ գումարման Ազգային Ժողովում կլինեն չորս խմբակցություն՝ նախորդ վեցի փոխարեն:

Բնականաբար, այս փաստերի թվարկումը չէ տվյալ նյութի առանցքը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն այս վերլուծության շրջանակներում առավելապես շեշտը դրեցին ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի մեկնարկային հնարավորությունների և վերջնարդյունքների համեմատականների վրա՝ հղում անելով նաև որոշ արժանահավատ սոցիոլոգիական հարցումների տվյալներին:
Սկզբում անդրադառնանք այն քաղաքական ուժերին, որոնք չկարողացան հաղթահարել՝ կուսակցությունների դաշիքի համար սահմանված 7 տոկոսանոց, իսկ կուսակցությունների համար՝ 5 տոկոսանոց արգելաշեմը:


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավաքեց ընտրողների 11.741 քվե, որը կազմում է մեկ տոկոսից ցածր ցուցանիշ (տես. աղյուսակ): Ընդհանրապես, դեռ նախաքարոզչության փուլում ակնհայտ էր, որ ՀԿԿ-ն չի կարող հաղթահարել 5 տոկոսի շեմը: Ճիշտ է, "կարմիր էլեկտորատը" մեր երկրում զգալիորեն գերազանցում է տաս հազարից փոքր ինչ ավել ընտրողների թիվը, սակայն բոլորովին այնպես չէ, որ առանց ակտիվ քարոզչության և հարիզմատիկ առաջնորդների, հնարավոր է կորզել այդ սեգմենտի բոլոր ձայների մեծամասնությունը: 1999թ. Սերգեյ Բադալյանի շռնդալից հաջողությունից հետո, կոմունիստների որևէ ղեկավար, ըստ էության, չկարողացավ այդ դերը ստանձնել: Բացառություն չէին նաև այս ընտրությունները:


- ՀԿԿ-ի արձանագրած վերջնարդյունքը հիմնականում համապատասխանում է մեկնարկային հնարավորություններին և անցկացրած քարոզարշավին:


Ազատ դեմոկրատները ի տարբերություն, կոմունիստների իրենց շարքերում ունեին քիչ թե շատ ազդեցիկ գործիչներ և բոլորից տարբերվող գաղափարական և ծրագրային առանձնահատկություններ: Քարոզարշավի մեկնարկն էլ բավականին խոստումնալից էր: Սակայն կենտրոնանալով միայն Երևանի վրա և մարզերին ավելի սահմանափակ ուշադրություն տրամադրելով, այս քաղաքական ուժը, բնականաբար, չէր կարող լուրջ  քաղաքական խնդիրներ լուծել: Դատելով վերջնարդյունքից ընտրողները նաև չհավատացին՝ դեպի Եվրոպա ազատ վիզայի հարցի շուտափույթ լուծմանը, և առհասարակ Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու մոտալուտ հեռանկարին: Հատկանշական է, որ այս ուժն որոշ կենտրոնների անցկացրած հարցումների տվյալներով մոտենում էր 5 տոկոսանոց արգելաշեմի հաղթահարմանը:

- Ազատ դեմոկրատների արձանագրած վերջնարդյունքը չի համապատասխանում այս ուժի մեկնարկային հնարավորություններին: Նրա ստացած քվեներն առնվազն 2-3 անգամ քիչ էին, քան իրական ներուժը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները ենթադրում են, որ Երևանում նրանց ձայների մեծ մասը, ըստ ամենայնի, անցել է ԵԼՔ դաշինքին, որը իր ավելի դինամիկ և համոզիչ քարոզարշավի շնորհիվ, կարողացավ տանել Ազատ դեմոկրատներից:

Աղյուսակ. քաղաքական ուժերի ստացած ձայների և մեկնարկային հնարավորությունների համապատասխանությունը 
Քաղաքական ուժ Ընտրողների ստացած ձայները՝ տոկոսներով Ստացած ձայների և հնարավորությունների համապատասխանություն

  

ՀՀԿ

 49.12

 

 

Ծառուկյան կուսակցությունների դաշինք

27.32 

 

ԵԼՔ կուսակցությունների դաշինք 

7.77 

 

ՀՅԴ

6.57 

 

 

ՀՎԿ 

3.71 

   

 

ՕՐՕ կուսակցությունների դաշինք

2.07 

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինք 

1.65 

 

Ազատ դեմոկրատներ 

0.94 

   

 

ՀԿԿ 

0.75 

  

 Արդյունքն ավելի բարձր էր, քան մեկնարկային հնարավորությունները

 Արդյունքն ավելի ցածր էր, քան մեկնարկային հնարավորությունները

 Արդյունքը հիմնականում համապատասխանում է մեկնարկային հնարավորություններին

 

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրով, փորձեց քարոզարաշավի մեջ աշխուժություն մտցնել և այն ավելի գաղափարական դարձնել: Սակայն փաստ էր, որ ընտրողների ճնշող մեծամասնության համար այդպես էլ անհասկանալի և, մեղմ ասած, խնդրահարույց մնացին այդ ծրագրի կյանքի կոչման մեխանիզմներն ու հնարավորությունները: Բավականաչափ համոզիչ և ազդեցիկ չեղան նաև Առաջին Նախագահի հիմնավորումներն ու փաստարկները: Արդյունքում այս քաղաքական ուժը ստացավ մոտ 26.000 ընտրողի աջակցությունը: Սոցիոլոգիական հարցումները ՀԺԿ-Կոնգրեսին տալիս 2-3 տոկոսի միջակայքում էլեկտորալ վարկանիշ:


ՕՐՕ կուսակցությունների դաշինքը ձևավորվել էր ընտրությունների հենց նախաշեմին: Թեպետ, այս դաշինքում ներգրավված էին փորձառու քաղաքական գործիչներ, գործող պատգամավորներ, առկա էր նյութական և կազմակերպական բավարար ռեսուրս, այդուհանդերձ, այդ գործոնները չապահովեցին նախանշված արդյունք: Այս քաղաքական ուժը մի կողմից փորձում էր օգտագործել արմատական ընդդիմադիր հռետորաբանություն, սակայն մյուս կողմից բավականաչափ համոզիչ չէին թվում Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի խիստ ընդդիմադիր տեքստերը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի միայն քարոզարշավի վերջնամասին մասնակցելը, մեղմ ասած, անհասկանալի ու տարակուսանք առաջացնող քայլ էր:


- Այս քաղաքական միավորի արձանագրած ցուցանիշը հիմնականում համապատասխանում է մեկնարկային հնարավորություններին: Թեպետ, ավելի դինամիկ, թիրախավորված քարոզարշավ անցկացնելու պարագայում հնարավոր էր ընտրողների 1-2 տոկոս ավել ձայներ ստանալ:

Շատ փորձագետների՝ այդ թվում նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ, անակնկալ էր Հայկական վերածնունդ կուսակցության ձախողումը: Եթե ՕՐՕ-ն տառացիորեն ընտրությունների նախաշեմին ստեղծված կուսակցությունների դաշինք էր և ինչ-որ տեղ նրա սայթաքումը ակնկալվում էր, ապա ՀՎԿ-ի պարագայում կար որոշակի վստահություն, որ նախկին օեկականները, այնուամենայյնիվ, իրենց տեղը կունենան նաև 6-րդ գումարման ԱԺ-ում: Նման կանխատեսման համար ծանրակշիռ հիմք էին նաև մի քանի ամիս առաջ ՀՎԿ-ի արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքների ավագանու ընտրություններում. և Գյումրիում և Վանաձորում կուսակցությունը, ըստ էության, երրորդ մեծությամբ խմբակցությունն ունի: Ինչ խոսք, դեռ կգնահատվեն ՀՎԿ-ի ձախողման պատճառները: Բայց մեր փորձագետները մեկ ընդհանուր գործոն, այդուհանդերձ, հատուկ ընդգծում են: Դա, պատկերավոր ասած, ռեբրենդի էությունը խեղաթյուրելն է: Հարցն այն է, որ ռեբրենդինգը պետք է ամբողջական արվի: Այս դեպքում չի լինում այնպես, որ փոխվում ֆասադը, ձևը, իսկ բովանդակությունը մնում է նույնը: Ասվածի լավագույն վկայությունն այն է, որ քաղաքական թիմը կամ հիմնական որոշումներ կայացնող կորիզը ՕԵԿ-ի ռեբրենդինգի արդյունքում, չգիտես ինչու, մնաց նույնը և դա այն դեպքում, երբ կուսակցության խոսնակները հայտարարում էին, որ իրենց են միացել ավելի քան տաս քաղաքական կուսակցություն և հեռանկարային գործիչներ: Սրան զուգահեռ հարկ է նշել, որ բավականաչափ տպավորիչ չէր նաև ՀՎԿ-ի քարոզարշավը:


- Կուսակցության արձանագրած վերջնարդյունքն իրականում ցածր էր ՀՎԿ-ի հնարավորություններից: Սոցիոլոգիական հարցումները վկայում էին, որ այս քաղաքական ուժը սահմանային 4-5 տոկոսի շրջանակներում էր և կարող էր հաղթահարել ընտրական շեմը:

ԱԺ անցած քաղաքական ուժերից ՀՅԴ-ի արձանագրած ցուցանիշն առավելագույն չափով համապատասխանում է նրա հնարավորություններին: Կայուն ընտրազանգված ունեցող ավանդական կուսակցությունը, կարելի է ասել, հանձնեց քննությունը:

Շատ փորձագետների կարծիքով ԵԼՔ կուսակցությունների դաշինքն առավել դինամիկ, նորարական տեխնոլոգիաներով և քաղաքական նոու-հաուներով համեմված քարոզարշավ անցկացրեց: Շատ լավ էր մշակված նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը: Երևանում և մի քանի մարզերում ԵԼՔ-ն առաջադրել էր մրցունակ տարածքային թեկնածուներ: Այս քաղաքական միավորը, ըստ էության, տարավ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մեծամասնությունը և ստացավ նաև այսպես կոչված "փիառային" բոնուսը:


- ԵԼՔ-ն, ըստ ամենայնի, կարող էր ավելի բարձր ցուցանիշ արձանագրեր, եթե հնարավոր լիներ պահպանել Երևանի դինամիկան: Մասնավորապես 7, 8, 12, 13 ընտրատարածքներում արձանագրած համեստ ցուցանիշները թույլ չտվեցին նրան ընդլայնել իր ընտրողների թիվը և առնվազն 2-3-ով ավելացնելու պատգամավորների կազմը:

Ծառուկյան կուսակցությունների դաշինքը հավաքեց ընտրողների ավելի քան 27 տոկոս ձայները: Հատկանշական է, որ նախընտրական շրջանում սոցիոլոգիական հետազոտություններ անցկացրած գրեթե բոլոր ընկերությունները բավականին բարձր էին գնահատում այս քաղաքական ուժի շանսերը: Որոշ տվյալների համաձայն Ծառուկյան դաշինքը անգամ հաղթում էր ՀՀԿ-ին: Բայց ընտրությունների արդյունքում նրանց միջև տարբերությունն ավելի քան 20 տոկոս կազմեց՝ ՀՀԿ-ի օգտին: Ակնհայտ է, որ դաշիքին ապահոված ձայների ճնշող մեծամասնությունը, ուղղակի նրա առաջնորդի վստահության քվեի արտահայտությունն էր:


- Ծառուկյան դաշինքն, անշուշտ, կարող էր մինչև 30 տոկոսի ակնկալիքներ ունենալ, եթե որոշ ընտրատարածքներում ռեյտինգային թեկնածուներն ավելի լավ ցուցանիշներ ապահովեին: Հատկապես Երևանում դաշինքի արձանագրած ցուցանիշները, ընդհանուր առմամբ, բարձր չէին:

ՀՀԿ-ի հաղթանակին, անշուշտ, նպաստեց քարոզարշավի ընթացքում կուսակցության հարվածային ուժի՝ Կարեն Կարապետյան վստահության բարձր վարկանիշը: Մեծ հաշվով, որոշիչ դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Բացառությամբ մեկ ընտրատարածքի, մյուսներում հաղթել են բացառապես իշխող կուսակցության վարկանիշային թեկնածուները: Հատկանշական է, որ բազմաթիվ ընտրատարածքներում ՀՀԿ-ի անգամ երկրորդ տեղում հայտնված թեկնածուն իր ստացած ձայներով գերազանցել, իսկ որոշ ընտրատարածքներում նույնիսկ երրորդ տեղում հայտնվածն է առաջ անցել մյուս քաղաքական ուժերի առաջին արդյունքն ապահոված թեկնածուներից: Այդ ընտրատարածքներն են՝ թիվ 8 Գեղարքունիք, թիվ 9 Լոռի և Երևանի թիվ 1-ն ու 2-ը:
Իրականում ՀՀԿ-ն ավելի բարձր ցուցանիշ արձանագրեց, քան տարբեր հետազոտական ընկերություններ իրենց անցկացրած հարցումներով նրան տալիս էին: Հատկանշական է, որ էքզիտ-փոլով ՀՀԿ-ն մոտ 3 տոկոս ցածր արդյունք էր ստացել:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:14 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր