Օլիգարխ Ձմեռ պապեր. ո՞վ է առավել համակրելի

Կասկածից վեր է, որ շատերի ամանորյա գեղեցիկ հուշերը կամ սպասումներն ամենից առաջ կապված են Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ: Եվ սա պատահական չէ, քանի որ բարություն մարմնավորող ամանորյա այս հերոսներն իրենց բերած նվերներով առավել լուսավոր ու հեքիաթային են դարձնում երեխաների կյանքը, իսկ մեծահասակներին էլ հնարավորություն են ընձեռում հաճելի պահեր պարգևելու իրենց բալիկներին:

Իհարկե, հեռավոր Լապլանդիայից եկած Ձմեռ պապիկների առատությամբ Հայաստանն աչքի չի ընկնում, սակայն հարուստ է օլիգարխ "Ձմեռ պապիկներով", ովքեր "իսկական" Ձմեռ պապիկի պես նվերներ են բաժանում, "բարի" գործեր կատարում, բայց հաճախ այն տարբերությամբ, որ իրենց բարությունը չի սահմանափակվում սոսկ ձմռան եղանակով և իրենց հոգու հարստության շնորհիվ ողջ տարվա ընթացքում են իրականացնում Ձմեռ պապիկի գործառույթները: Այսինքն՝ ի տարբերություն Լապլանդիայից եկած Ձմեռ պապի, մեր օլիգարխ Ձմեռ պապիկները նաև Աշուն, Ամառ, Գարուն պապիկներ են:

Վերոգրյալի համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐԸ մի հետաքրքիր հետազոտություն է իրականացրել՝ նպատակ ունենալով պարզել, թե երևանցիների կարծիքով հայաստանյան/հայ օլիգարխներից ո՞վ կլիներ առավել համակրելի Ձմեռ պապ: Շատերի համար հարցման արդյունքները (տես գրաֆիկ) գուցե տարօրինակ լինեն, բայց փաստը մնում է փաստ: Հարցմանը մասնակցած երևանցիների կողմից (կոնկրետ օլիգարխի անուն նշած) առավել համակրելի Ձմեռ պապի տիտղոսին արժանացել է Գագիկ Ծառուկյանը (55.5%), ում "տեղակալի" հաստիքը բաժին է ընկել Սամվել Ալեքսանյանին (14.8%): Առավել համակրելի օլիգարխ-Ձմեռ պապիկների երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արա Աբրահամյանը (7.9%):

Այն, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր մեծ հաջողություն ունենալ՝ հասկանալի է: Բանն այն է, որ դրականորեն տրամադրող արտաքինով և տարիներ շարունակ PR-վող բարեգործություններով աչքի ընկնող Ծառուկյանը շատերի համար իսկապես կարող էր ասոցացվել առատաձեռն Ձմեռ պապի հետ: Ասվածը բացառություն չէ նաև Սամվել Ալեքսանյանի պարագայում, ով շատերի համար լապլանդ Ձմեռ պապից էլ բարի ու կամեցող Ձմեռ պապ է՝ գուցեև համակրելի արտաքինով: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով վերջերս հայտարարեց Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու իր մտադրության մասին:

Գուցե Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանն այնքան էլ սեր չունեն PR-ի հետ կամ գուցե ավելի լավ են հասկանում բարեգործության խորհուրդը, սակայն երևանցիների կարծիքն այնպիսին է, ինչպիսին որ կա:

Շնորհավորելով մեր համակրելի օլիգարխ-Ձմեռ պապիկներին՝ կցանկանայինք, որ իրենց հետագա գործունեության ընթացքում "ներկա" կարգավիճակից աստիճանաբար անցում կատարեին "իսկական", անզուգական, ամենաբարի ու նվիրյալ Ձմեռ Պապիկների կարգավիճակին:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:00 Դեկտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր